Հայաստանին տրամադրվող մարդասիրական օգնության խոշորագույն դոնորները

16.05.2017 | 17:53 | Հայաստանի արտերկրյա գրանտները, Տնտեսություն և Էներգետիկա

Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված տվյալների՝ 2016թ. ընթացքում Հայաստանի Հանրապետությունն այլ երկրներից ստացել է շուրջ 21.8 միլիարդ դրամի հասնող մարդասիրական օգնություն: Մարդասիրական օգնությունը ապրանքների տեսքով փոխանցվող աջակցություն է, որը զարգացած երկրները տրամադրում են   տնտեսական զարգացման ավելի ցածր մակարդակ ունեցող երկների բնակիչներին օգնելու նպատակով: Հանդիսանալով զարգացող երկիր՝ Հայաստանը ևս վերջին տարիներին զարգացած երկրներից շարունակաբար ստացել է մարդասիրական օգնություն, որի դինամիկան և աղբյուրները քննարկված են ստորև:

Ստացվող մարդասիրական օգնության դինամիկան

2016թ. Հայաստանը որպես մարդասիրական օգնություն ստացել է 45.6 միլիոն դոլար արժողությամբ 7,631 տոննա ապրանք, ինչը շուրջ 7.5%-ով կամ 3.6 միլիոն դոլարով պակաս է նախորդ տարվա ցուցանիշից: Ներկայացված գծապատկերից պարզ է դառնում, որ ստացվող այսպիսի աջակցության ծավալները ՀՀ-ում սկսած 2011թ.-ից շարունակաբար անկում են ապրել: Արդյունքում, 2011թ. համեմատությամբ 2016թ. մուտքագրված օգնության ծավալները կրճատվել են մոտ մեկ քառորդով:

Այսուամենայնիվ, 2017թ. առաջին եռամսյակում նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատությամբ ՀՀ ներկրված մարդասիրական օգնության ծավալը կտրուկ աճ է գրանցել՝ ավելանալով շուրջ 63%-ով: Ուշագրավ է այն, որ ընթացիկ տարվա առաջին եռամսյակի ընթացքում  նախորդ տարվա համեմատությամբ կտրուկ՝ 888.8 անգամ աճել է Շվեյցարիայից, 4.3 անգամ՝ Գերմանիայից և 2.6 անգամ՝ Չինաստանից ստացված մարդասիրական օգնության ծավալները: Սակայն, ի հակադրություն դրա, այս տարեսկզբին ԱՄՆ կողմից տրամադրվող աջակցությունը կրճատվել է մոտ 53%-ով:

2016թ. ստացված աջակցության ապրանքային կառուցվածքում ամենամեծ մասնաբաժին են ունեցել քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանքը (51.7%), մանածագործական իրերը (14.3%), տարբեր արդյունաբերական ապրանքները (7.3%), ինչպես նաև մեքենաները, սարքավորումները և տարբեր մեխանիզմները (7.1%): Նախորդ տարվա համեմատությամբ ամենամեծ աճը գրանցվել է մանածագործական իրերի գծով, որի ներկրման ծավալները նախորդ տարվա համեմատությամբ ավելացել են 101%-ով՝ հասնելով 6.5 միլիոն դոլարի: Միաժամանակ, 17% աճ է գրանցվել նաև ստացվող պատրաստի սննդի արտադրանքի գծով. 2016թ. Հայաստանը որպես մարդասիրական օգնություն ստացել է շուրջ 300 միլիոն դրամ արժողությամբ պատրաստի սննդի արտադրանք:

Մարդասիրական օգնության աղբյուրները

2016թ. Հայաստանի Հանրապետություն ներմուծվող մարդասիրական օգնության խոշորագույն դոնոր երկիր է հանդիսացել Ամերիկայի Միացյալ Նահանգները (21%), որին հաջորդել են Շվեյցարիան (16.9%) և Չինաստանը (14.2%): Ընդ որում, սկսած 2004թ. ԱՄՆ-ն շարունակաբար հանդիսացել է ՀՀ մուտքագրվող մարդասիրական օգնության հիմնական աղբյուրը: Այս երկրի մասնաբաժինը ընդհանուր աջակցության մեջ ըստ տարիների գերազանցել է անգամ 73%-ի մակարդակը: Բացառություն է կազմում միայն 2012 թվականը, երբ Չինաստանից ստացվող օգնության մասնաբաժինը հասել է ընդհանուրի 31.7%-ին:

Մարդասիրական օգնության կարևոր աղբյուրներից է նաև ԵՄ-ն, որի անդամ երկրների համախառն աջակցության մասնաբաժինը 2016թ. կազմել է 24.2%` նախորդ տարվա համեմատությամբ նվազելով 3.7%-ով: ԵՄ անդամ երկրներից մարդասիրական օգնության ամենախոշոր դոնոր երկիրը Իտալիան է (5.3%), որին հաջորդում են Գերմանիան (4%), Մեծ Բրիտանիան (3.9%) և Նիդերլանդները (2.3%):

Հետաքրքրական է, որ նախորդ տարվա ընթացքում Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանին տրամադրել է ընդամենը 14 հազար ԱՄՆ դոլարի հասնող մարդասիրական օգնություն և այդպիսով, ԱՊՀ երկրների մասնաբաժինը ստացվող ընդհանուր աջակցության մեջ չի գերազանցել  0.1%-ի սահմանագիծը:

 

Անդրանիկ Մանուկյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում»


Կարդացեք նաև