ՀՕՊ համաձայնագրի որոշ ռիսկեր

29.06.2016 | 18:02 | Արտաքին քաղաքականություն, Ռազմական համագործակցություն

Այս օրերին ՀՀ Ազգային ժողովը քննարկում է «ՀՀ և ՌԴ միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» աղմկահարույց համաձայնագիրը:

Փորձենք իմի բերել համաձայնագրում առկա ռիսկերն ու մտահոգությունները:

ՌԴ հրամանատարության ներքո

Համաձայնագով նախատեսվում է, որ պատերազմական, ինչպես նաև «ռազմաքաղաքական» վտանգի ժամանակ Հայաստանի տարածքում տեղակայված Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության հակաօդային պաշտպանության զորքերը պետք է գործեն միասին և չեն կարող ինքնուրույն գործողություններ կատարել:

Ընդ որում, որպեսզի հանկարծ կողմերից «մեկը» չկատարի հակաօդային զենքերի «չարտոնված» օգտագործում, պայմանագրի հավելվածով նախատեսվում է նման դեպքերը կանխող «գործողությունների» կազմակերպում:

Համաձայնագրի 6-րդ հոդվածն ամրագրում է Հայաստանում տեղակայված Հայաստանի և Ռուսաստանի հակաօդային  պաշտպանության զորքերի համատեղ գործողությունների ղեկավարման հիերարխիան: Ըստ նշված հիերարխիայի, համատեղ գործողույթունների ընդհանուր համակարգումը իրականացնելու է Ռուսաստանի Դաշնության օդատիեզերական պաշտպանության զորքերի հրամանատարը, իսկ գործողությունների ընդհանուր ղեկավարում իրականացնելու է Ռուսաստանի հարավային ռազմական շրջանի զորքերի հրամանատարը, և միայն գործողությունների անմիջական ղեկավարումն է, որ ընկնելու է հայկական կողմի վրա՝ ի դեմս ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի հրամանատարի:

Այսինքն, Հայաստանի հակաօդային պաշտպանության ուժերի վերադաս հրամանատարությունը (ընդհանուր համակարգումն ու ղեկավարումը) անցնում են Ռուսաստանի Դաշնությանը:

Այլ կերպ ասած, պատերազմի կամ, ինչպես պայմանագրում է նշվում, «ռազմաքաղաքական» վտանգի ժամանակ Հայաստանի հակաօդային պաշտպանության ղեկավարությունը ստանձնելու է Ռուսաստանը:

Տարածաշրջանային սրման վտանգը

Ինչպես հայտնի է, Ռուսաստանի հարաբերությունները բավականին սրված են մեր հարևաններից Վրաստանի հետ: Վրաստանի հետ Ռուսաստանի ռազմական ընդհարումը հավանական չէ, սակայն այն չի կարելի բացառել:

Եվ, եթե Վրաստանի հետ կոնֆլիկտի սրման պարագայում Ռուսաստանը որոշի Հայաստանի տարածքում տեղակայված համատեղ ՀՕՊ-ի միջոցներով կրակ բացել վրացական օդուժի ուղղությամբ, դրանից էապես կտուժեն համապատասխանաբար հայ-վրացական հարաբերությունները:

Ընդ որում, հաշվի առնելով 2008 թվականի ռուս-վրացական պատերազմի փորձը (երբ Ռուսաստանը դժգոհ էր Հայաստանի չեզոքությունից), չի բացառվում, որ Ռուսաստանը միտումնավոր հայկական կողմից կրակ կբացի վրացական օդանավերի ուղղությամբ՝ հատուկ հայ-վրացական հարաբերությունները վատթարացնելու համար:

Դանիել Իոաննիսյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում»


Կարդացեք նաև