Բնապահպանության նախարարության օտարերկրյա դրամաշնորհները

15.10.2015 | 12:24 | Հայաստանի արտերկրյա գրանտները

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» շարունակում է ներկայացնել ՀՀ պետական մարմինների ստացած օտարերկրյա դրամաշնորհների մասին նյութերի շարքը: Այս անգամ կանդրադառնանք ՀՀ բնապահպանության նախարարության ստացած դրամաշնորհներին:

Բնապահպանության նախարարությունը 2006-2015թթ. ընթացքում դրամաշնորհներ է ստացել Եվրոպական միության տարբեր երկրներից և կառույցներից, Գլոբալ էկոլոգիական հիմնադրամից, ՄԱԿ-ից, Կովկասի բնության հիմնադրամից և այլ դոնոր կազմակերպություններից: Վերջին տասը տարում ՀՀ ԲՆ-ն ստացել է շուրջ 81,3 միլիոն ԱՄՆ դոլար դրամաշնորհ:

Գլոբալ էկոլոգիական հիմնադրամից և ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի շրջանակներում ստացվել է մոտ 15,9 միլիոն դոլար դրամաշնորհ: Այդ գումարով կատարված ծրագրերից են. «ՀՀ-ում օզոնային շերտը քայքայող նյութերի փոխարինման և սառնարանային տեխնիկայի կառավարման ծրագիր», «Հայաստան. քաղաքային ջեռուցման և տաք ջրամատակարարման էներգիաարդյունավետության բարձրացում», «Շենքերի էներգետիկ արդյունավետության բարձրացում» և «Քաղաքային կանաչ լուսավորություն»: Այս ծրագրերի համար հատկացվել է համապատասխանաբար 1,9 միլիոն, 2,9 միլիոն, 1,2 միլիոն և 1,7 միլիոն ԱՄՆ դոլար: Ստացված դրամաշնորհներով իրականացվել են մի շարք այլ ծրագրեր:

bnapah

Եվրոպական միության տարբեր կառույցներից վերջին տասը տարում ստացվել է շուրջ 26,8 միլիոն դոլար դրամաշնորհ: Նշանակալից՝ 2,3 միլիոն դոլար, գումար է տրամադրվել ԵՄ/ԿՏԲԿ –ի կողմից «Հարավային Կովկասում հողերի դեգրադացիայի մեղմացման և աղքատության դեմ պայքարի համար հողային ռեսուրսների կայուն կառավարում» ծրագրի շրջանակներում 2009-2012 թթ.: 2008-2010թթ. ԵՄ/ՏԱՍԻՍ-ի կողմից տրամադրվել է 7,1 միլիոն դոլար «Արևմտյան ԱԵԿԿԱ երկրներում ջրերի կառավարման» ծրագիրն իրականացնելու համար: 2011-2014թթ. «Օդի որակի կառավարում – Եվրոպական հարևանության և համագործակցության արևելյան երկրներ» ծրագրի շրջանակներում ԵՄ/ԵՀԳԳ ներքո տրամադրվել է 9,9 միլիոն դոլար դրամաշնորհ:

Գերմանական կառույցներից ՀՀ ԲՆ-ն ստացել է 18,4 միլիոն ԱՄՆ դոլար դրամաշնորհ: Մասնավորապես՝ 3,1 միլիոն 2007-2011թթ. «Հայաստանի Ջավախքի սարահարթում պահպանվող տարածքի ստեղծում» ծրագրի համար և շուրջ 9,3 միլիոն 2008-2011թթ. «Աջակցություն Հարավային Կովկասում բնական ռեսուրսների կայուն կառավարման ոլորտում» ծրագրի համար:

Եվս 13,7 միլիոն դոլար ԲՆ-ն ստացել է ՄԱԿ-ի զարգացման ծրարգրերից (UNDP): Կովկասի բնության հիմնադրամից ԲՆ-ն ստացել է 1,8 միլիոն դոլար դրամաշնորհ: Այլ միջազգային կառույցներից ընդհանուր առմամբ ստացվել է 4,5 միլիոն դոլար դրամաշնորհ:

Նկատենք, որ Ռուսաստանի Դաշնությունից Բնապահպանության նախարարությունը ևս դրամաշնորներ վերջին տարիների ընթացքում չի ստացել: Եթե պաշտպանության ոլորտից խոսելիս հաճախ նշվում է, թե օգնություն իրականում կա, սակայն այն փաստաթղթին չի հանձվում, ուստի հնարավոր չէ իմանալ, թե ինչ չափերի է այն հասնում, ապա բնապահպանության ոլորտում դժվար թե հնարավոր լինի նման պնդումներ անել:

Տաթևիկ Վարդանյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում»


Կարդացեք նաև