Լավրովի հայտարարությունը հակասում է միջպետական պայմանագրերին

10.05.2017 | 16:21 | Արտաքին քաղաքականություն

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մայիսի 5-ին ռուսական «Միր 24» հեռուսատաալիքին տրված հարցազրույցի շրջանականերում հայտարարել էր, որ ՀԱՊԿ անդամ երկրների ուժային ստորաբաժանումները մշտապես պատրաստ են գործելու «Իսլամական պետության» դեմ: «Պատրաստ են նաև Տաջիկստանում, Ղրղզստանում և Հայաստանում տեղակայված ռուսական բազաները: Քանի դեռ այդ վարակը չի ոչնչացվել, այդ առաջնահերթությունները պահպանվելու են», – նշել էր նա:

Լավրովի այդ հայտարարությունը երկու հիմնական հարցադրման է հանգեցնում: Արդյո՞ք Հայաստանի տարածքում գտնվող ռուսական ռազմաբազայի վրա ներկայիս ամենավտանգավոր ահաբեկչական կազմակերպության ուշադրություն գրավելը չի վնասում ՀՀ անվտանգությանը և արդյո՞ք Լավրովն ունի նմանօրինակ հայտարարություններ անելու իրավունք:

ՀՀ անվտանգությունը

Լավրովի հայտարարությունը ստիպում է ևս մեկ անգամ մտածել, թե որքանով է ռուսական ռազմաբազան ՀՀ անվտանգությանը նպաստում: Որպես երկիր, որը գտնվում է անմիջապես Մերձավոր Արևելքի սահմանին և ունի գործող հակամարտություն իսլամադավան պետության հետ, Հայաստանը առանձնահատուկ շահագրգռված չէ իր վրա «Իսլամական պետության» կողմից ավելորդ ուշադրություն գրավելու հարցում: Ի տարբերություն Ղրղզստանի ու Տաջիկստանի Հայաստանը քրիստոնյա երկիր է՝ ըստ ամենայնի նաև ավելի գրավիչ թիրախ «Իսլամական պետության» ներկայացուցիչների համար:

Բացի այդ, եթե նաև հաշվի առնենք անցած տարվա ապրիլից ի վեր Ադրբեջանի հետ բախումների հաճախականացումն ու դրանից բխող անվտանգության խնդիրները, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության հանդեպ արաբական աշխարհի համարյա միասնական հակահայկական դիրքորոշումը, ապա վստահաբար Լավրովի այսպիսի հայտարարություններն անտեղի ուշադրություն են գրավում Հայաստանի վրա՝ ստեղծելով ռիսկեր անվտանգության համար:

Պայմանագրի խախտո՞ւմ

Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի մասին պայմանագրի 3-րդ հոդվածի համաձայն՝ «Ռուսաստանյան ռազմակայանի զինվորական կազմավորումների կիրառումն իրականացվում է Կողմերի փոխադարձ պայմանավորվածությունների, 1992 թ-ի մայիսի 15-ի Կոլեկտիվ անվտանգության մասին պայմանագրի, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև 1991թ-ի դեկտեմբերի 29-ի Բարեկամության, համագործակցության և փոխադարձ անվտանգության մասին պայմանագրի հիման վրա և Կողմերի օրենսդրություններին համապատասխան»: Նույն պայմանագրի 24-րդ հոդվածը ամրագրում է, որ «ռուսական կողմը չի օգտագործի ռուսաստանյան ռազմակայանը սույն Պայմանագրով չսահմանված նպատակների համար»:

Իսկ ահա Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքված վերոնշյալ պայմանագրերից որևէ մեկով ամրագրված չէ Հայաստանի սահմաններից հեռու գտնվող «Իսլամական պետության» դեմ պայքարը:

Այսինքն, եթե հավատանք Սերգեյ Լավրովի խեսքերին, ապա կարելի է արձանագրել, որ Ռուսաստանը խախտելով 102-րդ ռազմակայանի մասին միջպետական պայմանագիրը՝ որոշել է պատրաստել իր ռազմաբազան «Իսլամական պետության» դեմ պայաքարի համար:

Հ.Գ. Ավելին, նմանօրինակ հայտարարությունները ևս մեկ անգամ միջազգային հանրությանը Հայաստանին ներկայացնում են որպես ինքնուրույնությունից զուրկ, ոչ ինքնիշխան պետություն, որի տարածքում գտնվող ռազմաբազան ռուսական կողմը կարող է կիրառել ըստ իր հայեցողության՝ խախտելով միջպետական պայմանագրի դրույթները

 

Աննա Փամբուխչյան
«Իրազեկ Քաղաքացիների Միավորում»


Կարդացեք նաև