Դեսպան Վոլինկինն ու ռուսաստանյան քարոզչամեքենան

12.05.2016 | 12:06 | Արտաքին քաղաքականություն

Մայիսի 9-ին՝ Մեծ հայրենական հաղթանակի 71-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու համար Երեւանի Հաղթանակի զբոսայգի այցելած ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան ն.գ. Իվան Վոլինկինը, լրագրողների հարցերին ի պատասխան, ասաց. «Ցույց տվեք մի փաստաթուղթ, որ Ռուսաստանը շարունակում է զենք վաճառել Ադրբեջանին»:

Ռուս դիվանագետի այս հայտարարությունը, հիրավի ուշագրավ է այն համատեքստում, որ վերջին ամսվա ընթացքում հասարակական եւ քաղաքական ամենաակտուալ թեմաներից են Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի մատակարարումները: Եթե մինչեւ ապրիլի 2-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունները ռուսական սպառազինության մատակարարումները կարող էին դիտվել զուտ որպես թվեր եւ վիճակագրություն, ապա արդեն ապրիլյան պատերազմից հետո հայ հասարակությունը տեսավ, որ ամեն միավոր նման սպառազինությունը զինվորի կյանք արժի եւ ՌԴ-ի կողմից զենք վաճառելը ՀՀ-ի հակառակորդին ոչ այլ ինչ է, քան ռազմավարական դաշնակցի, առնվազն, շահերի անտեսում եւ ոտնահարում:

Հերքել հաստատածը

Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք մատակարարելու փաստերը հրապարակվում են ինչպես ՄԱԿ-ի զեկույցներում, այնպես էլ երկու երկրների բյուջետային փաստաթղթերում եւ լուսաբանվում են մամուլում: ՀՀ-ում ՌԴ դիվանագիտական առաքելության ղեկավարը պետք է որ իմանար իր երկրի ղեկավարների հայտարարությունների մասին, որոնք արվել էին ինչպես ապրիլյան պատերազմի օրերին, այնպես էլ դրանից հետո: Մասնավորապես՝ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը եւ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը (ընդ որում՝ Մեդվեդեւը Բաքվում, «Վեստի» հաղորդման ժամանակ) հայտարարեցին, որ Ռուսաստանը շարունակելու է սպառազինությունների մատակարարումներն Ադրբեջանին, քանի որ շահագրգռված է այդ շուկան պահպանելով եւ այդպիսով, իբր, նպաստելու է տարածաշրջանում ուժերի հավասարակշռության պահպանմանը:

ՀՀ-ում ՌԴ դեսպանը նաեւ պետք է որ իմանար, որ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին մատակարարվող զենքերի շուրջ մտահոգությունը Հայաստանի կողմից հայտնվել է ամենաբարձր մակարդակով եւ արձագանք ստացել ռուսական կողմից՝ նույնպես ամենաբարձր մակարդակով:

Սովորությունն է այդպիսին

Ռուսական քարոզչամեքենայի՝ ցինիզմի հասնող մեթոդների մասին խոսել ենք բազմիցս: Նույնիսկ ապրիլյան պատերազմի օրերին ռուսական քարոզչամեքենան հասցրեց անել իր «սեւ գործը»՝ «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններին «Ղարաբաղ բերելով», խաղաղապահների հեռանկարը հրամցնելով եւ ադրբեջանական ապատեղեկատվությունը տարածելով:

Դեսպան Վոլինկինի այս հայտարարությունը, թե «ցույց տվեք մի փաստաթուղթ…» ռուսական քարոզչամեքենայի անպատժելիության եւ հանդգնության հերթական օրինակներից մեկն է: Պարոն Վոլինկինը հավանաբար վստահ էր, որ իր խոսքերը հանգիստ կմարսվեն, քանի որ իրենց պետական լրատվամիջոցները «սփռել-պրծել են» տեղեկատվությունը, որ Ռուսաստանը Հայաստանի ամենահավատարիմ ռազմավարական դաշնակիցն է ու որ, աստված մի արասցե, ուղղակի չի կարող Հայաստանին հակառակ որեւէ բան անել:

Այնինչ, Հայաստանում մամուլի ազատության աստիճանը անհամեմատ է Ռուսաստանի հետ: Իսկ քարոզչամեքենան, որին սովոր են Ռուսաստանում, Հայաստանում համարյա չի գործում և այստեղ բացահայտ ստեր տարածելն այդքան էլ հեշտ չէ:

Ավելին, Ռուսաստանի վաճառած սպառազինությունը կանգնած է շփման գծի հակառակ կողմում, տեսանելի է ու շոշափելի, իսկ մարտական գործողությունների ժամանակ այդ տեխնիկայի առաջխաղացումը տապալելիս տասնյակ զինծառայողներ են զոհվել:  Նման բարձրաստիճան պաշտոնյայի կողմից այս ակնհայտ փաստերը հերքելը առնվազն հանդուգն ցինիզմ է: Եւ կրկնակի ցինիզմ է՝ հաշվի առնելով հայտարարությունն անելու վայրը եւ հանգամանքը:

Վահե Ղուկասյան,
«Իրազեկ
քաղաքացիների միավորում»


Կարդացեք նաև