ԵԱՏՄ-ն ընդդեմ հայկական բանակի

28.01.2017 | 16:09 | Ռազմական համագործակցություն, Եվրասիական միություն

Օրերս Հայաստանի Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտարարեց, որ Ռուսաստանից ստացվող սպառազինությունը չի լրացնում ժամանակակից զինտեխնիկայի կարիքը: Ըստ նախարարի, Հայաստանը բացի Ռուսաստանից նաև այլ երկրների հետ է բանակցություններ վարում զենքերի մատակարարումների շուրջ. «և արդեն ունենք արդյունքներ և մատակարարումներ», – ասել է Սարգսյանը:

Նորություն չէ

Ըստ էության, որևէ մեկի համար նորություն չէ, որ Հայաստանին սպառազինություններ մատակարարողը միայն Ռոսաստանը չէ և ոչ միշտ է, որ ռուսական զենքերը ամենձեռնտուն են գին/որակ հարաբերակցությամբ:

Հայաստանի օդուժի համարյա բոլոր մարտական ինքնաթիռները գնված են Սլովակիայից և Ռումինիայից, հեռահար համազարկային WM-80 համակարգերը` Չինաստանից, «Սև նետ» դիպուկահար հրացաններն էլ մատակարարվել են Սերբիայից, զինվորականների սիրած Kia և Nissan ամենագնացները կորեական ու ճապոնական են և այլն:

Սրան կարող ենք ավելացնել նաև ԱՄՆ-ից ու Չինաստանից ռազմական օգնության տեսքով եկող որոշ սպառազինություններ, և պատկերն էլ ավելի կամբողջանանա:

ԵԱՏՄ-ն

ԵԱՏՄ-ին անդամակցելուց առաջ բանակի համար զենք և այլ գույք գնելիս ՊՆ-ն, բնականաբար, որևէ մաքսատուրք չէր վճարում… Ինչ էլ որ վճարում էր՝ վճարում էր ՀՀ պետական բյուջե:

Սակայն, ԵԱՏՄ պայմանագրի համաձայն, այլ երկրներից զենք, զինամթերք և որևէ այլ ապրանք ներմուծելիս պետք է միության բյուջե վճարել բոլոր մաքսատուրքերը: Եվ այդ վճարված մաքսատուրքերի ընդամենը մեկ տոկոսն է հետո վերադառնում Հայաստանի բյուջե, իսկ շուրջ 99 տոոսը գնում է ԵԱՏՄ մյուս երկրներին:

Ռազմական տեխնիկայի (զենքեր, զրահատեխնիկա, մեքենաներ և այլն) դրույքաչափերը կազմում են 18-ից 20 տոկոս: …Այսինքն, եթե ՊՆ-ն այժմ ցանկանա գնել, ասենք, գերմանական սաղավարտ, ամերիկյան զրահաբաճկոն, սլավոնական ինքնաթիռ, սերբական դիպուկահար հրացան կամ ֆրանսիական հակատանկային համակարգ, ապա ստիպված կլինի ԵԱՏՄ բյուջե փոխանցել դրա գնի առնվազն 18 տոկոսը:

Ու թեև Հայաստանի ԵԱՏՄ-ին միանալու պայմանագրի 3 հավելվածի 44-րդ հոդվածը սահմանում է, որ մինչ 2022 թվականը ռազմական նշանակության միմիայն այն ապրանքներն են ազատված մաքսազերծումից, որոնց նմանակը ԵԱՏՄ-ում չի արտադրվում: Իսկ ԵԱՏՄ-ում Ռուսաստանը արտադրում է ամեն տեսակի ռազմական տեխնիկա, հետևաբար հազիվ թե գտնվի այլ երկրում արտադրված այնպիսի տեխնիկա, որի նմանակը ԵԱՏՄ-ում չկա (բացառություն են «Յավելին» տեսակի հակատանկային միջոցները):

Այլ խոչընդոտներ

Բոլորս հիշում ենք մաքսակետերում շաբաթներ և անգամ ամիսներ անցկացրած բանակի համար մասնավոր անձանց կողմից պատվիրված ապրանքների պատմությունները… Քաղաքացիները գումար էին հավաքում և արտերկրից պատվիրում էին տարբեր ապրանքներ՝ սկսած հեռադիտակներից, վերջացրած «պլաշ-պալատկաներով»: Իսկ մաքսակետերում պահանջում էին վճարել դրանց մաքսատուրքերը:

Ու թեև այդ իրավիճակներում քաղաքացիներն իրենց մեղադրանքները ուղղում էին հայրենի մաքսավորներին, սակայն նկատենք, որ բոլոր այն կարգավորումներն ու նորմատիվները, որոնցով առաջնորդվում էին մաքսատներում գալիս էին Մոսկվայից… մաքսային միության մաքսային օրենսգիրք, ԵԱՏՄ հանձնաժողովի սահմանած դրույքաչափեր և այլն:

Հայաստանի մաքսային ծառայությունը պարզապես իրավունք չուներ չգանձելու մաքսատուրքերը (որքան էլ որ չցանկանար): Ավելին, այդ մաքսատուրքերը գնում էին ոչ թե Հայաստանի, այլ, ինչպես նշեցինք, ԵԱՏՄ բյուջե:

Դանիել Իոաննիսյան
«
Իրազեկ Քաղաքացիների Միավորում»


Կարդացեք նաև