Լեզուների տարածումը աշխարհում. ռուսերենը մեռնում է

Օրերս Ռուսաստանի ԱԳՆ հատուկ հանձնարարականներով դեսպանը հայտարարեց, որ ռուսաց լեզուն հետխորհրդային երկրների շրջանում պետք է ստանա 2-րդ պետական լեզվի կարգավիճակ:

Թեև Հայաստանում, առայժմ, այդպիսի հեռանկարն անիրատեսական է, սակայն «Իրազեկ քաղաքացիների միավորումը» հարկ է համարում որոշ տեղեկություններ հրապարակել աշխարհում տարբեր լեզուների տարածման մասին:

Այսպիսով, աշխարհում ամենաշատ մարդկանց համար մայրենի լեզուն չինարենն է, երկրորդ տեղում անգլերենն է, իսկ ռուսերենը զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը:

Մայրենի լեզուն ըստ բնակչության

Չինարեն 1,2 մլրդ
Անգլերեն 500 մլն
Իսպաներեն 425 մլն
Արաբերեն 300 մլն
Պորտուգալերեն 230 մլն

 

Այնինչ, մայրենիից բացի, որպես 2-րդ օտար լեզու, աշխարհում ամենաշատը խոսում են անգլերեն, իսկ չինարենն այստեղ 2-րդ հորիզոնականում է:

2-րդ (օտար) լեզու ըստ բնակչության

Անգլերեն 1 մլրդ
Չինարեն 300 մլն
Ֆրանսերեն 195 մլն
Իսպաներեն 125 մլն
Արաբերեն 120 մլն

 

Գումարային առումով, այս կամ այն կերպ (որպես մայրենի կամ օտար), թե անգլերենին և թե չինարենին տիրապետում է մոտ 1,5-ական միլիարդ մարդ: Երրորդը իսպաներենն է՝ մոտ 550 միլիոն մարդ: Ապա գալիս են արաբերենը (420 միլիոն), ֆրանսերենը (270 միլիոն), պորտուգալերենը (260 միլիոն): Ռուսերենին, այս կամ այն կերպ, տիրապետում է 220 միլիոն մարդ:

Ընդ որում, քանի որ բազմաթիվ հետխորհրդային երկրներում ռուսերենին տիրապետում են տարեց մարդիկ, իսկ երիտասարդները այլ լեզուներ են սովորում, կանխատեսվում է, որ 2025 թվականին ռուսերենը որպես մայրենի կամ երկրորդ լեզու իմացողների թիվն աշխարհում կլինի 200 միլիոնից քիչ: Այնինչ, տարածված մյուս լեզուների իմացողների թիվը միմիայն աճում է:

Ռուսերենի, որպես մայրենի լեզվի, դիրքերը ամենաթույլն են ըստ երկրների ցանկում: Այստեղ ռուսերենը զիջում է անգլերենին, ֆրանսերենին, իսպաներենին, արաբերենին, պորտուգալերենին, գերմաներենին, հոլանդերենին և անգամ սերբերենին:

Մայրենի լեզու ըստ երկրների

Անգլերեն 56 երկիր
Ֆրանսերեն 29 երկիր
Արաբերեն 24 երկիր
Իսպաներեն 20 երկիր
Պորտուգալերեն 8 երկիր

 

Միակ չափանիշը, ըստ որի ռուսերենը հայտնվում է թոփ-հնգյակում, դա 2-րդ օտար լեզուն է ըստ երկրների: Դրանք, հիմնականում, հետխորհրդային երկրներն են, ուր մարդիկ ռուսերենին տիրապետում են անգլերենից լավ: Սակայն անգամ այդ երկրների մի մասում (մերձբալթյան երկրներում, Ադրբեջանում ու Վրաստանում) շուտով անգլերեն իմացողնրի թիվը կգերազանցի ռուսերեն իմացողներին:

Ամենատարածված օտար լեզու ըստ երկրների

Անգլերեն 55 երկիր
Ֆրանսերեն 14 երկիր
Ռուսերեն 13 երկիր
Իսպաներեն 8 երկիր
Արաբերեն 6 երկիր

 

          «Իրազեկ քաղաքացիների միավորում»

Առնչվող