Բելառուսական վտանգավոր նախադեպը ԼՂՀ-ի համար

25.01.2017 | 14:09 | Արտաքին քաղաքականություն

Հունվարի 20-ին Բելառուսի Գլխավոր դատախազությունը որոշում է կայացրել, Բաքվի պահանջով, Ադրբեջանին հանձնել Մինսկում ձերբակալված հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինին: Հիշեցնենք, որ Ադրբեջանը պահանջում է Լապշինին հանձնել՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցելելու համար (Ադրբեջանը որակում է, որպես իր պետական սահմանի ապօրինի հատում):

Լապշինը և նրա փաստաբանները որոշման պահից սկսած ունեն 10 օր այն բողոքարկելու համար: Ու թեև բլոգերը դեռևս Բելառուսում է և կա հավանականություն, որ իր իսրաելական ու ռուսական անձնագրերը կփրկեն իրեն Ադրբեջան արտահանձնվելուց, սակայն որոշակի եզրահանգումներ արդեն կարելի է անել:

Դեպի ապահո՞վ Բելառուս

Մինսկի՝ Լապշինին Բաքու արտահանձնելու որոշումը ցույց է տալիս, որ Բելառուսի համար Ադրբեջանի հետ համագործակցությունը ավելի կարևոր է, քան իր միջազգային հեղինակությունը՝ որպես երկիր, որտեղ, եթե ոչ տեղացիների, ապա օտարերկրյա քաղաքացիների իրավունքները պաշտպանված են: Փաստորեն, եթե Բելառուսը ՌԴ և Իսրայելի քաղաքացիություն ունեցող անձին կարող է հանձնել Բաքվին, ապա կարող է նույնն քայլն անել նաև Լեռնային Ղարաբաղ այցելած ցանկացած անձի հանդեպ:

Նաև ՀՀ քաղաքացինե՞րը

Ըստ երևույթի՝ նմանօրինակ իրավիճակում կարող են հայտնվել նաև Ղարաբաղ այցելած Հայաստանի քաղաքացիները: Ի՞նչ տարբերություն Ղարաբաղ այցելած Իսրայելի ու Ռուսաստանի քաղաքացի բլոգերի և Ղարաբաղ այցելաց որևէ այլ անձի միջև: Երկուսն էլ փաստացի հատում են Ղարաբաղի սահմանը, որը, ըստ Բաքվի, հանդիսանում է հայ-ադրբեջանական սահմանի ապօրինի հատում:

Այսինքն, այսուհետ ԼՂՀ այցելած ցանկացած անձ Բելառուս այցելելիս հայտնվում է Ադրբեջան արտահանձնվելու վտանգի տակ:

Նմանօրինակ իրավիճակում Հայաստանի ԱԳՆ-ն առնվազն պիտի ջանք չխնայի, որպեսզի տեղյակ պահի Ադրբեջանի «սև ցուցակում» հայտնված կամ երբևէ ԼՂՀ այցելած բոլոր մարդկանց, որ Բելառուս այցելելը նրանց համար այլևս ապահով չէ:

Ավելին, ԱԳՆ-ն պետք է առաջին հերթին նման վտանգի մասին տեղեկացնի ՀՀ քաղաքացիներին (որոնցից շատերը եղել են Արցախում): ԼՂՀ այցելած բոլոր քաղաքացիները պետք է իմանան, որ Բելառուս այցելելը վտանգավոր է և կարող է ավարտվել ադրբեջանական բանտում:

«Բարեկամներ»

Ստեղծված իրավիճակում Հայաստանի համար անհանգստության տեղիք տվող ամենակարևոր հանգամանքը պիտի լինի այն, որ Մինսկը չնայած պաշտոնապես Հայաստանի դաշնակիցը լինելուն՝ ԵԱՏՄ և ՀԱՊԿ շրջանակներում, պարբերաբար հակահայկական քայլեր է ձեռնարկում:

Լապշինի արտահանձումը բնականաբար քաղաքական պատճառաբանում ունի՝ պայմանավորված Բելառուս-Ադրբեջան սերտ հարաբերություններով: Ոչինչ չի բացառում, որ Մինսկի օրինակին հետևեն Ադրբեջանի հետ մտերիմ հարաբերություններ ունեցող այլ երկրները:

Այս պարագայում, խոսքը Թուրքիայի, Պակիստանի ու Ղազախստանի մասին է, որոնք ևս կարող ենք սկսել Բաքվից ստանալ ու բավարարել «Ադրբեջանի սահմանը ապօրինի հատած» անձանց արտահանձնման դիմումներ:

 

Աննա Փամբուխչյան,

«Իրազեկ քաղաքացիների միավորում»


Կարդացեք նաև