ՀՀ պետական պարտքը շարունակում է աճել

10.02.2017 | 14:16 | Տնտեսություն և Էներգետիկա

Պետական պարտքի մակարդակը ցանկացած երկրի տնտեսական համակարգը բնութագրող ամենահիմնական ցուցանիշներից է: Պետական պարտքի կարևորությունը կայանում է նրանում, որ այն ազդում է ողջ հասարակության ներկա և ապագա բարեկեցության վրա, քանզի պետական պարտքի մարման պարտավորությունը դրված է յուրաքանչյուր քաղաքացու վրա: Այս առումով, հետաքրքրական է ուսումնասիրել, թե ինչպե՞ս է փոփոխվել ՀՀ պետական պարտքը 2016թ. ընթացքում:

ՀՀ պետական պարտքի դինամիկան

Ըստ ՀՀ Ֆինանսների նախարարության  հրապարակած տվյալների՝ 2016թ. դեկտեմբերի 31-ին ՀՀ պետական պարտքը կազմել է 5.93 մլրդ դոլար՝ նախորդ տարվա 5.07 մլրդ դոլարի համեմատությամբ: Սա նշանակում է, որ 2016թ. ընթացքում ՀՀ պետական պարտքը ավելացել է մոտ 900 մլն դոլարով կամ 16,9%-ով: Հետաքրքրական է, որ ՀՀ նոր ձևավորված կառավարության օրոք՝ 2016թ. սեպտեմբերի 30-ից, ՀՀ պետական պարտքը աճել է մոտ 373 մլն դոլարով:

2016թ. ավարտին ՀՀ պետական պարտքի կազմում արտաքին պետական պարտքի մասնաբաժինը կազմել է 80.85%: ՀՀ արտաքին պարտքը այժմ կազմում է 4.79 մլրդ դոլար՝ նախորդ տարվա 4.32 մլրդ դոլարի համեմատությամբ:

artaqin partq arm

Ինչպես երևում է գծապատկերից, ՀՀ  արտաքին  պարտքը վերջին երկու տարիների ընթացքում ավելացել է մոտ 1 մլրդ դոլարով: Այս առումով, հաճախ շրջանառվում է այն տեսակետը, որ ՀՀ արտաքին պարտքը վտանգավոր չէ, քանզի այն ՀՆԱ-ի նկատմամբ գտնվում է թույլատրելի 60%-ի շրջանակներում: Այսուամենայնիվ, ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի՝ արտաքին պարտքի վտանգավորությունը գնահատելու կարևորագույն ցուցանիշը պարտքի և արտահանման ծավալների հարաբերակցությունն է, քանզի պետական պարտքը սպասարկելու համար արտարժութային միջոցներ հնարավոր է ստանալ արտահանման ճանապարհով: Իսկ այդ ցուցանիշով ՀՀ արտաքին պարտքը վաղուց գերազանցել է կայունության շեմը. 2016թ. ՀՀ արտաքին պարտքի և արտահանման ծավալների հարաբերակցությունը կազմել է 295% ` թույլատրելի 200%-ի համեմատությամբ:

ՀՀ արտաքին պարտքի ծավալային մեծացմանը զուգահեռ «թանկացել» է նաև դրա սպասարկումը. եթե 2015թ. ավարտին ՀՀ կառավարության պարտքի միջին տոկոսադրույքը կազմում էր 4.5%, ապա 2016թ. ավարտին այն կազմել է 4.9%: Հավելենք, որ եթե 2016թ. պետական պարտքի սպասարկման մասնաբաժինը պետական բյուջեում կազմում էր 7.2%, ապա 2017թ. այդ ցուցանիշը կկազմի 8.8%:

ՀՀ արտաքին պարտքի կառուցվածքը

ՀՀ արտաքին պարտքի կառուցվածքում միջազգային կազմակերպություններից ստացված վարկերը կազմում են շուրջ 84%: 2016թ. ավարտին ՀՀ խոշորագույն վարկատու է հանդիսացել Զարգացման միջազգային ընկերակցությունը (IDA), որին բաժին է ընկնում ՀՀ արտաքին պարտքի 32.6%-ը: ՀՀ խոշորագույն  վարկատուներից են նաև Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը (17.7%), Ասիական զարգացման բանկը (14.9%), ինչպես նաև Արժույթի միջազգային հիմնադրամը (3.8 %):

2016թ. ընթացքում ՀՀ արտաքին պարտքը ավելացել է մոտ կես միլիարդ դոլարով: Ստորև ներկայացված են 2016թ. ընթացքում ՀՀ կառավարության կողմից  հաստատված  ամենախոշոր վարկային ծրագրերը.

  • Նախորդ տարում 115 մլն եվրո արժողությամբ վարկային համաձայնագիր է ստորագրվել Զարգացման ֆրանսիական գործակալության հետ՝ Վեդու ջրամբարի կառուցման և Զարգացման քաղաքականության 4-րդ վարկի համաֆինանսավորման նպատակով:
  • 51 մլն եվրո արժողությամբ վարկային պայմանագիր է ստորագրվել Եվրոպական ներդրումային բանկի հետ Հայաստանի Մ6 միջպետական ճանապարհի շինարարության նպատակով:
  • 135 մլն եվրո արժողությամբ վարկային պայմանագիր է ստորագրվել Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի հետ՝ տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման, Էներգետիկ համակարգի ֆինանսական առողջացման և զարգացման քաղաքականության 4-րդ վարկի համաֆինանսավորման նպատակով:
  • 20 մլն եվրո արժողությամբ վարկային փաթեթ է տրամադրել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը ՝ Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում տարածաշրջանային աղբավայր ստեղծելու և Գյումրու քաղաքային ճանապարհները բարեկարգելու նպատակով:
  • 134 մլն եվրո արժողությամբ վարկային պայամանագիր է ստորագրվել Ասիական զարգացման բանկի հետ Հայաստան-Վրաստան սահմանային տարածաշրջանային ճանապարհի բարելավման և ենթակառուցվածքների զարգացման նպատակով:

Դրան զուգահեռ ՀՀ կառավարությունը վարկային  միջոցներ է ձեռք բերել նաև օտարերկրյա պետություններից, որոնց մասնաբաժինը ՀՀ արտաքին պարտքի կառուցվածքում 2016թ. ավարտին կազմել է 15%: ՀՀ խոշորագույն վարկատու պետությունը Ճապոնիան է, որին բաժին է ընկնում ՀՀ արտաքին պարտքի 7,1%-ը: Խոշորագույն վարկատու երկրներ են նաև Գերմանիան (3%), Ֆրանսիան (2,4%), Ռուսաստանի Դաշնությունը (1,5%), ինչպես նաև Ամերիկայի Միացյալ Նահանգները (0,6%):

 

Անդրանիկ Մանուկյան,
«Իրազեկ քաղաքացիների միավորում»


Կարդացեք նաև