Դանիել Իոաննիսյանի հարցազրույցը «Ասպարեզ» օրաթերթին Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման մասին

07.02.2017 | 16:23 | Մամուլը մեր մասին

«Եթե Հայաստանն իրապես կատարի դատաիրավական խորը բարեփոխումներ»

Օրեր առաջ եվրախորհրդարանն ընդունեց Վրաստանի հետ մուտքի արտոնագրերի կարգն ազատականացնող օրինագիծը: Այսուհետ Վրաստանի քաղաքացիներին կընձեռվի առանց վիզաների Շենգենի տարածքի երկրներ այցելելու հնարավորություն:

-553 կողմ, 66 դեմ, 28 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ պատգամավորները հաստատել են Վրաստանին վիզայի ազատականացում տրամադրելու օրինագիծը: Քվեարկությանը մասնակցած 45 պատգամավորներից 42-ը կողմ էր քվեարկել, 2-ը՝ դեմ, 1-ը` ձեռնպահ էր մնացել: 2016 թվականի դեկտեմբերի 13-ին Եվրամիության մշտական ներկայացուցիչների հանձնաժողովը (COREPER) հաստատել է Վրաստանին վիզայի ազատականացում շնորհելու վերաբերյալ Եվրամիության խորհրդի կողմից Եվրախորհրդարանի հետ ստորագրված համաձայնագիրը,-նշված է aliq.ge կայքում:

Քաղաքագետ Միքայել Զոլյանի խոսքով, Վրաստանը վաղուց էր պայքարում առանց վիզա Շենգենի տարածքի երկրներ մուտք գործելու իրավունքի համար։ Քաղաքագետի կարծիքով`  Վրաստանում շատերը այս օրինագծի ընդունմանը սպասում էին դեռ տարիներ առաջ:

«Հաշվի առնելով, որ Վրաստանը վաղուց որդեգրել է զարգացման եվրոպական ճանապարհ, սա վաղուց պետք է տեղի ունենար։ Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա այս դեպքում նման հարց դրված չէ` ընդհանրապես։ Նման քննարկում կարող էր լինել, եթե Հայաստանը ժամանակին ստորագրեր ասոցիացման եւ խորը, եւ համապարփակ առեւտրի համաձայնագիրը։ Բայց այսօր Հայաստանը ԵՏՄ անդամ է, եւ նման հարց դրված չէ։ Ավելին, գործնականում, օրինակ, ՌԴ քաղաքացիներին շատ ավելի հեշտությամբ են վիզա տրամադրում, քան հայաստանցիներին: Սա էլ արդեն բացատրվում է նրանով, որ Հայաստանը տնտեսական ցուցանիշներով եւ կենսամակարդակով զգալիորեն զիջում է ՌԴ-ին եւ եվրոպացիները վախենում են, որ, հայաստանցիները Եվրոպայում հայտնվելով, կարող են փորձել այնտեղ մնալ մշտական բնակության»,-«Ասպարեզի» հետ զրույցում նշում է Մ.Զոլյանը։

Քաղաքագետ Անանիա Մաղաքյանի խոսքով 2013 թվականի սեպտեմբերի 3-ին հայտնի պատճառներով ավարտվեց ԵՄ-Հայաստան ասոցիացման համաձայնագրի եւ ազատ առեւտրի պայմանագրի վերաբերյալ քննարկումները:

«Այն առկախվեց եւ որոշակի ժամանակ անց սկսվեցին նոր բանակցություններ՝ նոր ֆորմատով: Այս պահին էլ ընթանում են այդ բանակցությունները եւ, կարծում եմ, որոշակի ժամանակ հետո բոլորս ականատես կլինենք դրանց արդյունքներին: ԵՄ-ն առանց վիզային ռեժիմի աշխատում է հետխորհրդային այն երկրների հետ, ովքեր արդեն ստորագրել են ասոցիացման համաձայնագրեր եւ ազատ առեւտրի վերաբերյալ պայմանագրեր: Մասնավորապես, այդ երկրների թվում են Ուկրաինան եւ Վրաստանը: Վերջինիս հետ էլ ԵՄ-ն վավերացրեց առանց վիզայի ռեժիմի գործարկումը: Ներկա փուլում այդ ռեժիմի ազատականացման համար ԵՄ-ի պահանջը դա է: Տեսնենք, թե ԵՄ-Հայաստան ընթացող բանակցությունները ինչպես կավարտվեն, ինչ արդյունք կլինի, ըստ այդմ էլ, միգուցե այդ պայմանավորվածությունների արդյունքում Հայաստանին եւս կտրվի նման արտոնություն: Ուղղակի այդ բանակցությունները փակ են եւ ես չեմ կարող կանխագուշակել դրանց ընթացքի եւ ավարտի արդյունքների մասին: Այդ հարցում մնում է միայն հույսը եւ Տիրոջ օրհնությունը»,-«Ասպարեզի» հետ զրույցում ասում է պարոն Մաղաքյանը:

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն էլ ավելացնում է` որպեսզի ՀՀ քաղաքացիները կարողանան առանց վիզայի մուտք գործել ԵՄ երկրներ, ապա դրա համար մեր երկրում պետք է բարեփոխումներ իրականացվեն:

«Վիզաների ինչ-որ ազատականացում եղել է, բայց դրանց չեղարկման համար անհրաժեշտ է իրականացնել բարեփոխումներ, եւ որքան էլ ընթերցողի համար զարմանալի չլինի, հիմնական պարտավորվածությունը դատաիրավական բարեփոխումներն են»:

«Ասպարեզի» հարցին՝ արդյո՞ք Հայաստանը կատարել է այդ պահանջը, Դ.Իոաննիսյանը նշում է, որ մեր երկիրը նոր-նոր է սկսել այդ պահանջը կատարել:

-Ես ենթադրում եմ, որ դրանք կտեւեն մոտ երկու տարի, եթե այս ընթացքում Հայաստանն իրապես կատարի դատաիրավական խորը բարեփոխումներ: Բայց վերջին տարիներին թե՛ մեր, թե՛ Եվրոպայից եկած փորձագետների գնահատմամբ դատաիրավական բարեփոխումների մակարդակը շատ ցածր է կամ անբավարար, եւ դա մեր իշխանությունների համար ամենացավոտ ոլորտն է: Եթե կա արդար դատարան, ապա չկա իշխանության չարաշահում: Խնդիրների մեծամասնության հիմքում ընկած են վատ, կախյալ դատարանները,-նշում է Դ.Իոաննիսյանը:

Դ.Իոաննիսյանի խոսքով` Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելն իրականում վիզաների ազատականացման հետ կապ չունի:

«Իրենց մոտ միասնական մոտեցում է առկա՝ կա՛մ կա վիզա, կա՛մ չկա»

Ըստ aiisa.am կայքի` Վրաստանի տնտեսական զարգացման մոդելն ընդհանուր առմամբ ազատական է, իսկ դրա հիմքերը դրվել են Մ.Սահակաշվիլու իշխանության տարիներին:

«Սահակաշվիլու օրոք Վրաստանը դարձավ կոռուպցիայի ընկալման շատ ցածր մակարդակ ունեցող երկիր: Եթե մինչեւ 2003 թվկանը Վրաստանն աշխարհի ամենակոռումպացված երկրներից էր, ապա ներկայումս կոռուպցիայի ընկալման ավելի ցածր վարկանիշ ունի, քան ԵՄ այնպիսի երկրներ, ինչպիսիք են՝ Բուլղարիան եւ Ռումինիան կամ նույնիսկ՝ Հունաստանը եւ Իտալիան: Ըստ Համաշխարհային Բանկի «Doing Business» 2016 թվականի՝ բիզնեսի վարման ցուցանիշով Վրաստանն աշխարհի 189 տնտեսությունների շարքում 24-րդն է: Ընդ որում, բիզնեսի գրանցման հարցում Վրաստանն աշխարհում 6-րդն է, սեփականության գրանցման առումով` 3-րդը, վարկի ստացման առումով` 7-րդը, շինարարության համար թույլտվություն ստանալու առումով` 11-րդը, պայմանագրերի կատարումն ապահովելու առումով` 13-րդը, մինորիտար սեփականատերերի շահերի պաշտպանության առումով` 20-րդը»,-գրում է կայքը:

Արձագանքելով Վրաստան-ԵՄ փոխհարաբերությունների մերձեցմանը` հրապարակախոս Զարուհի Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.«Երբ 2013 թվականին Ս․Ս-ն գնաց մտավ ԵՏՄ, էդ քայլը ամրապնդեցին կուսակցությունները, իրենց հնազանդությամբ ու հետո էլ ԱԺ քվեարկությամբ։ Հիմնավորումներից մեկն աշխատանքային միգրանտների ելումուտը ՌԴ հեշտացնելու հեռանկարն էր, որը շատ արագ խափանվեց։ Երբ ասում էինք, թե Վրաստանի դեպքում մուտքը Եվրոպա առանց վիզայի է լինելու, ասում էին, դա երբ կլինի, ո՞վ գիտի։ Հիմա էղավ, Վրաստանի քաղաքացիները ազատ ելումուտ կունենան Եվրոպա»:


Կարդացեք նաև