Հասարակական կազմակերպությունը «պետական մակարդակի կեղծարարություն է» բացահայտել.Ազատություն

«Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպությունը պնդում է, որ Հայաստանի 136 դպրոցներից և մանկապարտեզներից 114-ի տնօրենները որպես Հանրապետական կուսակցության կենտրոնական շտաբի աշխատող ներկայացած անձի հետ զրույցում խոստովանում են, որ ընտրողների ցուցակներ են կազմել և հանձնել թաղապետարան, մարզպետարան կամ նախընտրական շտաբ:

Կազմակերպությունը ներկայացնում է տնօրենների հետ զրույցների ձայնագրությունները։

«Մենք զանգել ենք Երևանի բոլոր վարչական շրջաններ և զանգել ենք բոլոր մարզեր: Դպրոցների, մանկապարտեզների տնօրենների ավելի քան 80 տոկոսը ընդունել են, որ ցուցակ են ներկայացրել Հանրապետականի համար և մանրամասներ են ներկայացրել ցուցակի մասին: 103 դպրոցների տնօրեններից ընդամենը 19-ն է, որ չեն հաստատել ցուցակ ներկայացնելու փաստը: Ընդ որում, պետք է ասեմ, որ այդ 19-ից մի մասը ուղղակի գլխի են ընկել, որ իրենց հետ խոսողը Հանրապետականից չի», – ասաց կազմակերպության նախագահ Դանիել Իոաննիսյանը:

Նրա խոսքով, աշխատանքային ժամին, աշխատանքային հեռախոսահամարին ստացված զանգին պատասխանելով, տնօրեններից շատերը անգամ պարծենալով են նշել, թե ինչ ընդարձակ ցուցակներ են կազմել՝ այնտեղ ընդգրկելով ուսուցիչների, աշակերտների ծնողների տվյալներ, հասցեներ և այլն․ – «Հարցնում էինք, թե արդյոք ընտրողների կամ ծնողների հետ աշխատել են՝ կապված տարածքային թեկնածուների հետ: Հիմնականում նաև տարածքային թեկնածուների հետ են աշխատել: Դպրոցներից մեկը անգամ ցուցակը ներկայացրել է միանգամից Միհրան Պողոսյանի «Քեթրին» ընկերությանը»:

Դիտորդական կազմակերպության ղեկավարը պնդում է, որ նման պարագայում վարչական լծակների չարաշահման մասին խոսելը մեղմ է ասված․ – «Երբ խոսքը գնում է հարյուրից ավելի մասին բոլոր մարզերում և Երևանի բոլոր վարչական շրջաններում, սա պետական մակարդակի չարաշահում է: Սա պետական մակարդակի կեղծարարություն է: Սա մի ամբողջ բուրգ է, որը համատարած է, որը ամբողջ հանրապետությունում է գործում: Սա ուղղակի պետական մասշտաբի հանցագործություն է»:

Առնչվող