Հայաստանից Ռուսաստան արտահանման իրական աճ չկա

Դեռևս անցյալ տարվա ընթացքում «Իրազեկ քաղաքացիների միավորումը»  անրադարձել էր Հայաստանից դեպի ԵԱՏՄ անդամ երկրներ արտահանման կտրուկ աճի բնույթին և դրա պատճառներին: Արտահանումը դեպի ԵԱՏՄ երկրներ այն եզակի ցուցանիշներից է, որի ուղղությամբ միության շրջանակներում առաջընթաց է գրանցվել, ուստի այն  շարունակաբար մատնանշվում է որպես ապացույց այն բանի, որ Եվրասիական տնտեսական միությունը դրական տնտեսական էֆեկտ է ապահովում անդամ երկրների համար:

Ընթացիկ տարվա հունվարին Հայաստանի և Ռուսաստանի վարչապետների միջև կայացած հանդիպման շրջանակներում ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ևս խոսեց արտահանման ծավալների 70%-անոց աճ մասին՝ այն համարելով ԵԱՏՄ ամենամեծ ձեռքբերումներից մեկը: Սակայն վիճակագրական տվյալները խորը հակասություններ են պարունակում:

Ըստ Հայաստանի վիճակագրական ծառայության օրերս հրապարակած տվյալների՝ 2016թ. ՀՀ արտահանումը դեպի ԵԱՏՄ երկրներ կազմել է մոտ 392 մլն դոլար՝ 2015թ. գրանցված 257 մլն դոլարի համեմատությամբ: Այդպիսով, դեպի ԵԱՏՄ երկրներ ՀՀ արտահանումը 2016թ. ընդհանուր առմամբ աճել է ոչ թե 70%-ով, այլ 53 տոկոսային կետով: Եթե այս ցուցանիշը համեմատելու լինենք 2014 թ. գրանցված  324.6 մլն դոլար ցուցանիշի հետ, ապա կտեսնենք, որ արտահանումը դեպի ԵԱՏՄ երկներ  դրա ձևավորման պահից սկսած ավելացել է ընդամենը 20%-ով: Այսուամենայնիվ, վիճակագրական տվյալները վկայում են, որ այս աճը ևս կասկածելի հիմքեր ունի:

Անհասկանալի թվեր

Եթե համեմատենք դեպի ԵԱՏՄ երկրներ արտահանման կառուցվածքը և ՀՀ տնտեսության համապատասխան հատվածներում 2016թ. առկա վիճակը, ապա կհանգենք շատ հետաքրքիր եզրակացությունների: Նախ և առաջ, 2015թ. համեմատությամբ 2016թ. ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 100.5%, ինչը նշանակում է, որ նախորդ տարվա համեմատությամբ տնտեսական ակտիվությունն ավելացել է ընդամենը 0.5%-ով:  Այս պայմաններում նվազագույնը զարմանալի պետք է համարել արտահանման գրանցված 53% աճը:

Արտահանման ապրանքային կառուցվածքի ուսումնասիրությունները վկայում են, որ 2016թ. հունվար-սեպտեմբերին ավելի քան 2000%-ով (քսանապատիկ) աճել է տոմատի արտահանումը, 450%-ով ավելացել է  պանրի և կաթնաշոռի արտահանումը, ինչպես նաև 300% աճ է գրանցել խավիարի և պատրաստի ձկան արտահանումը: Այսպիսի կտրուկ աճ գրանցվել է այն պայմաններում, երբ ՀՀ-ում 2016թ. սննդարդյունաբերության ոլորտի արտադրանքը ավելացել է ընդամենը 2.6%-ով: Սրան զուգահեռ, ավելի քան 580%-ով աճել է տարբեր բանաջարեղենների արտահանումը, ինչպես նաև 1.06 մլն դոլար ընդհանուր արժողությամբ 0810 դասակարգման (խուրմա, հնդկարմավ, հաղարջ, կիվի, դուրիան և այլն) մրգերի արտահանում է սկսել կազմակերպվել դեպի Ռուսաստան: Այս ապրանքատեսակների արտահանման աճը արձանագրվել է այն պայմաններում, երբ բուսաբուծական ոլորտի արտադրանքը 2016 թվականին համարյա 12 տոկոսով անկում է ապրել:

Զարմանք է հարուցում նաև գործվածքների, կտորեղենի, տրիկոտաժի, տղամարդկանց և կանացի հագուստեղենի գծով արտահանման 21 միլիոն դոլարի աճը: Որոշակի նեղ ապրանքախմբերի գծով արտահանման աճը հասել է մինչև 960%, բայց և այնպես 2016թ. ՀՀ-ում մանածագործական արտադրատեսակների արտադրությունը կրճատվել է մոտ 4.8%-ով: Ուստի բնական հարց է առաջանում, թե ինչ ապրանքների հաշվին է արտահանումն տասնապատիկ աճել:

Ընդ որում, նույն ժամանակահատվածում նաև ավելի քան 9,6 անգամ աճել է պատվաստանյութերի արտահանումը, 8,3 անգամ՝ կավի, և 3,6 անգամ՝ ջեռուցման համակարգերի, օդափոխիչների դետալների, հեռակառավարման վահանակների և այլ սարքավորումների արտահանումը… Թեև Հայաստանը, մեղմ ասած, հայտնի չէ նման ապրանքների արտադրությամբ:

Առավել խոշոր աճ գրանցած ապրանքատեսակների արտահանման ծավալների և իրական տնտեսության համապատասխան ոլորտների հետագա ուսումնասիրությունները համանման արդյունքներ են տալիս: Այդպիսով, տնտեսության տարբեր հատվածներում արտադրական հզորությունների ստատիկ մակարդակի անհամապատասխանությունը գրանցված ցուցանիշների հետ ստիպում է արտահանման աճի այլ պատճառներ որոնել:

Թուրքական հետքը

Նկատի ունենալով վերոնշյալ լրացուցիչ տվյալները՝ կարելի է փաստել, որ արտահանման 53% աճը ոչ թե արդյունք է Հայաստանի առևտրային դիրքերի ուժեղացման և հայկական արտադրության զարգացման, այլ արդյունք է  Թուրքիայից դեպի Հայաստան ներմուծվող ապրանքների պարզ վերաարտահանման:

Ինչպես գիտենք, 2015 թվականի վերջում ռուս-թուրքական հարաբերությունների սրման համատեքստում Ռուսաստանը էմբարգո սահմանեց թուրքական ապրանքների ներմուծման վրա, ինչի արդյունքում թուրքական ապրանքները դեպի Ռուսաստան իրենց ճանապարհը գտան Հայաստանի միջոցով: Ապրանքների վերաարտահանման այս մեխանիզմը բավականին պարզ է. միասնական տնտեսական տարածքում գտնվող երկրները իրականացնում են ապրանքների ներմուծում այն երկրներից, որտեղից ապրանքների ուղղակի արտահանումը հնարավոր չէ կազմակերպել: Այդպիսով, ներմուծված ապրանքները այնուհետ արտահանվում են դեպի թիրախային երկիր՝ ապահովելով եկամուտներ այդ գործառնություններից:

Իրական պատկերը

Դրան զուգահեռ դեպի Ռուսաստան ավանդաբար արտահանվող այնպիսի ապրանքների գծով, ինչպիսիք են օրինակ ծիրանը, դեղձը, մրգային հյութերը, գարեջուրը, բանջարեղենի որոշ տեսակները և այլ նմանատիպ ապրանքները, արտահանման ծավալները նկատելիորեն կրճատվել են: Մասնավորապես, 2016թ. նախորդ տարվա համեմատությամբ 36%-ով նվազել է ծիրանի, բալի և դեղձի արտահանումը, 23.6%-ով նվազել է պահածոյացված բանջարեղենների, 20%-ով՝ տարբեր դեղամիջոցների արտահանումը և այդպես շարունակ: Արտահանման նվազումը տարածվել է նաև խոշորագույն արդյունաբերական ապրանքատեսակների վրա. նախորդ տարվա համեմատությամբ 3%-ով նվազել է ոչ թանկարժեք մետաղների և դրանցից պատրաստված իրերի արտահանումը և մոտ 2%-ով նվազել է պլաստմասսե իրերի, կաուչուիկ և ռետինե իրեր արտահանումը: Ընդորում, սա այն պարագայում, որ Հայստանից Ռուսաստան արտահանումը կրճատվել էր նաև 2015 թվականին (2014-ի համեմատ):

Այսինքն, կարելի է պնդել, որ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցելուց հետո դեպի Ռուսաստան արտահանվող հայկական արտադրության ապրանքների ծավալը, իրականում, նվզել է:

Ուստի և կարելի է եզրակացնել, որ ընթացիկ տարում Հայաստանից դեպի ԵԱՏՄ արտահանման կտրուկ աճը մեծապես պայմանավորված է եղել ոչ թե եվրասիական ինտեգրացմամբ և Հայաստանի տնտեսության զարգացմամբ, այլ ստեղծված գեոքաղաքական իրավիճակով, և որևէ աղերս չունի Հայաստանի տնտեսության հետ:

 

Անդրանիկ Մանուկյան,
«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Առնչվող