Ռուսական պրոպագանդան Լեռնային Ղարաբաղում

Ռուսական քարոզչական մեքենան մշտապես աչքի է ընկնում իր, այպես կոչված, օպերատիվությամբ: Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանին Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններից հետո սպասելի էր, որ ռուսական պրոպագանդայի շոշափուկները որեւէ կերպ կհասնեն նաեւ այստեղ:

Եվ, կարելի է ասել, հասան: Արդեն ապրիլի 4-ին ռուսական հանրահայտ LifeNews-ը տեղեկություններ տարածեց, թե սիրիական Ռաքքայից, որը համարվում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վարչական կենտրոնը, հետ է վերադարձել ադրբեջանական ջոկատը, որպեսզի մասնակցի Ղարաբաղի դեմ ռազմական գործողություններին: Ըստ այս լրատվականի, խոսքը գնում էր 50-70 գրոհայինների մասին, որոնք, ինչպես շեշտվում էր, վերադարձել էին Ադրբեջան Թուրքիայի տարածքով:

Նույնաբովանդակ հրապարակում էին կատարել նաեւ tvzvezda եւ 3mv կայքերը, որոնք համարվում են ռուսական միլիտարիստական պրոպագանդայի ոչ պաշտոնական, դեղին, բայց միեւնույն ժամանակ՝ լայն լսարան ունեցող պորտալները: Ռուսական պրոպագանդային հետեւելու ունեցած փորձը հաշվի առնելով՝ կարելի է ենթադրել, որ ռազմական գործողությունների գոտում լարվածության շարունակականության դեպքում ԻՊ-ի՝ Ղարաբաղում կռվելու մասին տեղեկատվությունն արդեն սկսելու էր հնչել ռուսական դաշնային «բարձրախոսներով»` ուղեկցվելով դիտարկմամբ, որ «Իսլամական պետությունը» Ռուսաստանում արգելված կազմակերպություն է: Նմանօրինակ քարոզչության մեթոդներից էր Բեռլինում փախստականների կողմից ռուս աղջկա բռնաբարության մասին տարածված ապատեղեկատվությունը, կամ Ուկրաինական Սլովյանսկ քաղաքում խաչված երեք տարեկան երեխայի պատմությունը, որոնք հեռարձակվում էին ռուսական դաշնային հեռուստաալիքներով և որոնք հետագայում հերքվեցին:

Նպատակը

Ինչպես վերը նշեցինք, ռուսական քարոզչամեքենան, ամեն անգամ հիշատակելով «Իսլամական պետություն» խմբավորման մասին, հիշեցնում եւ ընդգծում է, որ դա Ռուսաստանում արգելված կազմակերպություն է: Իսկ եթե արգելված է, ուրեմն կարելի է, և նույնիսկ պետք է պայքարել դրա դեմ: Այնպես, ինչպես, օրինակ, Սիրիայում: Չնայած՝ կոնկրետ Ղարաբաղի հարցում Ռուսաստանի համար ավելի նախընտրելի է այսպես կոչված խաղաղապահների տեղակայումը շփման գծում, ինչը փաստացի կնշանակի՝ ռազմական ներկայություն ապահովել հակամարտության գոտում, վերցնել վերահսկողությունը, ստանալ շանտաժի եւ ճնշման նոր լծակներ:

Բացի սա՝ Ռուսաստանը, ներկա փուլում բարձրացնելով ԻՊ-ի շուրջ աղմուկը, հետապնդում էր մեկ այլ նպատակ եւս:

Հայ հանրության արդարացի զայրույթը վերջին օրերին ուղղված էր նրան, որ Ադրբեջանն առաջնագծում օգտագործում էր ռուսական արտադրության, Ռուսաստանից գնված հարձակողական ժամանակակից զենքեր, ինչպիսին են, օրինակ, ծանր հրետանանետ ТОС-1А համակարգը («Солнцепек») եւ կասետային մարտագլխիկներով «Սմերչ» համազարկային կրակի համակարգերը:

Հայաստանում այժմ ակտիվորեն քննարկվում է ընդհուպ Ռուսաստանի հետ այսպես կոչված դաշինքի եւ գործընկերության նպատակահարմարությունը, վեր են հանվում բազմաթիվ փաստեր այն մասին, որ վերոհիշյալ ТОС 1А-երի համար Ադրբեջանը նույնիսկ դեռ չի էլ վճարել Մոսկվային, խոսվում է այն մասին, որ ՀԱՊԿ-ն կորցնում է իր հեղինակությունը… Եվ այս ֆոնին, երբ Ռուսաստանի՝ տարածաշրջանում վարած քաղաքականությունն արդեն առաջացնում է նույնիսկ ավանդական «ռուսամետների» զայրույթը, կարիք կա շեղել ուշադրությունն այլ խնդիրների վրա: Օրինակ՝ Իսլամական պետության վրա: Զինվորներին գլխատող, տարեց մարդկանց խոշտանգող, սեփական նահանջող զինվորների հետեւից կրակող վարձու իսլամիստները կարող են ավելի աղմկոտ լինել, քան ռուսական «Սմերչերը»: Իհարկե, ռուսական քարոզչամեքենայի կարծիքով միայն:

Իրականում՝ «Սմերչերի»՝ հայկական հողում ընկած հրթիռները խոսում են ռուսաստանյան պրոպագանդայի հերթական ձախողման մասին, քանի որ քարոզչական հրթիռները չպայթեցին ճիշտ նույն կերպ, ինչպես Դուբլինյան կոնվենցիայով արգելված հակամարդկային զենքերը:

Վահե Ղուկասյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Առնչվող