Նոր սահմանադրության նախագիծն ու անմիջական ժողովրդավարությունը (անիմացիոն տեսանյութ)

04.11.2015 | 17:29 | Ընտրություններ, Տեսանյութեր

 

 

Առաջիկայում Հայաստանում սպասվում է Սահմանադրական փոփոխությունների հանրաքվե, որն իշխանությունների կողմից պատճառաբանվում է «ժողովրդավարության խորացմամբ և ամրապնդմամբ»:

Եկեք տեսնենք, թե որքանո՞վ են նոր սահմանադրության նախագծով ավելանում կամ պակասում քաղաքացիների կողմից պետության կառավարման անմիջական լծակները:

  1. Գործող սահմանադրությամբ ընտրական իրավունք ունեցող քաղաքացին կարող է մասնակցել 5, իսկ Երևանի բնակիչների դեպքում` 4 ընտրությունների՝ Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի համամասնական, Ազգային ժողովի մեծամասնական, համայնքի ղեկավարի և համայնքի ավագանու անդամների: Սակայն նոր սահմանադրության նախագծով քաղաքացիները մասնակցելու են միայն 2 ընտրության` Ազգային ժողովի համամասնական և համայնքի ավագանու:
  2. Այսինքն, Հայաստանի քաղաքացիները այլևս չեն ընտրելու երկրի նախագահին, փոխարենը դա անելու է Ազգային ժողովը՝ այն էլ միանգամից 7 տարի ժամկետով: Բացի այդ, նոր սահմանադրության նախագծի համաձայն քաղաքապետերի և գյուղապետերի ընտրությունները ևս կարող է օտարվել բնակիչներից` վերապահվելով միայն ավագանուն:
  3. Նախագծով, սահմանվում է, որ Ազգային ժողովում այլևս չեն լինելու մեծամասնական պատգամավորներ: Սա նշանակում է, որ այլևս չեն լինի կոնկրետ ընտրատարածքներ ներկայացնող պատգամավորներ, ովքեր առավել հաշվետու են հենց այդ տարածքի ընտրողներին:
  4. Առաջարկվող սահմանադրության նախագծով սահմանված է, որ գյուղերի և քաղաքների բնակիչները կարող են տեղական հանրաքվե նախաձեռնել, սակայն այն նախ պետք է արժանանա ավագանու թույտվությանը: Եվ հարկ է նկատել, որ տեղական հանրաքվեի իրավունքը արդեն 13 տարի է, ինչ առկա է Հայաստանում, սակայն որևէ համայնքում առ այսօր համայնքի բնակիչների նախաձեռնությամբ տեղական հանրաքվե չի անցկացվել:
  5. Ի տարբերություն գործող սահմանադրության` նախագծով առաջին անգամ սահմանվում է քաղաքացիական օրենսդրական նախաձեռնության ինստիտուտը: Դրանով ենթադրվում է, որ 50 հազար քաղաքացու ստորագրությամբ ցանկացած օրենք կարող է մտնել ազգային ժողով ու քննարկվել… Սակայն 50 հազար ստորագրություն հավաքելու փոխարեն, թե՛ գործող և թե՛ նոր սահմանադրության նախագծով, շատ ավելի հեշտ է դա անել ընդամենը մի պատգամավորի ստորագրությամբ:
  6. Ու թեև Ազգային ժողովի կողմից ժողովրդի առաջարկած օրինագիծը չընդունվելու դեպքում այն կարող է դրվել հանրաքվեի, սակայն դրա համար անհրաժեշտ է լինելու 60 օրում 350 հազար քաղաքացու ստորագրություն հավաքել և ստանալ Սահմանադրական դատարանի համաձայնությունը: Ընդ որում, խիստ սահմանափակ է այն հարցերի շրջանակը, որոնք այդ ճանապարհով կարող են հանվել հանրաքվեի:
  7. Եթե 1995 թվականից ի վեր Հայաստանի սահմանադրության, կամ դրա մի մասը կարող էր ընդունվել ու փոփոխվել միմիայն համաժողովրդական հանրաքվեի միջոցով, ապա առաջարկվող նոր սահմանադրությամբ դրա մեծ մասը կարող է փոխվել Ազգային ժողովի կողմից` առանց հանրաքվե անցկացնելու:
  8. Եվ եթե Գործող սահմանադրությամբ քաղաքացիներն ունեն անմիջականորեն ընտրված իրենց ներկայացուցիչների միջոցով պետության կառավարմանը մասնակցելու իրավունք։ … Ու թեև այդ իրավունքը դեկլարատիվ բնույթ է կրում, սակայն այն ևս հանված է նոր սահմանադրության նախագծից

                 «Իրազեկ քաղաքացիների միավորում»


Կարդացեք նաև