Հայաստանը դուրս է մղվում ԵՄ Արևելյան գործընկերությունից

19.11.2015 | 13:51 | Արտաքին քաղաքականություն, Եվրասիական միություն

 

Ամիսներ տևած սպասումից հետո նոյեմբերի 18-ին ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին և Եվրամիության ընդլայնման և հարևանության հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը Բրյուսելում հանդես եկան հայտարարությամբ ԵՄ հարևանության քաղաքականության վերաբերյալ: «Եվրոպական հարևանության քաղաքականության վերանայում» վերնագիրը կրող փաստաթղթում Հայաստանը ոչ մի անգամ չի հիշատակվում: Չեն հիշատակվում նաև Ադրբեջանն ու Բելառուսը, մինչդեռ Մոլդովան, Վրաստանն ու Ուկրաինան հիշատակվում են բազմիցս: Մասնավորապես, այս երկրների վերաբերյալ փաստաթղութը շեշտում է Մոլդովայի, Վրաստանի և Ուկրաինայի հետ էներգետիկ շուկայի ինտեգրումն ընդլայնելու ԵՄ պատրաստակամությունը:

Արդյո՞ք այս փաստաթուղթը փաստացի նշանակում է, որ Հայաստանն այլևս Արևելյան գործընկերության մաս չի կազմում: Այս հարցը դեռևս հստակ պատասխան չունի: Կա երկու հնարավոր տարբերակ։ Առաջին տարբերակի համաձայն, Հայաստանն այլևս չի դիտարկվում որպես Եվրամիության ակտիվ գործընկեր: Ըստ այդ տարբերակի՝ երկար մտորումներից հետո Արևմուտքը հաշտվել է Հայաստանի՝ Ռուսաստանին ինտեգրվելու որոշման հետ: Այս առումով ուշագրավ է, որ վերջերս Հայստանում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Պյոտր Սվիտալսկին lragir.am-ին տրված հարցազրույցում նշել էր, որ ԵՄ-ն լուրջ է վերաբերվում  ՀՀ ինքնիշխանությանը և երբեք Հայաստանին բարդ ընդրություն չի պարտադրելու: Ըստ այդմ՝ կարելի է ակնկալել ԵՄ-Հայաստան համագործակցության կտրուկ կրճատում:

Ըստ երկրորդ տարբերակի՝ այս փաստաթղթում Հայաստանի մասին հիշատակման բացակայությունը պայմանավորված է նրանով, որ ՀՀ-ԵՄ հարաբերությունների համար նոր ձևաչափ է մշակվում: 2013 թվականից մինչ օրս այդ նոր ձևաչափի մասին բազմիցս խոսվել է, այդուհանդերձ, դեռևս պարզ չէ, թե ինչպիսին պետք է լինի այն: Մեկ բան, սակայն, պարզ է՝ նոր ձևաչափն այլևս Արևելյան գործընկերությունը չէ: Հրապարակված փաստաթուղթը փաստացի բոլորի համար հստակեցրեց Արևելյան գործընկերության հին ձևաչափի ավարտը: Այժմ ԵՄ-ի համար կա երեք առաջնային գործընկեր Արևելյան հարևանության վեց երկրների թվում, և այդ երկրների թվին Հայաստանը չի պատկանում: Թե ինչպես կզարգանան ԵՄ-Հայաստան հարաբերությունները՝ ներկայումս պարզ չէ, սակայն այս դեպքում ևս ուշագրավ է դեսպան Սվիտալսկու վերոհիշյալ հարցազրույցը, որի ընթացքում նա հիշեցրել էր, որ ԵՄ-ն Հայաստանի ամենամեծ դոնորն ու ներդրողն է, արտահանման ամենամեծ շուկան: «Միայն կես միլիարդ եվրո հատկացվել է Հայաստանի զարգացման համար, և դրա դիմաց Եվրոպան ոչինչ չի պահանջում»: Այդուհանդերձ, ըստ դեսպանի, ցավալի է, որ այդ գործողությունների պատասխանը սուտն է դառնում: Ու թեև դրանից հետո դեսպանը հայտարարել է. «Մենք շարունակելու ենք աշխատանքը և ավելի մեծ ջանքեր ենք գործադրելու, որպեսզի ցույց տանք իրական պատկերը», ակնհայտ է դառնում, որ Եվրամիությունն, ի վերջո, հոգնել է ՀՀ կառավարության մանիպուլացիոն մարտավարությունից:

Մասնավորապես՝ վաղուց արդեն մեր երկրի կառավարությունը սովորություն է դարձրել պնդել, որ ՀՀ ամենախոշոր տնտեսական գործընկերը Ռուսաստանն է, երբ իրականում դա այդպես չէ: Մասնավորապես, այս տարվա մայիսին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը «Վաշինգտոն փոստ» թերթին տրված հարցազրույցում, փորձելով արդարացնել ԵՏՄ-ին միանալու Հայաստանի որոշումը, նշել էր, որ «Մենք չենք կարող վաճառել հայկական կոնյակը Փարիզում, սակայն այն լավ վաճառվում ենք Ռուսաստանի Դաշնությունում»: Ըստ նախագահի՝ Հայաստանը պրագմատիկ որոշում է կայացրել, սակայն նմանօրինակ պնդումները տնտեսական ցուցանիշների փաստացի աղավաղում են: Նախքան ԵՏՄ-ին միանալը 2013թ. Հայաստանը ԵՄ երկրներ մոտ 121 միլիոն դոլար արժողությամբ ավելի է ապրանք արտահանել, քան Ռուսաստան: Նախագահ Սարգսյանի նմանօրինակ հայտարարություններն ավելի շուտ ներքին լսարանի համար են նախատեսված: Հաշվի առնելով ԵՄ-ից Հայաստանի տնտեսական կախվածությունը և Ռուսաստանում տնտեսական ճգնաժամը՝ ճիշտ կլիներ, եթե ՀՀ կառավարությունը մի քիչ ավելի զգույշ լիներ նմանօրինակ հայտարարություններ ու քաղաքական ընտրություններ կատարելիս:

Փաստացի այսօր ականատես ենք լինում ՀՀ կառավարության՝ տվյալների հետ մանիպուլացիաներ անելու ու ոչ ադեկվատ քաղաքական քայլերի հետևանքներին: Որևէ համագործակցություն չի կարող միակողմանի լինել, ու քանի դեռ ՀՀ-ն խոսքերի մակարդակում պնդում է, որ պատրաստ է շարունակել համագործակցությունը ԵՄ-ի հետ, սակայն իրականում խոչընդոտում է ԵՄ-ՀՀ հարաբերությունների խորացմանը երկրի ներսում ԵՄ-ի մասին թյուր ինֆորմացիա տարածելով, կարելի է ակնկալել միայն և միայն Եվրոպայի հետ հարաբերությունների վատթարացում: ԵՄ-ի կողմից հրապարակված փաստաթուղթը հուշում է, որ ժամանակն է վերանայելու նմանօրինակ վերաբերմունքը:

Աննա Փամբուխչյան,

«Իրազեկ Քաղաքացիների Միավորում»


Կարդացեք նաև