Անդրանիկ Մանուկյանի հարցազրույցը Tert.am-ին ներդրողների խնդիրների վերաբերյալ

06.02.2017 | 12:58 | Մամուլը մեր մասին

Հայաստանում ներդրումների ծավալների մեծացման անհրաժեշտության մասին խոսում են թե՛ մասնագետները, թե՛ գործարարները և թե՛ պետական համակարգի ներկայացուցիչները: Վարչապետ Կարեն Կարապետյանն իր պաշտոնավարման հենց առաջին օրերից խոսում է արտաքին և ներքին ներդրումների համար պայմաններ ստեղծելու մասին, մամուլում անգամ շրջանառվում է այն տեղեկությունը, որ վարչապետը մինչև 300 միլիոն դոլարի ներդրումներ է բերելու Հայաստան: Որքանո՞վ է սա հավանական և որո՞նք են Հայաստանում ներդրումներ անելու խոչընդոտները. Այս մասին Tert.am–ը զրուցել է տնտեսագետ, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ փորձագետ Անդրանիկ Մանուկյանի հետ:

Վարչապետ Կարեն Կարապետյանն իր պաշտոնավարման հենց առաջին օրերից խոսում է արտաքին և ներքին ներդրումների համար պայմաններ ստեղծելու մասին: Վերջինս այդ մասին բարձրաձայնում է կառավարության նիստերի, ռուսական, իրանական և այլ կողմերի հետ հանդիպումների ժամանակ: Հաշվի առնելով, որ նախընտրական շրջանում աշխարհի և ոչ մի երկրում ներդրումներ չեն արվում, իսկ առաջիկա 3-4 ամիսը հենց այս շրջանն է, գործարարները կարձագանքե՞ն այդ կոչերին

-Չեմ կարծում, որ ընտրությունները օտարերկրյա ներդրումների ծավալները պայմանավորող ամենակարևոր գործոնն են։ Օրինակ՝ ԱՄՆ-ում նախընտրական գործընթացը տարիներ է տևում և ավելի ինտենսիվ է անցնում, բայց այնպես չէ, որ տնտեսությունում առավել քիչ ներդրումներ են կատարվում։ Առավել ևս Հայաստանի դեպքում կտրուկ քաղաքական և դրանից բխող տնտեսական ու ներդրումային միջավայրի փոփոխությունները քիչ հավանական են, ուստի կարծում եմ, որ այլ հավասար պայմաններում դրանք օտարերկրյա ինվեստորներին չեն վանի։

Շատ է խոսվում այն մասին, որ վարչապետը մինչև 300 միլիոն դոլարի ներդրումներ է բերելու Հայաստան: Դա հնարավոր համարո՞ւմ եք:

– Ակնհայտ է, որ ՀՀ նոր Կառավարությունն իր առջև խնդիր է դրել մեծացնել ներդրումների ծավալները: Միգուցե ԱՄԷ-ի, Ռուսաստանի և այլ երկրների գործարարների հետ ինչ-որ համաձայնություններ հաջողվել է ձեռք բերվել, բայց մեր ներդրումային միջավայրը, ըստ էության, միևնույն վիճակում է։ Կարևորագույն խնդիրները՝ հարկային անբարենպաստ միջավայրը, ենթակառուցվածքների բացակայությունը, մոնոպոլիաների առկայությունը, փակ սահմանները, պատերազմական վիճակը և այլն, չեն փոխվել։ Իսկ եթե հիմնական դետերմինանտները նույնն են, ապա ի՞նչ հիմքով պետք է սպասել, որ ներդրումները կավելանան:

Ռուսական ընկերությունները բացի այն ոլորտներից, որոնք ենթադրում են բնական մենաշնորհներ` գազ, էլեկտրաէներգիա, Ձեր կարծիքով` այլ ոլորտներում ներդրումներ անելու հարցում շահագրգռվա՞ծ են

-Իհարկե, ռուսական ընկերություններն առավել հետաքրքրված են էներգետիկ ոլորտով, քանի որ այնտեղ շահութաբերության մակարդակը բարձր է: Բայց կարծում եմ, որ այլ ոլորտներում ևս հետաքրքրություն կա, օրինակ` ներդրումներ են կատարվում ֆինանսական սեկտորում՝ բանկեր, ապահովագրական ընկերություններ, ներդրումներ են կատարվում նաև կապի, հանքարդյունաբերության ոլորտում, ուստի կարծում եմ, որ տնտեսության այլ հատվածներում ևս ռուսական կապիտալի ներգրավումը հնարավոր է:

ԻրանՀայաստան տնտեսական հարաբերություններին ավանդաբար մեծ պոտենցիալ ու զարգացման ներուժ է վերագրվում: Իրանի նկատմամբ պատժամիջոցները հանելուց հետո, կարծես թե, երկու երկրների ապրանքաշրջանառություններում էական առաջընթաց չի եղել, էլ չենք խոսում էներգետիկ համատեղ ծրագրերի մեկնարկի մասին: Հայաստանն ի՞նչ պետք է անի այս  ուղղությամբ

-Նախ, երևի թե, պետք է սկսել նրանից, որ ոչ բոլոր սանկցիաներն են հանված և երեկ Դ. Թրամփի վարչակազմի կողմից նոր սանկցիաների հայտարարումը և դրան հաջորդող Իրանի կողմից հայտարարված հակադարձ սանկցիաները խոսում են այն մասին, որ այսուամենայնիվ, ԱՄՆ-Իրան սրված հարաբերությունները կպահպանվեն: Բայց ինձ թվում է՝ առևտրաշրջանառության նվազ ծավալների պատճառները պետք է փնտրել միկրոմակարդակում: Օրինակ, եթե դիտարկենք Իրան կատարվող ներմուծման կառուցվածքը և Հայաստանից կատարվող արտահանման կառուցվածքը, ապա կտեսնենք, որ քիչ ապրանքատեսակներ կան, որոնց նկատմամբ առկա իրանական պահանջարկը բավարարելու համար Հայաստանն առաջարկելու ինչ-որ բան ունի: Ուստի՝ նորից պետք է վերադառնալ տնտեսավարման համար հարմար պայմաններ ստեղծելու, արտադրական նոր  հզորություններ ստեղծելու և այնուհետ նոր արտահանումը խթանելու խնդրին:

Ըստ Ձեզ, ինչպիսի՞ փոփոխություններ են անհրաժեշտ, որպեսզի Հայաստանը ներդրումային առումով գրավիչ երկիր դառնա:

– Իմ կարծիքով, նախ և առաջ անհրաժեշտ է սեփականության պաշտպանության և օրենքի գերակայության վստահելի մեխանիզմներ արմատավորել: Բիզնես միջավայրը նկարագրող տարբեր միջազգային ինդեքսներ ու ցուցանիշներ կան: Ամենապարզ անալիզ կատարելու համար կարելի է դիտարկել, թե որ հենասյուներով է Հայաստանն ավելի հետ: Հիմնական մասով, Հայաստանը կարևորագույն խնդիրը հարկային համակարգի անբարենպաստությունն է, պետք է այն առավել ճկուն դարձնել՝ հարկային արտոնությունների, հարկային արձակուրդների և այլ գործիքների կիրառման ճանապարհով: Արդյունաբերության համար հատկապես կարևոր խնդիր է էլեկտրաէներգիայի և էներգակիրների գնի բարձր մակարդակը, խնդիրներ են վարկային ռեսուրսների թանկ լինելը,  ֆինանսական ենթակառուցվածքների թերզարգացվածությունը և այլն: Ի տարբերություն այլ խնդիրների (պատերազմական իրավիճակ, փակ սահմաններ)՝ այս խնդիրները առավել կարևոր են և դրանք լուծելը Կառավարության խնդիրն է:


Կարդացեք նաև