ԵԱՏՄ կառուցվածքի հակաժողովրդավարականությունը

Շուտով կլրանա Եվրասիական տնտեսական միության գոյության և դրան ՀՀ անդամակցության երկու տարին: Այդուհանդերձ, մինչ օրս Հայաստանի բնակչությունը անտեղյակ է այս ինտեգրացիոն համակարգի առանձնահատոկություններից: Մասնավորապես, հստակ պարզ չէ, թե ինչպիսի կառուցվածք ունի այս կառույցն, ու որքանով է ապահովված ԵԱՏՄ օրենսդրությամբ անդամ երկրների քաղաքացիների ձայնի լսելիությունը քաղաքական որոշումների կայացման ժամանակ:

 

Կառուցվածք

 

Եվրասիական տնտեսական միությունն ունի 4 հիմնական ղեկավար մարմին՝

  • Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրուրդը, որը ԵԱՏՄ կարևորագույն ղեկավար մարմինն է՝ բաղկացած անդամ պետությունների նախագահներից:
  • Եվրասիական միջկառավարական խորհուրդը իր կարևորությամբ ԵԱՏՄ երկրորդ մարմինն է և բաղկացած է անդամ երկրների վարչապետներից:
  • Եվրասիականտնտեսական հանձնաժողովը (ԵՏՀ) Եվրասիական տնտեսական միության մշտական գործող կարգավորող մարմինն է:
  • ԵԱՏՄ դատարանը միության մշտական գործող դատական մարմինն է, որն ապահովում է անդամ-պետությունների կողմից ԵԱՏՄ-ի մասին պայմանանագրի եւ Միության շրջանակներում գործող այլ միջազգային պայմանագրերի կիրառումը:

Փաստորեն, եթե ԵԱՏՄ պետություն լիներ, ապա այն այս պահին ունի գործադիր և թերի դատական մարմիններ, իսկ օրենսդրական իշխանությունը գտնվում է գործադիր մարմնի ձեռքում:

 

Ժողովրդավարական կառուցվա՞ծք

 

Ուշագրավ է, որ վերոնշյալ բոլոր 4 մարմինների անդամները կամ պատկանում են անդամ երկրների կառավարության կազմին, կամ էլ նշանակվում անդամ երկրների կառավարությունների կողմից: Այսպես, օրինակ, եթե համեմատենք ԵԱՏՄ կառուցվածքը ԵՄ կառուցվածքի հետ, ապա կա մի հստակ տարբերություն՝ ԵԱՏՄ կազմում բացակայում է ժողովրդի ներկայացվածությունը որևէ ղեկավար մարմնի տեսքով:

Երբ 1952 թվականին ստեղծվում էր Եվրոպական Միության նախահայր Ածխի և Պողպատի Եվրոպական Համայնքը՝ կառավարության ներկայացուցիչներից բաղկացած ղեկավարող մարմնից բացի այն ուներ Ընդհանուր ժողով անվանումը կրող օրգան, որտեղ ներկայացված էին 9 անդամ երկրների 78 պատգամավորներ՝ ազգային խորհրդարաններից գործուղված: Հետագայում այս օրգանը վերափոխվեց Եվրոպական պառլամենտի, որի անդամները ուղղակիորեն են ընտրվում՝ անկախ ազգային խորհրդարաններից:

 

Ինչո՞ւ է դա կարևոր

 

Ուշագրավ է, որ Եվրոպական պառլամենտը վերահսկում է օրենսդրական և բյուջեի հաստատման գործընթացները ԵՄ-ում: Թեև ԵՄ պառլամենտը միանձնյա չի կատարում օրենսդրական ֆունկցիան, սակայն միանշանակ կարող է վերահսկել բոլոր օրենսդրական փոփոխությունները ու անհրաժեշտության դեպքում խափանել օրենքների ընդունումը: Թեև ԵՄ օրենսդրության վրա ազդեցություն ունեն նաև անդամ երկրների խորհրդարանները, սակայն ԵՄ Պառլամենտի գոյությունը ուժեղացնում է ժողովրդի վերահսկողական ֆունկցիան՝ էլ ավելի լսելի դարձնելով հասարակ քաղաքացու ձայնը ԵՄ բարձրագույն կառավարական աստիճանի վրա: Մինչդեռ Եվրասիական տնտեսական միությունում օրենսդրական ֆունկցիան չի վերահսկվում որևէ միասնական ժողովրդավարական մարմնի կողմից, ինչը նշանակում է, որ վերահսկողական ֆունկցիան զգալիորեն ավելի թույլ է՝ արտահայտված միայն անդամ երկրների խորհրդարաններում:

Այսպես օրինակ, ԵԱՏՄ բյուջեի հաստատման գործընթացում ներառված են միայն անդամ երկրների նախագահները՝ Բարձրագույն խորհրդում և վարչապետները՝ Միջկառավարական խորհրդում:

Այսիպիսով՝ Եվրասիական տնտեսական միության կառուցվածքը արդեն իսկ դեմոկրատիկ դեֆիցիտ ունի, քանի որ որևէ ԵԱՏՄ «կառավարության» վրա ժողովրդի վերահսկողությունը կատարող որևէ օրգան գոյություն չունի, իսկ նմանօրինակ օրգան ստեղծելու վերաբերյալ որևէ լուրջ քննարկում Եվրասիական տնտեսական միությունում այսօր չկա:

 

          ԵԱՏՄ-ում այլ կերպ չի կարող լինել

 

Իսկ քանի դեռ ԵԱՏՄ-ում չկա իշխանությունների տարանջատում և գործադիրին են վերապահված օրենսդիր ֆունկցիաները, կայացվող որոշումներն ու կարգավորումները ոչ միշտ են բխելու անդամ պետությունների քաղաքացիների շահերից:

Թեև, որոշակի առումով զարմանալի չէ, քանի որ ԵԱՏՄ անդամ բոլոր պետություններում (Ռուսաստան, Ղազախստան, Բելառուս, Հայաստան, Ղրղզստան) չկա գործադիր իշխանությունից իրապես անկախ գործող օրենսդիր մարմին… Բոլոր այդ երկրների խորհրդարանները անվերապահ վավերացնում են գործադիրի բոլոր առաջարկները, իսկ Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի խորհրդարաններում անգամ ընդդիմություն չկա:

 

Աննա Փամբուխչյան,

«Իրազեկ Քաղաքացիների Միավորում»

Առնչվող