Ադրբեջանում պատերազմի «հանրային պահանջ» է ստեղծվում

Извините, этот текст доступен только на данных языках: “Армянский”.

Ադրբեջանի իշխանությունները շարունակում են իրականացնել Ջոջուկ Մարջանլու գյուղի բնակեցման շուրջ քարոզչական գործողությունները, ինչը իր մեջ պարունակում է մի շարք խորքային վտանգներ:

Ինչպես հայտնի է, Բաքվում հայտարարում են թե ազատագրել են Ջեբրաիլի շրջանի Ջոջուկ Մարջանլու գյուղը և ակտիվորեն փորձում են այն բնակեցնել: Մի կողմ թողնելով այն  հանգամանքը, որ իրականում Ադրբեջանը չի ազատագրել այդ գյուղը, այլ ընդամենը հնարավոր է դարձել դրա բնակեցումը հայտնի Լելե Թեփե բարձունքի գրավման շնորհիվ՝ արձանագրենք, որ Բաքուն ողջ այդ գործընթացն ուղեկցում է բարձր աղմուկով, որի թիրախում են գտնվում ինչպես ներքին լսարանը, այնպես էլ միջազգային հանրությունը:

Փետրվարի 15-ին, մասնավորապես, Ադրբեջանի իշխանությունները կազմակերպեցին օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցիչների այցը դեպի վերոնշյալ գյուղ, որպեսզի ցույց տան, թե ինչպես է այն վերաբնակեցվում փախստականներով, կառուցապատվում և շենանում: Ջոջուկ Մարջանլու այցելեցին Ադրբեջանում հավատարմագրված գրեթե բոլոր դեսպանները, իսկ ՌԴ դեսպան Վլադիմիր Դորոխինը նույնիսկ նկատեց, որ մասնագիտականից զատ, այդ այցը նաև էմոցիոնալ կողմ ունի և որ Մոսկվան շարունակելու է ջանքերը հակամարտության կարգավորման ուղղությամբ: Բացառություն էր կազմում ԱՄՆ դեսպանը, որը բաց էր թողել ադրբեջանական իշխանությունների կազմակերպած այցը (ինչը որոշ հակաամերիկյան տրամադրություններ զարգացրեց Բաքվում): Ջոջուկ Մարջանլու այցելելուց զերծ էր մնացել նաև Բաքվում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչությունը:

Մեսիջ համար մեկ

Իրականում, սակայն, Բաքուն իր կազմակերպած «վերաբնակեցմամբ» փորձում է ցույց տալ միջազգային հանրությանը, որ բանակցային գործընթացի բացակայության պարագայում ռազմական ճանապարհով հնարավոր է հասնել հաջողությունների և նույնիսկ հասնել տեղային կարգավորման ու փախստականների հարցի լուծման: Ադրբեջանի իշխանությունների կազմակերպած ներկայացումը ոչ այլ ինչ է, քան ուղիղ ցուցադրություն այն բանի, որ իրենք կարող են հասնել ռազմական հաջողությունների և վերաբնակեցնել «արյունարբու հայերի զավթած ու ավերած բնակավայերերը» ադրբեջանցի փախստականներով:

Իր մեջ Բաքվի այս ուղերձը կրում է վտանգ, որ Ադրբեջանի ղեկավարությունը հող է նախապատրաստում հերթական ռազմական արկածախնդրության համար և լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսման դեպքում կարող է ակնկալել միջազգային հանրության համեմատաբար լոյալ արձագանքը, քանի որ իրենք «ազատագրում են ու վերաբնակեցնում»:

Մեսիջ համար երկու

Մյուս կողմից, Ադրբեջանի իշխանությունների «վերաբնակեցում» օպերացիան ուղղված է սեփական ներքին լսարանին: 1994 թվականից հետո ղարաբաղյան կարգավորման ողջ գործընթացում Ադրբեջանի իշխանությունները ստիպված են եղել իրենց վրա կրել պարտված կողմի հոգեբանության հետևանքները, իսկ հասարակությունը, կրելով նույն այդ հոգեբանությունը՝ մշտապես թերահավատ է եղել սեփական բանակի ուժերի նկատմամբ, չնայած իշխանությունների կատաղի քարոզչությանը:

Այժմ, սակայն, երբ ապրիլյան պատերազմի ժամանակ ադրբեջանական բանակը կարողացավ վերահսկողություն հաստատել Լելե Թեփեի նկատմամբ, ադրբեջանական իշխանությունները հնարավորություն ստացան դա ներկայացնել որպես մեծ հաղթանակ:

Սա կարևորագույն գործոն է հակամարտության ընթացիկ փուլում: Ստանալով թեկուզ խիստ պայմանական ու վիճելի հաղթանակ՝ Ադրբեջանի հասարակությունը այսուհետ փոխելու է իր վերաբերմունքը զինված ուժերի նկատմամբ և Բաքվի քարոզչության շնորհիվՙ համակվելու է համոզվածությամբ, որ հակամարտությունն ունի ռազմական լուծում:

Մեսիջ համար երեք

Ադրբեջանի այս քայլը, անշուշտ, ուղղված է նաև Հայատանի հասարակությանը: Նման կերպ փորձ է արվում որոշակի հոգեբանական ճնշում գործադրել, քանզի ստացվում է, որ ապրիլյան բախումներից հետո արցախյան կողմը ստիպված եղավ տարհանել Թալիշի բնակչությունը, իսկ ադրբեջանական կողմը, փաստացի, բնակեցնում է Ջոջուկ Մարջանլուն:

Համադրելով այս երեք ադրբեջնական ուղերձները՝ ստացվում է, որ Բաքվում տեղի են ունենում այնպիսի գործընթացներ, որոնք կարող են հանգեցնել նոր ռազմական առճակատման։ Ավելին, դրանք կարող են հանգեցնել ադրբեջանական հանրության շրջանում պատերազմի կողմնակիցների թվի աճին և «ռազմական լուծման» հանրային պահանջին:

Ադրբեջանի իշխանությունները ստեղծված իրավիճակում կարող են տեսնել նոր պատերազմ սանձազերծելու համար բոլոր նախադրյալները․ բանակցային գործընթացի փաստացի բացակայություն, միջազգային հանրությանն ուղղված ցուցադրություն, սեփական հանրության վստահություն և հակառակ կողմի ենթադրյալ ընկճվածություն:

Նման պարագայում անհրաժեշտ է ոչ միայն ուղիներ գտնել բանակցային գործընթացը տեղից շարժելու համար, այլև անհրաժեշտ է հրավիրել հակամարտության կարգավորմանը ներգրավված կողմերի և ընդհանրապես միջազգային հանրության ուշադրությունը տվյալ խնդիրի վրա՝ հերթական արնահեղությունը թույլ չտալու համար:

Վահե Ղուկասյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Похожие записи: