«Անկախ դիտորդը» որսում է կեղծ դիտորդների. Ազատություն

15.05.2017 | 23:34 | Մամուլը մեր մասին

«Անկախ դիտորդ» նախաձեռնության խոսնակ Դանիել Իոաննիսյանի պնդմամբ՝ այս երևույթն անակնկալ էր անգամ փորձառու դիտորդների համար:

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի 7/57թիվ ընտրատեղամասում ԳԵՏԱ կազմակերպությունը ներկայացնող Սամվել Խանյան անունով դիտորդը Իոաննիսյանին ու տեսախցիկը տեսնելուն պես լքել էր ընտրատեղամասը՝ ասելով, թե կորցրել է անձնագիրն ու դիտորդի վկայականը:

«Ազատությանը» Խանյանն ասաց, թե ոստիկանությանը «կուրսի է պահել», որ գողացել են իր փաստաթղթերը:

Ոստիկանները, սակայն, ասացին, որ նա իրենց նման հարցով չի դիմել:

Ընտրատեղամասային հանձնաժողովի նախագահը և քարտուղարը պնդում էին, որ թեպետ կասկածներ ունեցել են, սակայն ներկայացված վկայականի կնիքը իրական է եղել, և իրենք ստիպված են եղել քաղաքացուն ընդունել ընտրատեղամասում:

Իսկ դիտորդներից մեկն ասաց, որ Խանյանը մի քանի անգամ եկել-գնացել է և ամբողջ ընթացքում փորձել է մանրամասներ ճշտել ընտրողների քանակի, հոսքի վերաբերյալ՝ առանց որևէ փաստաթղթի: Երբ նրան ներս չեն թողել, ներկայացել է արդեն դիտորդի վկայականով:

Նկատենք, որ Խանյանը սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակ նույն տեղամասում ՀՀԿ-ն էր ներկայացնում՝ ընտրական հանձնաժողովի նախագահն էր:

Դանիել Իոաննիսյանը «Ազատության» հետ զրույցում պնդեց, որ իրենց դիտորդները բազամիթվ ահազանգեր նե ստացել կեղծ դիտորդների մասին:

Նման պատմության ականատես եղանք նաև 7/19 ու 7/20 ընտրատեղամասերում, որոնցից մեկում նույն ԳԵՏԱ կազմակերպության երկու դիտորդ կար՝ Վահանգ Մկրտչյանն ու Գևորգ Խաչատրյանը, մյուսում՝ «Կրթության և մշակույթ» կազմակերպության անունից հանդես եկող դիտորդ Աննա Ստեփանյանը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովում գրանցված դիտորդների ցուցակում Իոաննիսյանը չի գտել նրանց անունները:

Աննա Ստեփանյանը պնդում էր, թե իր վկայականը կեղծ չէ՝ խուսափելով, սակայն, բացատրել, թե ինչպես է, որ իր անունը չկա ԿԸՀ-ում։

Ստեփանյանը ընտրատեղամասից դուրս հրավիրվեց միայն այն ժամանակ, երբ Դանիել Իոաննիսյանը զանգահարեց ընտրատարածքային հանձնաժողովի նախագահին և ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին:

Ընտրությունների արդյունքների գնահատմամբ «Անկախ դիտորդ» նախաձեռնությունը հանդես կգա վաղը:


Կարդացեք նաև