Հայ-ռուսական միացյալ զորախմբի պայմանագիրն ու հիմնական թեզերը

12.12.2016 | 12:41 | Ռազմական համագործակցություն, Օգտակար նյութեր

«Իրազեկ քաղաքացիների միավորմանը» հաջողվեց ՀՀ Արտաքին գործերի նախարարությունից ստանալ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զորքերի միացյալ խմբավորման մասին 2016թ. նոյեմբերի 30-ին ստորագրված համաձայագիրը (որը հասանելի է այստեղ):

Ըստ համաձայնագրի և հրապարակված այլ տեղեկությունների, Հայաստանում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմակայանը և ՀՀ ԶՈւ 5-րդ բանակային կորպուսը միավորվում են զորքերի միացյալ խմբավորման մեջ:

Զորքերի կառավարումը

Զորքերի կառավարումը իրականացնելու է միացյալ խմբավորման հրամանատարը, ում, ՌԴ նախագահի համաձայնությամբ նշանակելու է ՀՀ նախագահը:

Խաղաղ ժամանակ միացյալ խմբավորման հրամանատարը ենթարկվելու է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետին, իսկ պատերազմի (կամ դրա իրական վտանգի) ժամանակ՝ կամ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետին կամ ՌԴ հարավային ռազմական օկրուգի հրամանատարին։ Թե կոնկրետ ո՞ւմ է ենթարկվելու միացյալ խմբավորման հրամանատարը պատերազմի ժամանակ  որոշելու են ՀՀ և ՌԴ գերագույն գլխավոր հրամանատարները: Պայմանագրով որևէ կերպ սահմանված չէ, թե ինչ է լինելու, երբ երկու երկրների գերագույն հրամանատարները չգան ընդհանուր կարծիքի:

Միացյալ խմբավորման հրամանատարը հրամաններ է ստանալու ոչ միայն իր անմիջական վերադասից, այլ, նաև, երկու երկրների նախագահներից և պայմանագրով ամրագրված չէ, թե ի՞նչ պետք է արվի, երբ այդ հրամանները իրարամերժ են:

Փոխարենը, պայմանագրով հստակ է, որ միացյալ զորքերի կիրառման պլանը մշակվում է 102-րդ ռազմակայանի ու միացյալ զորքերի հրամանատարության կողմից: Համատեղ զորքերի կիրառման որոշումը պետք է կայացնեն ՀՀ և ՌԴ գերագույն գլխավոր հրամանատարները՝ համատեղ:

Միացյալ հրամանատարության պաշտոնական լեզուն լինելու է ռուսերենը:

Նպատակները

Ըստ պայամանգրի և դրան կից կանոնակարգի, միացյալ խմբավորման նպատակները լղոզված են ու անմիարժեք, իսկ դրանց մի մասը, պարզապես մտահոգիչ:

Այսպես, խնդիրների մեջ են ոչ միայն հնարավոր ագրեսիայի հետ մղումը կամ երկրների սահմանների պաշտպանությունը, այլ, անգամ «տեղեկատվական» ու «տեղեկատվահոգեբանական» միջոցների հակազդեցությումը: Դժվար է ասել, թե ի՞նչ գործողություններ են կանգնած այս, բավականին անմիարժեք խնդիրների հետևում:

Սակայն, բացի պայմանագրով թվարկված խնդիրներից, դրանով նաև սահմանվում է, որ ՀՀ և ՌԴ ԶՈւ գերագույն գլխավոր հրամանատարները կարող են սահմանել այլ խնդիրներ ևս: Սա նշանակում է, որ անկախ պայմանագրում նշվածից, համատեղ զորախումբը կարող է ստանալ ցանկացած այլ նպատակ ու դրանից բխող հրաման:

Եվ եթե հաշվի առնենք, որ պայմանագրով բավականին անմիարժեք են սահմանված «ագրեսիայի անմիջական վտանգ» հասկացությունը և այն տարածքը, ուր գործում է համատեղ զորախումբը, երկու երկրների ղեկավարները կրող են, դրա վրա հիմնվելով, ընդհուպ մինչև Երևանում ցույցեր ցրելու, կամ ասենք, Վրաստան ներխուժելու մասին հրաման տան:

Այնուամենայնիվ նշենք, որ հստակ է, որ միացյալ խմբավորման կիրառման որոշումը պետք է համատեղ կայացնեն Հայաստանի ու Ռուսաստանի ԶՈւ գերագույն գլխավոր հրամանատարները:

«Իրազեկ քաղաքացիների միավորում»


Կարդացեք նաև