Առևտուրը ԵԱՏՄ անդամ երկրների միջև շարունակում է կրճատվել

04.03.2017 | 11:13 | Եվրասիական միություն, Եվրասիական միություն

Օրերս Եվրասիական տնտեսական հանձնաժողովը հրապարակել է 2016թ. ԵԱՏՄ անդամ երկրների արտաքին և փոխադարձ առևտրի տարեկան արդյունքներն ամփոփող վիճակագրական տվյալները: Ըստ այդ տվյալների՝ 2016թ. ընթացքում անդամ երկրների փոխադարձ առևտուրը նվազել է շուրջ 3 մլրդ դոլարով կամ 6,7 տոկոսային կետով: Զուգահեռաբար կրճատվել է նաև ԵԱՏՄ անդամ երկրների արտաքին առևտուրը երրորդ երկրների  հետ: Այս առումով հետաքրքրական է ուսումնասիրել, թե գործունեության  երկրորդ տարում ԵԱՏՄ շրջանակներում արտաքին առևտրի ինչպիսի՞ դինամիկա է գրանցվել:

ԵԱՏՄ երկրները միջազգային առևտրում

Ըստ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հրապարակած տվյալների՝ 2016թ. ընթացքում երրորդ երկրների հետ ԵԱՏՄ արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է մոտ 509 մլրդ դոլար, այդ թվում՝ արտահանումը կազմել է 308.4 մլրդ դոլար, իսկ ներմուծումը՝ 201.3 մլրդ դոլար: Այդպիսով, 2015թ. համեմատ ԵԱՏՄ երկրների արտաքին առևտուրը նվազել է շուրջ 12%-ով կամ մոտ 69․6 մլրդ դոլարով, այդ թվում՝ համընդհանուր արտահանումը կրճատվել է 17.5%-ով կամ 65․4 մլրդ դոլարով, իսկ ներմուծումը՝ 2%-ով կամ 4.2 մլրդ դոլարով: Արդյունքում, արտաքին առևտրի հաշվեմնացորդը նվազել է մոտ 61 մլրդ դոլարով:

Արտահանման գծով ԵԱՏՄ երկներից միայն Հայաստանին և Ղրղզստանին է հաջողվել առաջընթաց գրանցել: Այսպես, 2015թ. դեպի երրորդ երկներ ՀՀ արտահանումը ավելացել է 13.3%-ով, իսկ ներմուծումը նվազել 2.2%-ով: Ղրղզստանի պարագայում արտահանման աճը կազմել է 5.2%, իսկ ներմուծման աճը՝ 15.3%: Առավել մեծ անկում է ապրել բելառուսական ապրանքների արտահանումը՝ կրճատվելով մոտ 22.3%-ով, իսկ Ռուսաստանի և Ղազախստանի պարագայում արտահանման կրճատումը կազմել է 17.2% և 19.5% համապատասխանաբար:

Վերոնշյալ տվյալները վկայում են, որ ԵԱՏՄ անդամ երկրների դերակատարումը համաշխարհային տնտեսությունում շարունակում է նվազել: Հայաստանի պարագայում ակնհայտ է նաև երրորդ երկրներից ապրանքների ներմուծման փոխարինումը եվրասիական ապրանքատեսակներով, քանզի մինչ 2016թ. երրորդ երկրներից ապրանքների ներմուծումը դեպի Հայաստան կրճատվել է 2.2%-ով, ԵԱՏՄ անդամ երկրներից կատարվող ներմուծումը աճել է 8.7%-ով: Սա, իհարկե, ԵԱՏՄ կողմից բարձր մաքսատուրքերի և ոչ սակագնային կարգավորման գործիքների կիրառման արդյունք է:

Եվրասիական տնտեսական միությունը և դեինտեգրացիան

Համանման անկում է ապրել նաև ԵԱՏՄ անդամ երկրների միջև փոխադարձ առևտուրը: 2016թ. ԵԱՏՄ ներքին առևտրաշրջանառությունը կազմել է 42,5 մլրդ դոլար, ինչը ավելի քան 6%-ով զիջում է 2015թ. գրանցված ցուցանիշին: Մասնավորապես, շուրջ 3.6 մլն դոլարով կրճատվել է հանքային ապրանքատեսակների առևտրաշրջանառությունը, 114.2 մլն դոլարով՝ տարբեր սարքավորումների և տրանսպորտային միջոցների գծով առևտուրը և 65.4 մլն դոլարով՝ մետաղական ապրանքատեսակների գծով առևտուրը: 2016թ. ԵԱՏՄ անդամ երկրներից կատարվող ներմուծումն ավելացել է միայն Հայաստանի (8.7%), և Ռուսաստանի (1%) պարագայում: Դրան հակառակ, ԵԱՏՄ երկրներից դեպի Ղրղզստան կատարվող ներմուծումը կրճատվել է 23.2 %-ով, դեպի Բելառուս կատարվող ներմուծումը՝ 10.7%-ով, իսկ դեպի Ղազախստան կատարվող ներմուծումը՝ 13.8%-ով:

Անհանգստացնող է նաև այն հանգամանքը, որ միասնական տնտեսական տարածքի ձևավորումից 2 տարի անց երկրների ինտեգրացվածության մակարդակը շարունակում է մնալ չափազանց ցածր: Անդամ երկրներից բոլորի դեպքում ԵԱՏՄ հետ տնտեսական հարաբերությունները նույնական են Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերություններին: Այսպես, 2016թ. ՀՀ-ԵԱՏՄ առևտրաշրջանառության 94.6%-ը բաժին է ընկել Ռուսաստանին, 3.6%-ը՝ Բելառուսին, 1.5%-ը՝ Ղազախստանին, և միայն 0.3%-ը՝ Ղրղզստանին: Նմանապես ԵԱՏՄ-Բելառուսի առևտրաշրջանառության 96.2%-ը բաժին է ընկնում Ռուսաստանին, 3.2%-ը՝ Ղազախստանին, 0.4%-ը՝ Ղրղզստանին և 0.2%-ը՝ Հայաստանին:

Այս պայմաններում անհայտ է մնում, թե ի՞նչ տնտեսական նախադրյալների հիման վրա է այս հինգ երկրների միջև ստեղծվել տնտեսական միություն, և թե ի՞նչ տնտեսական օգուտներ այն կարող է բերել անդամ երկրների համար:

 

Անդրանիկ Մանուկյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում»


Կարդացեք նաև