Առողջապահության նախարարության օտարերկրյա դրամաշնորհները

07.10.2015 | 15:09 | Հայաստանի արտերկրյա գրանտները, Արտաքին քաղաքականություն

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» շարունակում է ուսումնասիրել պետական մարմինների ստացած օտարերկրյա դրամաշնորհները: Այսպիսով. հետազոտության արդյունքում պարզվել է, որ ՀՀ Առողջապահության նախարարությունը (ՀՀ ԱՆ) վերջին տասը տարիների ընթացքում ստացել է 5,9 մլն ԱՄՆ դոլարի օտարերկրյա դրամաշնորհ ԱՄՆ Միջազգային զարգացման գրասենյակի և Համաշխարհային բանկի կողմից, իսկ  2009-2014թթ.-ի ընթացքում անհատույց ստացված գույքը, գումարային տեսքով, կազմել է 51 մլն ԱՄՆ դոլար:

Ստացած գրանտները

ՀՀ ԱՆ կողմից 2012-2014թթ.-ին իրականացվել է ԱՄՆ ՄԶԳ (USAID) կողմից ֆինանսավորվող «Աջակցություն շտապ բուժօգնության ծառայություններին» դրամաշնորհային ծրագիրը՝ 495,240 ԱՄՆ դոլարի չափով:

Այդ նախարարության «ԱԾԻԳ» պետական հիմնարկի կողմից իրականացված՝ Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող, ծրագրերից է՝ թռչնագրիպին նախապատրաստվածության դրամաշնորհային ծրագիրը: Այն իրականացվել է  2007-2010թթ.-ին՝ 1,413,000 ԱՄՆ դոլար գումարով:

Առողջապահական համակարգի արդիականացման համար ԱՆ-ն Համաշխարհային բանկից ստացել է 1,308,970 ԱՄՆ դոլար դրամաշնորհ: Ծրագիրն իրականացվել է  2004-2010թթ.-ին:

Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ծրագրի շրջանակներում առողջապահության կատարողականի վրա հիմնված ֆինանսավորման ծրագրի նախապատրաստման համար Առողջապահության նախարարությունը ԱՄՆ-ից 2012թ.-ին ստացել է 400,000 ԱՄՆ դոլար:

2014թ.-ն հիվանդությունների կանխարգելման և վերահսկման դրամաշնորհային ծրագիրի շրջանակներում Առողջապահության նախարարությունը Համաշխարհային բանկից ստացել է 1,8 մլն ԱՄՆ դոլար:

ԱՄՆ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման կենտրոնի կողմից ֆինանսավորվող «Սեզոնային գրիպի համաճարակաբանական ցանցի հիմնում և արձագանքում» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում 2013թ.-2014թ.-ին ՀՀ ԱՆ-ին է հատկացվել ևս 528,000 ԱՄՆ դոլար դրամաշնորհ:

Այսպիսով, Առողջապահության նախարարությանը հատկացված դրամաշնորհների շուրջ 92 տոկոսը բաժին է ընկնում Համաշխարհային բանկին: Դրամաշնորհների մնացած 8 տոկոս ԱՆ-ն ստացել է ԱՄՆ ՄԶԳ (USAID) կողմից:

Ստացած գույքը

Ամենաշատ գույքային օգնություն Առողջապահության նախարարությունը հատկացրել է ԱՄՆ-ն: 2009-2014թթ.-ի ընթացքում այդ օգնության չափը գումարային եղել է 26,7 միլիոն ԱՄՆ դոլար: Երկրորդ տեղում Շվեցարիան է, որի աջակցությունը գնահատվում է 19,6 միլիոն դոլար:graf arm

2009-2014թթ.-ին Առողջապահության նախարարությունը անհատույց գույք է ստացել նաև Չինաստանից՝ 3,6 միլիոն դոլար, Կանադայից մոտ 464 հազար դոլար, Դանիայից՝ 452 հազար դոլար: Չինաստանից եկած օգնությունը հիմնականում արտահայտվել է «Ֆորդ» մակնիշի շտապօգնության մեքենաների տեսքով:

ԱՆ-ին շատ փոքր գույքային աջակցություն է ցուցաբերել նաև Ռուսաստանի Դաշնությունը՝ մոտ 6 հազար դոլարի գույք: Նմանօրինակ փոքր օգնություններ են հատկացվել նաև Ֆրանսիայի և Անգլիայի կողմից: Գույքային աջակցությունը այդ երկրներից կազմել է համապատասխանաբար 5144 և 4985 ԱՄՆ դոլար:

Տաթևիկ Վարդանյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում»


Կարդացեք նաև