Հայտարարություն քվեարկության գործընթացի տեխնիկական ապահովման նպատակով ստեղծված համատեղ հանձնաժողովում չընդգրկվելու մասին

12.12.2016 | 13:47 | Ընտրություններ, Հայտարարություններ

ՀՀ Ընտրական օրենսգրքի 4+4+4 ձևաչափով քննարկումներին մասնակցած քաղաքացիական հասարակության ներքոստորագրյալ կազմակերպություններս սույնով հայտնում ենք, որ հրաժարվում ենք ընդգրկվել Ազգային ժողովի ընդդիմադիր, ոչ ընդդիմադիր խմբակցությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից կազմված համատեղ հանձնաժողովի կազմում: Հանձնաժողովի կազմավորման և գործունեության կարգը հաստատվել է ՀՀ կառավարության 2016 թվականի նոյեմբերի 10-ի N1158-Ն որոշմամբ, որի նպատակն է կազմակերպել ընտրական տեղամասերում տեսանկարահանումը և ուղիղ հեռարձակումը, նույնականացման քարտերի և անձնագրերի շտեմարանի աուդիտն ումշտադիտարկելու՝ էլեկտրոնային սարքերով քվեարկողների գրանցման համակարգի ներդրման ընթացքը:

Կարևորելով հանրային վերահսկողությունը բոլոր փուլերում, այդուհանդերձ ձեռնպահ ենք մնում ներգրավվել այս հանձնաժողովում, քանի որ դիտորդական առաքելություն իրականացնող ՀԿ-ներիս համար լրջագույն խնդիրը գործուն լիազորություններ չունեցող այս կառույցի գործարկումը չէ, այլ դիտորդական առաքելությունների և ԶԼՄ ներկայացուցիչների իրավունքների՝ ընտրական օրենսգրքով նախատեսված աննախադեպ սահմանափակումները, որոնց առկայությունն արդեն իսկ կասկածի տակ է դնում ընտրությունների արդարությունն ու օրինականությունը, և այդ չափանիշներին համապատասխանող ընտրություններ անցկացնելու իշխանության պատրաստակամությունը:

Խնդրահարույց է նաև հիշյալ եռակողմ հանձնաժողովի գործառույթների, դրա գործունեության և լիազորությունների սահմանման վերաբերյալ կառավարության որոշման կայացման ոչ ներառական բնույթը, ինչպես նաև՝ այդ որոշմամբ սահմանված պայմանները, որոնք պարտադրվում են քաղաքացիական հասարակությանը և դրա առանձին ներկայացուցիչներին:

Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների բազմաթիվ քննարկումներն ու դրանց արդյունքում դիտորդների և ԶԼՄ ներկայացուցիչների իրավունքների սահմանփակումները վերացնելու վերաբերյալ արված առաջարկությունները այդպես էլ օրակարգային չդարձան կառավարության համար, իսկ  որոշ  դրական փոփոխությունները, որոնք հնարավոր եղավ արձանագրել ընտրական օրենսգրքի վերջին փոփոխություններով, ստվերվեցին և չեզոքացվեցին ակնհայտ անհամաչափ սահմանափակումներով և ներդրված պատասխանատվության ինստիտուտներով, որոնք ևս չէին դարձվել լայն քննարկման առարկա:

Հաշվի առնելով վերագրյալը, աննպատակահարմար ենք համարում մեր ներգրավումն այս հանձնաժողովում: Միևնույն ժամանակ, հնարավորինս ուշադրության կենտրոնում ենք պահելու հանձնաժողովի աշխատանքը՝ ակնկալելով  թափանցիկ և հրապարակային գործունեություն:

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ
«Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» ՀԿ
«Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ
«Իրավունքի գերակայություն» ՀԿ
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ
«Համագործակցություն հանուն ժողովրդավարության» ՀԿ


Կարդացեք նաև