Քաղաքացիական հասարակության և դիտորդների գնահատականը ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին

04.04.2017 | 12:46 | Մամուլը մեր մասին

Ապրիլի 3-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ մամլո ասուլիս «Քաղաքացիական հասարակության և դիտորդների գնահատականը ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին» թեմայով:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, «Անկախ դիտորդ» նախաձեռնության ներկայացուցիչ Արթուր Սաքունցը, ով մասնակցում էր քննարկմանը, ասում է, որ իրենք դիտորդություն են իրականացրել 200 ընտրատեղամասում, որտեղ ընտրողների ընդհանուր թվի 10 տոկոսն էր ընկնում:

«Այն ուժերը, որոնք անցել են Ազգային Ժողով, և ուրախանում են, դա պետք է որակել խրախճանք ժանտախի ժամանակ, որովհետև չի կարող համարվել ուրախություն այն, ինչ որ մենք ականատես եղանք երեկ: Իմ հիմնական եզրակացությունը հետևյալն է մեր պետությունը լուրջ հիվանդ է, լուրջ խորհելու խնդիր ունենք՝ վերակագնելու կամ առնվազն կասեցնելու այդ հիվանդության ընթացքը»,-ասում է Սաքունցը:

Ըստ նրա՝ պետք է պետական ինստիտուտների, կուսակցությունների, մտավորականների, ՀԿ-ների և լրագրողներին մեկ հարց տանջի, թե ինչու՞ հասանք այս օրվան, երբ հրապարակավ ընտրակաշառքը անվանվում է  նվիրատվություն կամ աշխատավարձ:

«Երբ  քաղաքացին հասել է իրապես հպատակի այն աստիճանի, որ կարող  է քվեարկել  այն կուսակցության օգտին, որը աղքատության, արտագաղթի, արտաքին և ներքին անվտանգության լուրջ խնդիրների է հասցրել երկիրը: Սա իսկապես մտահոգիչ է, որ այդ  կուսակցությունը կարող է ստանալ այդքան շատ  քվե քաղաքացիների կողմից»,-ասում է Սաքունցը:

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանն ասում է, որ ընտրություն կոչվածը տարեցտարի վարկաբեկվել է:

«Վերջին ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելությունների վարկաբեկում եղավ, երբ ի հայտ եկան դիտորդական խմբեր, որոնք բաջերը փոխում էին  ԲՀԿ-ի կամ Հանրապետականի բաջերով:  ՀՀԿ-ի օգտին աշխատող դիտորդները ունեցել են ավելի մեծ լիազորություններ, քան վստահված անձինք: Այդ դիտորդները նույնիսկ ուղղորդել են մարդկանց, ամբողջ ուղղորդումը իրանց կողմից է եղել»,-ասում է Իշխանյանը:

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանն ասում է, որ տեղամասերի 1/3-ում արձանագրվել են խախտումներ, ինչը ֆանտաստիկ մեծ թիվ է:

«Ամենամեծ խնդիրը կառավարվող, վերահսկվող, բաց քվեարկությունն է եղել: Քվեաթերթիկները տալու ժամանակ սկսել են մեկ կամ մի քանի քվեաթերթիկ տալ, կամ ընտրողն ասել է, թե ինձ միայն մեկն է պետք: Սարքերի խափանումները մեծ տոկոս են կազմում»:

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ Դանիել Իոաննիսյանը նշեց, որ ընտրախախտումներն ազդեցություն ունեցել են ընտրությունների արդյունքների վրա

«Թեև խախտումների մի մասը եղել է ընթացակարգային, կրկնաքվեարկության կամ այլ անձի փոխարեն քվեարկության թիվը նվազել է: Տեղամասերում լուրջ խնդիրներ են եղել կարգուկանոնի հետ կապված: Տեղամասերի 20 տոկոսում տևական ժամանակ գտնվել են տեղամասում գտնվելու իրավունք չունեցող մարդիկ: Նրանք տեսել են, թե ով եկավ, ով չեկավ, որ աշխատեն չեկածների վրա: Տեղամասերի 38 տոկոսում արձանագրվել է վիճաբանություն և ծեծկռտուք, 25 տոկոսում իշխանությունն ավելի շատ պատկանում էր ոչ թե հանձնաժողովի նախագահին,այլ վստահված անձանց»,-նշում է Իոաննիսյանը:

Թրասնփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի տնօրեն Վարուժան Հոկտանյանը կատարվածի պատճառները տեսնում է կուսակցությունների մեջ.

«Պատճառը կուսակցություն գաղափարի այլասերումն է: Այս գաղափարի ոչնչացումը: Պետք է կուսակցությունը հասկանա, որ ինքը գոյություն ունի ոչ թե մի քանի մանդատի համար, այլ պետք է ձգտի իշխանության: Նման կուսակցություն մենք չունենք»,-ընդգծեց Հոկտանյանը:

«Քաղաքացիական հասարակության և դիտորդների գնահատականը ապրիլի 2-…

Հետևե՛ք «Քաղաքացիական հասարակության և դիտորդների գնահատականը ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին» թեմայով քննարկմանը:

Posted by Media Center/Մեդիա կենտրոն on Monday, April 3, 2017


Կարդացեք նաև