Զենքի վաճառքի հարցը կհասնի՞ ՄԱԿ-ի ԱԽ

12.05.2016 | 16:05 | Արտաքին քաղաքականություն, Ռազմական համագործակցություն

Օրերս ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի՝ ավստրիական «Die Presse» օրաթերթին տված հարցազրույցը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ բավականին ուշագրավ ու կարևոր մի առաջարկություն է պարունակում:

Գաղափարը

Հարցազրույցի ընթացքում ԱԳ նախարարի տեղակալը Ռուսաստանի կողմից հակամարտության կողմերին զենքի վաճառքի մասին հարցին ի պատասխան ասաց՝ «Հայկական կողմը շարունակաբար բարձրաձայնում է այդ հարցը, այդ թվում՝ մեր Նախագահի մակարդակով: Մենք հասկանում ենք՝ ինչ է տեղի ունենում, և մենք ունենք բոլոր հիմքերը՝ դժգոհ լինելու: Ռուսաստանն ասում է, որ եթե ինքը այն չվաճառի, դա կանի մեկ ուրիշը: Ես կողմ եմ տարածաշրջանում բոլոր հակամարտող կողմերի համար զենքի ամբողջական էմբարգոյին: Մինսկի խմբի երեք համանախագահ երկրները՝ ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան, կարող են հասնել դրան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում: Դա ճիշտ կլիներ»:

Ուշագրավ այս հայտարարությունը երկու հիմնական ուղերձ է պարունակում: Առաջին հերթին այն հերթական անգամ շեշտում է, որ հայկական կողմը չի պատրաստվում լռել Մոսկվայի կողմից զենքի վաճառքի անընդունելիության մասին: Երկրորդ ուղերձը նպատակ ունի ևս մի անգամ ստիպել միջազգային հանրությանը ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ կան միջազգային իրավունքի դրույթներ, որոնք թույլ կտային արգելել, թե Ռուսաստանին, և թե որևէ այլ երկրի զենք վաճառել հակամարտության կողմերին:

Եթե Շավարշ Քոչարյանի այս գաղափարը չմնա ավստրիական թերթի էջերին, այլ դառնա Հայաստանի արտաքին քաղաքականության մի մաս, ապա հնարավոր կլինի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում բավականին թափանցիկ կերպով տեսնել, թե ո՞վ է դեմ տարածաշրջանում արյունահեղության ավելացմանը, իսկ ով՝ ոչ: … Եվ, ամենակարևորը, միգուցե հնարավոր լինի իրոք վերջ տալ, թե Ռուսաստանի և թե այլ երկրների կողմից Ադրբեջանին զենքերի շարունակական մատակարարումներին:

Խնդիրը ՌԴ-ն է

Այդուհանդերձ, քիչ հավանական է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նմանօրինակ որոշում կայացնի, քանի որ Ռուսաստանը ՄԱԿ-ի ԱԽ-ում վետոյի իրավունք ունեցող երկիր է: Հաշվի առնելով այն, որ ՄԱԿ-ի ԱԽ մյուս անդամները որևէ առանձնահատուկ շահ չունեն Հայաստանի և Ադրբեջանի միջև սառը հակամարտությունը «տաք» պահելու մեջ և այդ երկրների հետ զենքի «բիզնես» չեն անում, հավանական է, որ կողմ կլինեն նման արգելքին: Սակայն Ռուսաստանի Դաշնությունը, որը անցած մի ամսվա ընթացքում բազմիցս փորձել է արդարացնել զենքի վաճառքի իր ստրատեգիան, վետոյի իրավունքը կիրառելուց ձեռնպահ չի մնա՝ զենգի «բիզնեսը» շարունակելը և տարածաշրջանը «տաք» պահելու իր շահերը պաշտպանելու համար:

Հիշեցնենք, որ ըստ 1994 թվականին Բուդապեշտում ձեռք բերված համաձայնության, ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրները պետք է ձեռնպահ մնան Արցախյան հակամարտության կողմերին զենք վաճառելուց: Եվ Մինսկի խմբի անդամներից միայն երկուսն են խախտել այդ համաձայնությունը՝ ՌԴ-ն և Թուրքիան: Ռուսաստանը խախտում է նաև դիվանագիտական այն չգրված կանոնը, համաձայն որի չի կարելի միաժամանակ լինել և բանակցային գործընթացի միջնորդ և հակամարտության առանց այն էլ հեղհեղուկ ստաբիլությունը զենքի վաճառքով ի չիք դարձնող:

Այլ կերպ ասած, չի կարելի հայտարարել, որ կոնֆլիկտը պետք է ունենա միայն խաղաղ լուծում և միաժամանակ զինել կողմերին՝ ստեղծելով ոչ խաղաղ ճանապարհներ:

Ու թեև Ռուսաստանը շարունակում է պնդել, որ բալանս է պահպանում, հայկական ու ադրբեջանական զինուժին մատակարարված ռազմամթերքների տարբերությունն արդեն որևէ մեկի համար գաղտնիք չէ:

Համենայնդեպս, հույս կա, որ այդուհանդերձ, եթե հարցն իրոք հասնի ՄԱԿ-ի ԱԽ, ապա միջազգային ճնշումների շնորհիվ ու «խաղաղապահի» դեմքը փրկելու համար Ռուսաստանը դեմ չքվեարկի (վետո չկիրառի) Արցախյան կոնֆլիկտի կողմերին զենքի մատակարարման էմբարգոյի բանաձևին:

Աննա Փամբուխչյան,

«Իրազեկ քաղաքացիների միավորում»


Կարդացեք նաև