Արտաքին հարաբերությունների ծախսերը

2016թ.-ի ՀՀ պետական բյուջեով ՀՀ արտաքին հարաբերությունների համար նախատեսվում էր ծախսել մոտ 14,9 միլիարդ դրամ, որից ծախսվել է 14,2-ը։

Այս գումարի զգալի մասը (9,5 միլարդը) ծախսվել է ՀՀ դեսպանությունների և ներկայացուցչությունների պահպանման նպատակով։ Այս գումարի մեջ ներառված է 42 միլիոն դրամ գործուղումների և շրջագայությունների ծախսերը։ Այս նպատակով կնքված պայմանագրերից  6-ը գերազանցել են 1 մլն դրամը։ Մասնավորապես՝ «Ավիատուր Գրուպ» ՍՊԸ-ի և ԱԳՆ-ի միջև 26.05.2016թ. կնքած պայմանագրով՝ 3,558,800 դրամով ձեռք է բերվել Երևան-Վիեննա-Ֆրանկֆուրտ-Մեխիկո էկոնոմ կարգի 3 տոմս։

11

Միջազգային կազմակերպություններին ՀՀ անդամակցության համար ծախսվել է 2,3 միլիարդ դրամ։ Արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար անցած տարի ծախսվել է շուրջ 346,4 միլիոն դրամ, իսկ ահա արտասահման պաշտոնական գործուղումների համար նախատեսված մոտ 416 միլիոնից արդեն ծախսվել է 411-ը։

2016թ.-ի բյուջեով ԱԳՆ-ն աշխատակազմի վրա ծախսել է 1,2 միլիարդ դրամ, որից 836,2 միլիոնը ծախսվել է աշխատավարձերի, 77,3 միլիոնը քաղաքացիական և պետական այլ ծառայողների պարգևատրումների, իսկ 21,3 միլիոնը էլեկտրաէներգիայի համար։ ԱԳՆ-ն կապի ծառայությունների համար ծախսել է 53,7 միլիոն դրամ, իսկ գործուղումների և շրջագայությունների համար՝ 142,2 միլիոն դրամ։

Դեսպանության շենքերի ձեռք բերման համար ծախսվել է մոտ 33,8 միլիոն դրամ։ ՆԱՏՕ-ի նոր կենտրոնական շենքի վերակառուցման աշխատանքների ծախսերի փոխատուցման ՀՀ մասնաբաժինը կազմել է 8,5 միլիոն դրամ։

ՀՀ ԱԳՆ աշխատակազմի «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալությունը իր համար նախատեսված 176,9 միլիոն դրամից ծախսել է 141,2-ը, որից 83,9 միլիոնը ծախսվել է աշխատողների աշխատավարձերի և հավելավճարների, 7,6 միլիոնը քաղաքացիական, դատական և պետական այլ ծառայողների պարգևատրումների, շուրջ 9 միլիոնը կապի ծառայությունների վրա։ 60 միլիոն դրամ ծախսվել է գործակալության գործուղումների, իսկ 6,5 միլիոն ներկայացուցչական ծախսերի վրա։

Ամփոփելով 2016թ.-ը՝ եկեք տեսնենք ինչ ապրանքներ և ծառայություններ է պլանավորում ձեռք բերել ՀՀ ԱԳՆ «Պետական արարողակարգային ծառայություն» գործակալությունը 2017-ի ընթացքում։

Համաձայն վերջերս հրապարակված գործակալության 2017 թվականի գնումների պլանի՝ «Պետական արարողակարգային ծառայություն» գործակալությունը պատրաստվում է 15 մլն դրամի գնումներ կատարել։ Այս գումարից մոտ 3,4 միլիոնը նախատեսվում է ծախսել ապրանքների, իսկ մոտ 11,6 միլիոնը ծառայությունների համար։

Ապրանքները իրենցից ներկայացնում են հիմանկանում գրենական պիտույքներ մոտ 1,5 միլիոն դրամի և 1,9 միլիոն դրամի բենզին։ Նկատենք, որ պրեմիում տեսակի բենզինի 1 լիտրի համար հաշվարկվել է 380 դրամ, այնինչ պրեմիումի շուկայական գինը այս պահին 350 դրամ է։

2017 թվականին միջքաղաքային և բջջային հեռախոսնների ծառայությունների համար պլանավորվում է ծախսել մոտ 4 միլիոն դրամ։

Տաթևիկ Վարդանյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Առնչվող