2017թ. հունվարի մեկից մաքսային դրույքաչափերը կավելանան (ցանկ)

27.12.2016 | 19:28 | Տնտեսություն և Էներգետիկա, Եվրասիական միություն

Ինչպես հայտնի է, 2015թ. հունվարի 2-ին պաշտոնապես գործարկվեց Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության պայմանագիրը: Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամակցությունը նախ և առաջ ենթադրում էր ապրանքների և ծառայությունների միասնական շուկայի ստեղծում և միասնական մաքսային քաղաքականության իրացում: Այլ կերպ ասած, անդամակցությունից հետո երրորդ երկրների հետ առևտրում ՀՀ գործող մաքսային դրույքաչափերը պետք է փոխարինվեին և ներդաշնակեցվեին ԵԱՏՄ միասնական դրույքաչափերի հետ:

Մինչ ԵԱՏՄ անդամակցությունը ՀՀ-ում ապրանքների մաքսային դրույքաչափերը չէին գերզանցում 10 տոկոսը: Թվով ավելի քան 11,500 ապրանքատեսակների շուրջ 60 տոկոսի պարագայում ԵԱՏՄ-ում մաքսային դրույքաչափերն ավելի բարձր էին, քան ՀՀ-ում, իսկ դրանց մոտ 14 տոկոսի պարագայում՝ հակառակը: Ընդ որում, թվով մոտ 230 ապրանքատեսակների մաքսային դրույքաչափերը ԵԱՏՄ-ում ավելի քան 50 տոկոսով ավել են, քան ՀՀ-ում։

Որպես օրինակ նշենք, որ մսային ապրանքների մաքսազերծման համար ԵԱՏՄ-ում գանձում են դրա գնի 15-ից 80 տոկոսը: Նկատի ունենալով այս հանգամանքը՝ անդամակցության ժամանակ Հայաստանի Հանրապետությանը որոշակի զգայուն ապրանքատեսակների գծով տրվեցին ժամանակավոր արտոնություններ: Ըստ այդմ, առավել զգայուն թվով 775 ապրանքատեսակների մաքսատուրքերը նախատեսված էր փոփոխել աստիճանական մոտեցմամբ՝ սկզբնական շրջանում պահպանելով գործող մաքսատուրքերը, իսկ մինչև 2022թ.՝ աստիճանաբար և  ամբողջովին անցում կատարել ԵԱՏՄ միասնական դրույքաչափերին:

Այս առումով հետաքրքրական է ուսումնասիրել, թե 2017թ. սկզբից ո՞ր ապրանքատեսակների գծով կիրառվող դրույքաչափերն են փոփոխվելու հայկականից դեպի եվրասիական: Ստորև ներկայացված են ԵԱՏՄ անդամակցության պայմանագրի անցումային դրույթներով 2017թ. հունվարի 1-ից նախատեսված մաքսատուրքերի փոփոխությունները.

  • 2017թ.-ից նոր դրույքաչափեր կսահմանվեն թեթև մարդատար ավտոմոբիլների և այլ շարժիչային տրանսպորտային միջոցների համար նախատեսված ռետինե օդախցիկների համար: Սույն ապրանքատեսակի համար կիրառվող մաքսատուրքը գործող 10%-ից կբարձրանա մինչև 13-15%՝ կախված ապրանքի ֆիզիկական հատկանիշներից:
  • Միասնական դրույքաչափեր կսահմանվեն տեղափոխման կամ փաթեթավորման համար նախատեսված շշերի, սրվակների, սափորների, բանկաների և ապակե այլ տարաների համար: Այս ապրանքատեսակի գծով կսահմանվի 13% մաքսատուրք՝ գործող 10%-ի փոխարեն:
  • Գալիք տարվանից 10%-ի հասնող անփոփոխ միասնական մաքսատուրքեր կտարածվեն նաև հաղորդալարերի, մալուխների և պղնձյա լարով մեկուսացված էլեկտրական հաղորդիչների, ինչպես նաև թանկարժեք մետաղից գոտիների, ժապավենների եւ ապարանջանների վրա:

 

Մաքսատուրքերի առավել ինտենսիվ միասնականացում տեղի կունենա սկսած 2019թ.-ից, երբ միասնական դրույքաչափեր կսահմանվեն ոչ միայն արդյունաբերական, այլև սպառողական նշանակության ապրանքների համար: Մինչև 2022թ. ՀՀ-ում նոր և ավելի բարձր մաքսատուրքեր կսահմանվեն այնպիսի բազմատեսակ ապրանքների համար, ինչպիսիք են եղջերավոր կենդանիների և ընտանի թռչունների միսը, բրինձը, օճառը, տարբեր գործվածքները, բժշկական սարքավորումները, հանքային և քիմիական պարարտանյութերը, մետաղական ձուլվածքները և այլն:

Անդրանիկ Մանուկյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

 


Կարդացեք նաև