ՌԴ սահմանապահները «Զվարթնոցում» գործելու իրավունք չունեն

Ինչպես գիտեք, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում մեկնող և ժամանող քաղաքացիների անձանգրային ստուգումները հաճախ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության սահմանապահների փոխարեն իրականացնում են Ռուսաստանի Դաշնության մեր երկրում գտնվող անվտանգության դաշնային ծառայության (ФСБ) սահմանապահները:

ՀՀ ԱԱԾ-ից «Իրազեկ Քաղաքացիների Միավորման» հարցմանն ի պատասխան հայտնեցին, որ , «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ՌԴ ԱԴԾ սահմանապահները ծառայություն են իրականացնում ՀՀ և ՌԴ միջև 1992 թվականի սեպտեմբերի 30-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի կարգավիճակի ու նրանց կենսագործունեության պայմանների մասին» պայմանագրով:

Այդ պայմանագրի ուսումնասիրությամբ պարզ է դառնում, որ չկա այնպիսի մի դրույթ, որը Ռուսաստանի Դաշնության սահմանապահներին իրավունք կտար որևէ ծառայություն իրականացնել Հայաստանի որևէ օդանավակայանում:

Փոխարենը, պայմանագրի 3-րդ հոդվածում հստակ ամրագրված է, որ «Թուրքիայի և Իրանի հետ սահմանի պահպանության հետ չկապված այլ խնդիրների կատարմանը (բացառությամբ տարերային աղետների, վթարների և այլ աղետների վերացման աշխատանքների) Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերը չեն ներգրավվում»:

Անգամ ավելին: Նույն պայմանագրի 6-րդ հոդվածն ասում է «Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերը սահմանն անցնելու կանոնակարգերը սահմանող օրենսդրական գործող ակտերին համապատասխան մարդկանց, փոխադրամիջոցների, բեռների, ապրանքների և այլ իրերի բացթողումը իրականացնում են Թուրքիայի և Իրանի հետ Հայաստանի Հանրապետության սահմանի վրա գտնվող անցումային կետերով»: Ուշադրություն դարձրեք, որ խոսքը գնում է բացառապես Թուրքիայի և Իրանի սահմանների անցակետերի մասին և որևէ խոսք չկա օդակայաններում գործող անցակետերի մասին:

Այսպիսով, կարելի է վստահաբար արձանագրել, որ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը և Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայությունը համատեղ խախտում են հայ-ռուսական միջպետական պայմանագրերն ու Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը: Այդ կառույցներն, ըստ ամենայնի, իրենց դասում են օրենքից վեր:

Այս մոտեցումը խիստ մտահոգիչ է, քանի որ խոսքը գնում է Հայաստանի ազգային անվտանգության մարմինների, Հայաստանի սահմանի վերահսկման գործառույթները ապօրինի կերպով մեկ այլ պետությանը հանձնելու մասին, ինչը հանդիսանում է պետական ինքնուրույնության որոշակի զիճում:

«Իրազեկ Քաղաքացիների Միավորում»

Առնչվող