Միջազգային արձագանքը Ադրբեջանի ընտրություններին

Նոյեմբերի մեկին Ադրբեջանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում գրանցվել է իշխող «Երիտասարդ Ադրբեջան» (Ենի Ազերբայջան) կուսակցության հաղթանակը: Ըստ Ադրբեջանի իշխանությունների ներկայացրած նախնական պաշտոնական տվյալների՝ ընտրություններին մասնակցել է 2,89 միլիոն մարդ՝ ընդհանուր ընտրազանգվածի 55,7 տոկոսը:

Անընտրելի ընտրությունը

Չնայած մասնակցող կուսակցությունների քանակին՝ իշխող «Երիտասարդ Ադրբեջանի» համար, փաստացի, խորհրդարանական ընտրություններն անցել են առանց մրցակցության: Երկրի հիմնական ընդդիմադիր դաշինքը՝ «Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը», բոյկոտել է ընտրությունները: Ընդդիմադիր դաշինքը, մասնավորապես, իր տարածած հաղորդագրության մեջ նշել է, որ Ադրբեջանում պահպանված չէ ազատ եւ  արդար ընտրություններ անցկացնելու համար անհրաժեշտ պայմանների նույնիսկ կեսը, ուստի «Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը» հրաժարվում է մասնակցել ընտրությունների իմիտացիային եւ այդպիսով՝ լեգիտիմություն հաղորդել դրանց: Ընդդիմադիրները, մասնավորապես, մատնանշում են մարդու իրավունքների պահպանման ոլորտում առկա բացերը եւ  թվով 35 քաղբանտարկյալների առկայությունը: Ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցությունը, իր հերթին, առաջարկել էր իշխանություններին հետաձգել ընտրությունները չորս ամսով, այդ ընթացքում ազատել քաղբանտարկյալներին, ստեղծել անհրաժեշտ ժողովրդավարական պայմաններ եւ նոր անցկացնել ընտրություններ:

Ադրբեջանում իշխանությունը մեծամասամբ կենտրոնացված է նախագահի ձեռքում, իսկ օրենսդիր մարմինը չունի առաջնային նշանակություն երկրի կառավարման գործում: 2003 թվականից Ադրբեջանի իշխանությունը իր հորից «ժառանգած» Իլհամ Ալիեւը եւ նրա քաղաքական թիմը՝ ի դեմս «Երիտասարդ Ադրբեջան» կուսակցության, փաստացի տիրապետում են երկրի բոլոր ռեսուրսներին, այդ թվում՝ իրավական, ուժային եւ մեդիա ոլորտներում: Նման պայմաններում խիստ սահմանափակված են ընդդիմության գործողությունները եւ ընդդիմության՝ հասարակության հետ կապվելու հնարավորությունները: Ադրբեջանում իշխող համակարգի «բացարձակության» մասին կարող է վկայել թեկուզ Իլհամ Ալիեւի կնոջ՝ Մեհրիբան Ալիեւայի հավաքած ձայների թիվը… Ալիեւան իր ընտրատարածքում հավաքել է ընտրողների 96 տոկոսի ձայները:

Եվրոպան ուԱՄՆ-ն

ԵԱՀԿ ժողովրդավարական ինստիտուտների եւ մարդու իրավունքների գրասենյակը (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ), որն ամենահեղինակավորն է ԵԱՀԿ անդամ երկրներում անցկացվող ընտրությունների դիտարկման հարցում, հրաժարվել էր դիտորդական առաքելություն իրականացնել Ադրբեջանում: Գրասենյակի տնօրեն Մայքլ Լինքը հայտնել էր Ադրբեջանի իշխանությունների՝ դիտորդական առաքելությունների նկատմամբ կիրառած սահմանափակումների պատճառով իրենք չեղյալ են հայտարարելու իրենց առաքելությունը այն դեպքում, երբ դրանից առաջ գրասենյակը պատրաստվում էր շուրջ 380 դիրտորդների ուղարկել Ադրբեջան:

Նոյեմբերի մեկին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելություն չի ներկայացրել նաեւ Բաքվում ԱՄՆ դեսպանատունը: Ավելի ուշ՝ ընտրությունների հաջորդ օրը, ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Մարի Հարֆը հայտնել է, որ իրենց արձանագրմամբ՝ Միլի Մեջլիսի ընտրությունները չեն համապատասխանել միջազգային չափանիշներին:

Ընտրությունների նկատմամբ նաև խիստ բացասական արձագանք են տվել թե իրավապաշտպան կազմերպություններ Amnesty Inernational-ն ու Human Rights Watch-ը և թե միջազգային մամուլը (օրինակ բրիտանական BBC-ն, կամ գերմանական Deuche Welle-ն):

Ռուսաստանը

Սրան ի հակառակ՝ բոլորովին այլ պատկեր է «ոչ արեւմտյան» դիտորդների զեկույցներում: Այսպես՝ Ադրբեջանում տեղի ունեցած ընտրությունները բաց եւ մրցակցային է անվանել ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար Սերգեյ Լեբեդեւը: Ընտրությունները դրական է գնահատել Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության դիտորդական առաքելությունը: Ի հեճուկս եվրոպական հիմնական դիտորդական առաքելությունների բոյկոտի՝ Ռուսաստանի Դաշնության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Չուրովը հայտնել է, որ Ադրբեջանում ընտրություններն անցկացվել են լավ, համաձայն նորմերի՝ թափանցիկ եւ ժողովրդավարական: Նաեւ՝ Չուրովը նշել է, որ ԵԱՀԿ դիտորդների բացակայությունը չի ազդել ընտրությունների արդյունքների վրա:

Ու քանի որ այս ընտրությունները որեւէ տեսանկյունից չեն կարող ժողովրդավար համարվել՝ առավել քան մտահոգիչ է դառնում Ռուսաստանի արձագանքը: Նման ընտրությունները ժողովրդավար ու թափանցիկ գնահատելն ուղղակի քմծիծաղ է առաջացնում, իսկ ավելի ճիշտ՝ վկայում է շահերն իրականության հետ փոխանակելու հերթական «գործարքի» մասին: Եթե Ադրբեջանին վաճառվող զինատեսակները Ռուսաստանը կարողանում է բացատրել «բիզնես եւ ոչ ավելին» բանաձեւով, ապա սա արդեն ավելին է բիզնեսից:

Հ.Գ. Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ Արեւմուտքի վերջին նկատողություններն ու պատժամիջոցների սպառնալիքները Բաքվում զայրույթ հարուցեցին եւ ստիպեցին էլ ավելի բարյացակամ հարաբերություններ կառուցել Մոսկվայի հետ: Իսկ վերջինս, կարծես, միայն ուրախ է օգտվել այդ իրավիճակից եւ տարածաշրջանում իր դիրքերն ամրապնդելու համար հաճոյանալ Ադրբեջանին, ինչը, իհարկե, չի կարող ազդեցություն չունենալ Հայաստանի վրա:


Վահե Ղուկասյան,
«Իրազեկ քաղաքացիերի միավորում»

Առնչվող