Նոր ընտրական օրենսգրքի հիմնական դրույթները

Եվրոպական Խորհրդի Վենետիկի հանձնաժողովը, իսկ ապա նաև ՀՀ Կառավարությունը հրապարակել են ՀՀ Ընտրական օրենսգրքի  նախագիծը: «Իրազեկ քաղաքացիների միավորումը» ուսումնասիրեց այն և առանձնացրեց առավել հետաքրքիր նորամուծությունները:

Ընտրական տարածքները և ՏԻՄ ձևավորումը՝

  • 41 ընտրատարածքների փոխարեն այժմ լինելու են 13 ընտրական տարածքներ՝ 4-ը Երևանում, 9-ը մարզերում (Վայոց Ձորն ու Սյունիքը մեկ տարածք են կազմելու):
  • Բացի Երևանից, այժմ նաև Գյումրիի և Վանաձորի ավագանիները ևս կընտրվեն համամասնական ընտրակարգով, իսկ քաղաքապետերը կընտրվեն արդեն ավագանու կողմից: Մյուս համայնքների մասով էական փոփոխություն չկան:
  • Բացի երեք մեծ քաղաքներից այլ համայնքների ղեկավարների և ավագանու ընտրությունը և դրա քվեարկության ընթացակարգը մնացել է նույնը:

Ազգային ժողովի ձևավորումը՝

  • ԱԺ պատգամավորների նվազագույն թիվը սահմանվում է 101:
  • Եթե ԱԺ քվեարկության արդյունքում որևէ կուսակցութունը ստացել է 53 մանդատ, ապա ԱԺ-ն համարվում է ընտրված և ունենում է 101 պատգամավոր:Եթե կուսակցություններից որևէ մեկը 53 մանդատ չի հավաքվում, ապա 101 մանդատները բաշխվում են և անցկացվում է 2-րդ փուլ:
  • Կուսակցություններն ու կուսակցությունների դաշինքները ներկայացնում են մեկ համապետական համամասնական ընտրական ցուցակ և 13 տարածքային ընտրական ցուցակ (ամեն տարածքի համար՝ մեկական):
  • Կուսակցության ստացած մանդատների կեսը տրվում են կուսակցության համապետական ցուցակի թեկնածուներին` ըստ հերթականության: Մանդատների մնացած մասը բաշխվում է կուսակցության տարածքային ցուցակներում ընդգրկված թեկնածուների միջև:
  • Ընտրության երկրորդ փուլը անցկացվում է քվեարկությունից հետո 21-րդ օրը: Ընտրության երկրորդ փուլին մասնակցելու իրավունք ունեն առաջին փուլում առավելագույն ձայներ ստացած երկու կուսակցություններն ու դաշիքնենրը: Երկորդ փուլում հաղթած կուսակցությունը կամ դաշինքը ստանում է այնքան մանդատ, որ իր պատգամավորների ընդհանուր թիվը կազմի ԱԺ-ի 54 տոկոսը:
  • Միաժամանակ, եթե քվեարկության արդյունքում որևէ կուսակցություն կամ դաշինք ստանում է մանդատների ավել քան 2/3-ը, ապա մյուսներին տրվում են լրացուցիչ այնքան մանդատ, որ ունենան ԱԺ-ի առնվազն 1/3-ը:
  • Լրացուցիչ մանդատներ են նախատեսված նաև ազգային փոքրամասնությունների համար:

Ընտրությունների վերահսկողությունը՝

  • Յուրաքանչյուր ընտրական տեղամասում միաժամանակ գտնվող տեղացի դիտորդների ու ԶԼՄ ներկայացուցիչների ընդհանուր թիվը սահամանափակվել է 8-ով:
  • Դիտորդության իրավունքից են զրկվել Հայաստանում ներկայացված օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունները:
  • Ընտրական հանձնաժողովները վստահված անձանց և դիտորդներին տեղամասից դուրս հանելու իրավունք են ստանում:

Քվեարկության կարգը՝

  • Ընտրողների գրանցումը կատարվելու է էլեկտրոնային համակարգի միջոցով, որով տեղամասում գտնվող հատուկ տեխնիկական մասնագետը գրանցելու է ընտրողներին: Ընտրողները կկարողանան գրանցվել թե սովորական անձնագրերով, թե բիոմետրիկ անձնագրերով և թե նույնականացման քարտերով:Համակարգը ճշտելու է, թե արդյո՞ք քաղաքացին ընդգրկված է ընտրողների ցուցակում և արդյո՞ք չի քվեարկել: Բացի այդ, եթե քաղաքացին քվեարկում է բիոմետրիկ անձնագրով կամ նույնականացման քարտով, ապա համակարգչի էկրանին կերևա ընտրողի նկարը:
  • Եթե համակարգը ընտրողին ճանաչում է ու տալիս է քվեարկելու իրավիունք, ապա ավտոմատ կերպով տպվում է մի թերթիկ, որը փոխանցվում է ընտրողներին գրանցող հանձնաժողովի անդամին,
  • Ազգային ժողովի, ինչպես նաև Երևանի, Գյումրիի ու Վանաձորի ավագանինների ընտրության ժամանակ քաղաքացիներին տրվելու են գունավոր քվեաթերթիկներ: Յուրաքանչյուր կուսակցություն (կամ դաշինք) ունենալու է իր գույնը և քաղաքացին ծրարի մեջ է դնելու իր նախընտրած գույնի քվեաթերթիկը՝ այդպիսով կատարելով քվեարկությունը: Այդ ընտրությունների ժամանակ քվեարկության ծրարները հանդիսանալու են հատուկ հաշվառման փաստաթուղթ:
  • Համամասնական ընտրությունների ժամանակ ընտրողը իր նախընտրած կուսակցության քվեաթերթիկի հակառակ կողմում (ցանկության դեպքում) կատարելու է ռեյտինգային քվեարկություն: Համամասնական ընտրությունների ժամանակ քվեատուփի մեջ գցվելուց առաջ քվեարկության ծրարը դակվելու է հատուկ դակիչով (կնիքի փոխարեն):

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Սույն հոդվածը պատրաստվել է Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ-ի կողմից իրականացվող ծրագրի շրջանակում` Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան կազմակերպության կողմից տրամադրած դրամաշնորհային աջակցությամբ: Հոդվածում տեղ գտած տեսակետները և վերլուծություններն արտահայտում են հեղինակների կարծիքը և կարող են չհամընկնել Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան կազմակերպության տեսակետների և դիրքորոշումների հետ:

Առնչվող