ՀՀԿ-ն ու արևմտյան գրանտները

30.06.2016 | 17:36 | Հայաստանի արտերկրյա գրանտները

Օրերս ՀՀ Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, խոսելով Հայաստանին աջակցություն ցուցաբերող միջազգային դոնորների մասին, նրանց հասցեին լուրջ քննադատություն է հնչեցրել:

Բաղդասարյանը, մասնավորապես ասել է. «…Այդ դոնոր կազմակերպությունները իմ ազգային արժեքները այլասերելու համար գումարներ կգտնեն, կրթական համակարգը ժամանակին, տարիներ առաջ, ամեն ինչ ներդնեն, որ կայացած կրթական համակարգը քայքայելու համար գումարներ կլինեին… ժողովրդավարությունը զարգացնելու համար գումարներ չի՞ լինի»:

Մի կողմ թողնելով այն, որ արժանապատիվ երկիրն ինքը պետք է ապահովի արդար ընտրությունների անցկացումը, փորձենք հասկանալ, թե միջազգային դոնորների այդ ո՞ր աջակցությունից է դժգոհ ՀՀԿ խմբակցությունը:

Մշակույթ

Այսպիսով, արժեքների (այդ թվում՝ ազգային արժեքների) հետ կապ ունեցող ոլորտին՝ Մշակույթի նախարարությանը վերջին 10 տարում ամենաշատը գրանտներ են տվել Եվրոպան (ԵՄ-ն և ԵՄ անդամ պետությունեը), ԱՄՆ-ն և Ուկրաինան (գումարային՝ 3,4 միլիոն ԱՄՆ դոլար): Այդ գումարներով ոչ միայն ինչ-որ չափով պահպանվել է ազգային կինոմատոգրաֆիան, այլև նկարահանվել են «Փարաջանով», «Արահետ», «Կաթնեղբայր», «Բարի գնալուստ» ու բազմաթիվ այլ հայտնի ֆիլմեր:

Այդ նույն դոնորներից գումարներ են ստացել նաև բազմաթիվ թատրոններ, ֆիլhարմոնիկ նվագախումբը, Ազգային պատկերասրահը, Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնը, Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայությունը, ինչպես նաև բազմաթիվ մարզային թանգարաններ:

Եվրոպական ու Ամերիկյան գումարներով վերականգնվել (ռեստավրացվել) են նաև պատմամշակույթային բազում հուշարձաններ:

Կրթություն

Համապատասխան Կրթության և Գիտության նախարարությունից ստացված տվյալների, այդ ոլորտին արևմտյան երկրներն ու կազմակերպությունները ցուցաբերել են ահռելի և բազմակողմանի աջակցություն:

Հիմնական ծավալի աջակցությունը եղել է «Տեմպուս» ծրագրի շրջանակներում, որի շնորհիվ բազմաթիվ երիտասարդներ անվճար կրթություն են ստացել Եվրոպական լավագույն ԲՈՒՀ-երում: Բացի այդ, ավելի քան 1.2 միլիոն դոլար ստացել է ԵՊՀ-ն, կես միլիոն դոլարից ավել ստացել է Բժշկական համալսարանը, հարյուր հազարավոր դոլարներ ստացել են այլ պետական ԲՈւՀ-եր: Բավականին էական աջակցություն է տրվել ծնողազուրկ և զարգացման հետ կապված խնդիրներով երեխաների կրթության համար: Ծավալուն գրանտներ են տրվել նաև մարզային արհեստի դպրոցներին:

Միջին մասնագիտական և արհեստագործության կրթական հիմնարկներին, վերջին 10 տարում Եվրոպական Միությունը տրամադրել է 35 միլիոն եվրո:

Այս բոլոր դրամաշնորհները տրվել են Կրթության և Գիտության նախարարությանը (կամ դրա միջոցով)՝ Հայաստանում Հանրապետական կուսակցության իշխանության օրոք: Հետևապես, եթե Բաղդասարյանը համարում է, որ այդ գրանտներով այլասերվում են ազգային արժեքները, ապա, դա, առաջին հերթին մեղադրանք է հենց իր գործընկերների հասցեին:

Այլ ոլորտներ

Դժվար է ասել, թե ի՞նչ է պարոն Բաղդասարյանը նկատի ունեցել ասելով «ազգային արժեքների այլասերում», սակայն հավելենք, որ թե՛ Եվրոպական երկրներն ու կառույցները և թե՛ ԱՄՆ-ն բավականին մեծ աջակցություն են ցուցաբերում ոստիկանությանը, Պաշտպանության նախարարությանը ու Քննչական Կոմիտեին: Միայն Երևանում ԱՄՆ դեսպանատունը արդարադատության և անվտանգության համար տարեկան տրամադրում է 3 միլիոն դոլար:

Հնարավոր է, որ Բաղդասարյանի ընկալած «ազգային արժեքների» մեջ չի մտնում ժողովրդավարությունը, մարդու իրավունքներն ու արդարադատությունը, որոնց համար, թե՛ պետական մարմիններին և թե՛ հասարակական կազմակերպություններին տրամադրվում են արևմտյան դրամաշնորհների մեծ մասը:

Բայց արևմուտքը դրամաշնորհներ է տալիս նաև այլ որորտներին, ինչպիսին են Բնապահպանության նախարարությունը, Էներգետիկան, Առողջապահության համակարգերը և անգամ փողոցային լուսավորությունն ու ճանապարհաշինությունը, իսկ ահա Արտակարգ իրավիճակների նախարարության համարյա ամբողջ փրկարարական գույքը (սկսած հրշեջ մեքենաներից և ավարտած սովորական մուրճերից) ստացված է դրամաշնորհներով… Եվ այս ցանկը շատ ավելի երկար է:

Ոլորտներ, որոնք, կարծես, «ազգային արժեքների» հետ կապ չունեն, եթե, իհարկե, վատ առողջապահությունը, մութ ու քանդված փողոցները, աղտոտված բնությունն ու անզեն փրկարարները ազգային արժեք չեն:

Դանիել Իոաննիսյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում»


Կարդացեք նաև