Էդմոն Մարուքյանը դիմել է վարչապետին՝ ՀՀ քաղաքացիների անձնական տվյալների հարցով(1in.am)

ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը նամակ է գրել վարչապետ Կարեն Կարապետյանին՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության մտահոգության առնչությամբ, որ Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայությունը հասանելիություն ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անձնական տվյալների բազային։

Հայաստանի Հանրապետության վարչապետ

պարոն ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ

Հարգելի՛ պարոն Կարապետյան,

Ինձ է դիմել «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը: Նա հայտնում և հիմնավորում է, որ Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայությունը հասանելիություն ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անձնական տվյալների բազային: Մասնավորապես Սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական (ՍԷԿՏ) համակարգի էլեկտրոնային շտեմերաններում են պահվում Հայաստանի պետական սահմանը հատող անձանց անձնագրերի ու տեխնիկական անձնագրերի սքանները, սահմանը հատելու օրվա, ժամի, ուղղության և ուղեկցող անձանց մասին, ինչպես նաև այլ տեղեկություներ, որոնք պահպանվում են առնվազն 7 տարի:

Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի թիվ 884-Ն որոշման 2-րդ հավելվածով սպառիչ թվարկվում է, թե որ մարմինները կարող են օգտվել ՍԷԿՏ համակարգից: Մինչդեռ, «Իրազեկ քաղաքացիների միավորում»-ը բացահայտել է, որ Հայաստանի ՍԷԿՏ համակարգից օգտվելու հնարավորություն ունի նաև Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայությունը:

Պատասխանելով կազմակերպության հարցմանը՝ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հայտնել է, որ Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչությանը տրամադրվել է ՍԷԿՏ-ից օգտվելու հասանելիություն՝ ընդհանուր հղում կատարելով 1992 թվականին կնքված «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հայաստանի տարածքում գտնվող Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի կարգավիճակի ու նրանց գործունեության պայմանների մասին» պայմանագրին՝ չնշելով դրա որևէ կոնկրետ դրույթ: Մինչդեռ, նշված պայմանագրում որևէ կետ չկա և չի կարող լինել 2006 թվականին ստեղծված էլեկտրոնային համակարգի մասին (ինչպես նշվեց, այն կնքվել է 1992 թվականին):

«Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ պետականմարմինների տնօրինության տակ գտնվող անձնական տվյալներըկարող են փոխանցվել օտարերկրյա պետական մարմիններին միայնմիջպետական պայմանագրերի շրջանակներում (…): Քանի դեռ չկա որևէ միջպետական պայմանագիր, որով Հայաստանը Ռուսաստանին պետք է փոխանցի Հանրապետության պետական սահմանը հատած անձանց անձնական տվյալները, տվյալների փոխանցումն անօրինական է:

Որպես ՍԷԿՏ-ը համակարգող մարմին՝ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից քաղաքացիների անձնական տվյալների հասանելիությունն այլ երկրի պետական մարմնին տրամադրելը զանգվածային կերպով խախտում է անձանց անձնական տվյալների պաշտպանության սահմանադրական իրավունքը՝ ամրագրված Սահմանադրության 34-րդ հոդվածով:

Հաշվի առնելով վերոշարադրյալը և հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի (ը) կետը՝ խնդրում եմ հայտնել, թե արդյոք կառավարությունը տեղյակ է շարադրված փաստերի մասին, եթե այո, ապա ինչ դիրքորոշում ունի նշվածի վերաբերյալ, ինչպես նաև առաջարկում եմ անհապաղ դադարեցնել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և այլ անձանց իրավունքների նմանօրինակ զանգվածային խախտումը:

 

Շնորհակալություն համագործակցության համար:

Հարգանքով՝

ԷԴՄՈՆ ՄԱՐՈւՔՅԱՆ

Առնչվող