ԱԳՆ-ն տրամադրեց գաղտնիքների ցանկը

20.02.2017 | 10:38 | Օգտակար նյութեր

Դեռևս խորհրդային ժամանակներից բոլոր գերտեսչությունները գաղտնագրված էին պահում գաղտնի տեղեկությունների գերատեսչական ցանկերը: 2012 թվականին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հայցով Հայաստանի Սահմանադրական դատարանը վճռեց, որ պետական ու ծառայողական գաղտնի տեղեկությունների ցանկերը չեն կարող լինել գաղտնի: Սակայն, անցած 5 տարիների ընթացքում միմիայն Պաշտպանության նախարարությունն էր, որ հրապարակեց գաղտնի տեղեկությունների գերատեսչական ցանկը:

2016 թվականի հոկտեմբերին «Իրազեկ քաղաքացիների միավորումը» դիմեց Արտաքին գործերի նախարարություն և Ազգային անվտանգության ծառայություն՝ պահանջելով տրամադրել այդ երկու գերատեսչությունների գաղտնագրված տեղեկությունների գերատեսչական ցանկերը: Երկու գերատեսչությւոններից էլ եկան մերժումներ, որոնք վիճարկվեցին դատական կարգով:

Ի տարբերություն ԱԱԾ-ի, դատարանի նախնական լսումների փուլում ԱԳՆ-ից «Իրազեկ քաղաքացիների միավորմանը» տրամադրեցին ՀՀ Արտաքին գործերի նախարարության համակարգում գաղտնագրման ենթակա տեղեկությունների ցանկը, բացառությամբ այն կետերի, որոնց անվանումները հանդիսանում են պետական կամ ծառայողական գաղտնիք։ Արդյունքում ԱԳՆ-ի դեմ բերված հայցով դատական գործը կարճվեց և նախարարությունն այժմ բացի գաղտնի ցանկից ՀԿ-ին պետք է նաև փոխհատուցի դատական ծախսերը:

Ստորև հանրության դատին ենք ներկայացնում ԱԳՆ-ի՝ գաղտնագրման ենթական տեղեկությունների ցանկը:

Այսպիսով, Հայաստանի ԱԳՆ-ում գաղտնագրման են ենթակա՝

  • Նախարարության տարեկան հաշվետվությունները;
  • ՀՀ ազգային անվտանգությանը, քաղաքական կամ տնտեսական շահերին վերաբերող հրապարակման ոչ ենթակա տեղեկատվություն;
  • Տեղեկություններ արժութային, վարկային, գիտատեխնիկական, առևտրատնտեսական հարցերում օտարերկրյա պետությունների կամ իրավաբանական անձանց հետ ՀՀ պետական մարմինների համագործակցության մասին, նախքան կոնկրետ պայմանավորվածությունների ձեռք բերումը ու համաձայնագրերի կնքումը;
  • Տեղեկություններ ՀՀ բարձրաստիճան կառավարական պատվիրակությունների արտասահման կատարվելիք այցերի նախապատրաստման մասին, մինչ դրանց պաշտոնական հրապարակումը;
  • Տեղեկություններ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում նախատեսվող տեղաշարժերի մասին, նախքան դրանց պաշտոնական հրապարակումը;
  • Դեսպանությունների տարեկան հաշվետվություններ;
  • Տեղեկություններ դեսպանընկալ երկրների բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ կայացած բանակցային զրույցների գրառումների վերաբերյալ;
  • ՀՀ արտաքին քաղաքականության, արտաքին առևտրի, գիտատեխնիկական կապերի վերաբերյալ ՀՀ արտաքին քաղաքականության ռազմավարությունը և մարտավարությունը բացահայտող տեղեկություններ, որոնց վաղաժամ տարածումը կարող է վնաս հասցնել պետության շահերին։

Հորդորում ենք բոլոր գերատեսչություններին հետևել օրինակին և ի կատաումն Սահմանդրական դատարանի 2012 թվականի ՍԴՈ-1010 գործով վճռին առանց դատական քաշքշուկների մեջ ընկնելու հրապարակել (տրամադրել) գաղտնագրման ենթական տեղեկությունների գերատեսչական ցանկերը:

«Իրազեկ քաղաքացիների միավորում»


Կարդացեք նաև