«Խաղողային հայկական դրաման»՝ վրաց-մոլդովական հաջողության ֆոնին

09.10.2015 | 13:38 | Եվրասիական միություն

Հայաստանում վերջին օրերին խաղողային դրամա է զարգանում: Խաղողագործները պտղաբեր բերքի տարով ուրախանալու փոխարեն ցույցեր են անում, ճանապարհներ են փակում և անգամ իրենց օրվա հացի միակ աղբյուր հանդիսացող խաղողը ստիպված թափում են:

Այս տարվա առաջին 8 ամիսներին դեպի Ռուսաստան մեր ալկոհոլային խմիչքների արտահանումը կրճատվել է մոտ 70%-ով։ Իսկ այս սեզոնին հավաքված 245  հազար տոննա խաղողից մթերվել է միայն 180 հազարը: 5700 տոննան արտահանվել, իսկ մոտ 60 հազար տոննան մնացել է «օդում», կամ արդեն թափվել է:

Ուսումնասիրելով վրացի և մոլդովացի գինեգործների հաջողությունները, փորձենք հասկանալ, թե ինչու՞ ենք Հայաստանում լուրջ խնդրի առջև կանգնել:

Վրաստանը

Ռուսաստան ալկոհոլային խմիչքներ այս տարի ավելի քիչ է արտահանել նաև Վրաստանը, բայց այս երկիրը շարունակում է մեծացնել իր արտահանումը ԵՄ երկրներ։Այս տարվա առաջին 7 ամիսներին վրացական գինիների արտահանման ամենամեծ աճը գրանցվել է դեպի Լեհաստան, Գերմանիա և Լատվիա՝ համապատասխանաբար 23, 22 ու 18 տոկոսներով։ Վրաստանը, ընդհանրապես, ստորագրելով ԵՄ հետ ասոցացման համաձայնագիրը, վարեց այն աստիճան ճկուն քաղաքականություն, որ ոչ միայն ամբողջությամբ բացեց իր համար ԵՄ շուկան, այլև հասավ նրան, որ Ռուսաստանը հանեց վրացական գինիների ներմուծման արգելքն ու անցած տարի ավելացրեց դրանց ներմուծումը մոտ 2 անգամ:

Մոլդովան

Դրամատիկ պատմություն ունեն նաև մոլդովական գինիները։ Դրանց ներմուծմումը 2013-ի վերջին Ռուսաստանը արգելեց, որից հետո ԵՄ-ն ամբողջությամբ բացեց իր շուկան այդ գինիների համար։ Արդյունքում մի քանի ամիս անց դրանց արտահանումը Իտալիա, Գերմանիա ու Ռումինիա աճեց համապատասխանաբար 57.3, 57.3 և 9.5 տոկոսով։ 2014-ին մոլդովական գինիների արտահանման աճը դեպի ԵՄ երկրներ կազմեց 14%:  Այս տարվա սկզբին Ռուսաստանը հանեց մոլդովական գինիների նկատմամբ արգելքը, որի արդյունքում դրանց արտահանումը դեպի Ռուսաստան ևս աճեց՝ 28.6%-ով։ Այնուամենայնիվ, Ասոցացման համաձայնագրի ստորագրումից հետո, Մոլդովան գերազանցապես կենտրոնացած է ԵՄ շուկաների վրա։ 2014-ին Մոլդովան ավելացրել է իր ընդհանուր արտահանումը դեպի ԵՄ երկրներ 20%-ով, ընդ որում՝ գյուղատնտեսական մթերքների արտահանման աճը ԵՄ երկրներ կազմել է 30%:

Հայաստանը

Սակայն Հայաստանը չստորագրեց Ասոացման համաձայնագիրը, այլ անդամագրվեց ԵՏՄ-ին և մեր գինիների արտահանումը չուղղվեց դեպի Եվրոպա: Իսկ Ռուսաստանի տնտեսությունն ու ազգային արժույթը կտրուկ անկում ապահովեցին, ինչի արդյունքում հայկական գինիների արտահանումն հիմնական այդ ուղղությամբ պակասեց 70 տոկոսով:

Որպես հետևանք, խաղող մթերող գինու գործարանները չեն կարողանում սպառել իրենց ապրանքը, որ նոր խաղող գնեն ու մթերեն: Իսկ տասնյակ հազարավոր տոննաներով խաղողը պարզապես թափվում է:

Սա այն առաջին մեծ հետևանքն է, որ Հայաստանի գյուղատնտեսությունը զգաց Եվրոասոցացումից հրաժարվելու և ԵՏՄ-ին մեր երկրի անդամակցելու արդյունքում:

 

Հրայր Մանուկյան
«Իրազեկ
քաղաքացիների միավորում»


Կարդացեք նաև