Հայաստանը՝ ռուս-թուրքական բախման պոլիգոն դառնալու եզրին

Ռուս-թուրքական հակամարտությունը գնալով ավելի շոշափելի է դառնում եւ դրա նյութականացումը հենց հայ-թուրքական սահմանին հիմա ավելի հավանական է, քան երբեք: Ռուսաստանի եւ Թուրքիայի ռազմական առճակատումը սպառնում է մարտական գործողությունների թատերաբեմ դարձնել Հայաստանը:

Անցած տարվա նոյեմբերի 24-ին թուրք-սիրիական սահմանին ռուսական Սու-24-ի խոցումից հետո Անկարայի եւ Մոսկվայի միջեւ հարաբերությունները ոչ միայն ծայրահեղ սրվել են, այլեւ կողմերը կարծես ուղիներ չեն գտնվում դրանք կարգավորելու համար: Որպես հակամարտության հարթակ առավել հաճախ հանդես է գալիս Սիրիան, որտեղ Անկարան եւ Մոսկվան ռազմական գործողություններ են վարում հակադիր ճամբարների կողմից՝ արդյունքում ավելի փակուղային դարձնելով սիրիական ճգնաժամը:

Բանն այն է, որ Մոսկվան սվիններով է դիմավորում թուրքական Ինջերլիքում ամերիկյան հակահրթիռային կայանների արդիականացումը: Այդ արդիականացման մասին 2015 թվականի օգոստոսին արված հայտարարությունից հետո Ռուսաստանը կտրուկ փոխեց հարաբերությունները Թուրքիայի հետ եւ մտավ Սիրիա:

Ավելի սպառնալից

Դեռ անցած տարվա դեկտեմբերին, երբ ռուս-թուրքական հարաբերություններում լարվածության սրումը նոր էր սկսվում, մենք մտահոգություն էինք հայտնել, որ դա կարող է ուղիղ սպառնալիք լինել Հայաստանի անվտանգության համար: ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի եւ ՀԱՊԿ հիմնադիր Ռուսաստանի ռազմական բախումը աղետալի հետեւանքներ է խոստանում Հայաստանին, քանի որ աշխարհքաղաքական երկու բեւեռների սահմանն անցնում է Հայաստանի տարածքով: Եւ եթե անցած տարի մեր մտավախությունն ավելի տեսական էր, ապա այժմ իրավիճակն այլ է՝ ի հեճուկս այն հանգամանքի, որ Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունները դաշնակցային են:

Մոսկվայից ստացվող բացասական ազդակները ցույց են տալիս, որ ռազմական գործողությունների կենտրոնում հայտնվելու հեռանկարն ավելի իրատեսական է դառնում: Նախ՝ փետրվարի ութին Ռուսաստանի Պետական դումայի կոմունիստ պատգամավորներ Վալերի Ռաշկինն ու Սերգեյ Օբուխովը նամակով դիմել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին եւ արտգործնախարար Սերգեյ Լավրովին՝ կոչ անելով չեղյալ հայտարարել 1921 թվականի ռուս-թուրքական պայմանագիրը, որով թուրքական կողմին նույն կոմունիստական կուսակցության թեթև ձեռքով փոխանցվեց Կարսը եւ Սուրմալուն՝ Արարատ լեռով հանդերձ:

Կոմունիստների ձեւակերպմամբ՝ Ռուսաստանի կողմից պայմանագրերը չեղարկելը նպատակահարմար է Թուրքիային հասկացնելու համար, թե ինչ հետեւանք կարող է ունենալ ռուս-թուրքական հարաբերությունների հետագա սրումը: Ռուսաստանի կողմից Կարսի եւ Մոսկվայի պայմանագրերը վերանայելու եւ չեղարկելու այսպես կոչված թեզը շրջանառության մեջ էր դրվել ռուս-թուրքական հարաբերությունների էսկալացիայի սկզբից: Նման հայտարարությունները՝ ռուսական երկրորդական քաղաքական գործիչների կողմից, ուղղված են ավելի շատ Հայաստանի ներքին լսարանին, քանզի Մոսկվայում շատերը կարծում են, որ հայերը, լսելով Արարատի մասին, զենքը ձեռքներին կգնան դեպի թուրքական սահման: Ռուսաստանի այսօրինակ պրոպագանդան, սակայն, կոնկրետ վերջին օրերին նաեւ որոշակի միս ու արյուն է ստանում ՌԴ հարավային ռազմական օկրուգի անակնկալ ստուգումներով:

Հավսար-զգաստ

Այսպես՝ նույն փետրվարի ութին Ռուսաստանի նախագահ Պուտինի կարգադրությամբ ռազմական պատրաստականության անակնկալ ստուգումներ են սկսվել Հարավային զինվորական օկրուգի ռազմակայաններում, այդ թվում՝ Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմակայանում: Բացի սա՝ Հարավային օկրուգի ռազմական բազաների մարտական պատրաստվածությունը հասցվել է ամենաբարձր մակարդակի, ստուգվում է ռուսական զորամիավորումների մոբիլիզացիոն պատրաստվածության աստիճանը, գնահատվում է դրանց՝ պայմանական հակառակորդին անհրաժեշտության դեպքում հակահարված տալու ունակությունը: Եւ այս ամենը՝ նաեւ Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի մասին: Այսինքն՝ Ռուսաստանի կողմից Հայաատանին Թուրքիայի դեմ ռազմական գործողություններում ներգրավվելը, ՀՀ տարածքի՝ ռազմական գործողությունների պոլիգոն դառնալու հավանականությունն իրական է արդեն այնքանով, որքան իրական են պատրաստվածության բերված ռուսական կործանիչները, որոնք իրենց սպառազինությամբ հանդերձ պտույտներ են գործում նաեւ Երեւանի վրայով:

Չդառնալ պոլիգոն

Վերադառնալով Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերը չեղարկելու մասին հայտարարություններին՝ նորից նշենք, որ դրանք ուղղված են հայկական լսարանին: Սակայն նույն լսարանը կարող է եւ հիշել պատմական նախադեպերը, նույն ռուս-թուրքական հայտնի պայմանագրերի ստորագրմանը նախորդած տարիներին, թե ինչի կարող է հասնել Հայաստանն ու հայ ազգը ռուս-թուրքական բախման արդյունքում… Ընթերցողը, հազիվ թե հիշի մի դեպք, երբ հայերը շահած լինենք ռուս-թուրքական պատերազմներից ու բախումներից:

Ստեղծված աշխարհքաղաքական իրավիճակի մեջ Հայաստանը ունի եւ դիվանագիտական, եւ քաղաքական մեծ ճկունության խնդիր, որպեսզի կարողանա զերծ մնալ Ռուսաստանի կողմից համակարտության մեջ ներքաշվելու եւ պոլիգոն դառնալու տխուր հեռանկարից:

Վահե Ղուկասյան

«Իրազեկ Քաղաքացիների Միավորում»

Առնչվող