70 հազար ընտրողի քվեարկությանը միջամտել են

Извините, этот текст доступен только на данных языках: “Армянский” и “Американский Английский”.

2017 թվականի ապրիլի 2-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ «Անկախ դիտորդ» հասարակական նախաձեռնության կողմից արձանագրված հիմնական մտահոգություններից մեկը կապված էր քվեարկության գաղտնիության խախտումների հետ:

Այդ նպատակով «Անկախ դիտորդ» նախաձեռնությունը ՀՀ ԿԸՀ-ից ապրիլ ամսին պահանջեց և օրերս ստացավ խորհրդարանական ընտրությունների օրը օգնությամբ քվեարկած ընտրողների թիվը՝ ըստ ընտրական տեղամասերի:

Քանակական տվյալներ

Այսպես, քվեարկության օրը 70.488 ընտրող կամ քվեարկության մասնակցած ընտրողների ընդհանուր թվի 4,5 տոկոսը քվեարկել է օգնությամբ: Ընդ որում, սա ընդհանուր պատկերի միայն փոքր մասն է, քանի որ, ինչպես հայտնել էինք, մեր դիտորդները դիտարկած տեղամասերի 67 տոկոսում գրանցել են դեպքեր, երբ ընտրողի հետ քվեախցիկ մտնող անձը չի գրանցվում որպես օգնող (նման բազմաթիվ դեպքերի տեսագրություններ կգտնեք այստեղ):

Հանրապետության շուրջ 2000 ընտրական տեղամասերից թվով 227-ում ընտրողների 10 տոկոսից ավելին քվեարկել է օգնությամբ: Թվով 23 տեղամասերում օգնությամբ քվեարկել է ընտրողների 20 տոկոսից ավելին (այսինքն, ավելի քան յուրաքանչյուր 5-րդ ընտրող): Իսկ թվով 4 տեղամասերում օգնությամբ ընտրել են ընտրողների ավելի քան 30 տոկոսը:

Այս առումով, ռեկորդակիր է Արմավիրի մարզի 14/49 տեղամասը, ուր ըստ ՀՀ ԿԸՀ-ից ստացված գրության՝ օգնությամբ քվեարկել է  քվեարկության մասնակիցների 89 տոկոսը:

Որպեսզի ակնհայտ լինի, որ օգնությամբ քվեարկած ընտրողների զգալի մասը օգնության կարիք չունի, նշենք, որ ընտրական տեղամասերում եղել են հատուկ տեսողության խնդիրներ ունեցող ընտրողների համար նախատեսված մեծ խոշորացույցներ: Այսինքն, անգամ տեսողական խնդիրներ ունեցող ընտրողները կարող էին ինքնուրույն քվեարկել առանց օգնության։

Ու՞մ օգտին էին օգնում

Հատկանշական է, որ առկա է օրինաչափություն տեղամասերում օգնությամբ քվեարկած ընտրողների թվի և այդ տեղամասերում Հայաստանի Հանրապետական կուսակցության ստացած քվեների միջև։

Այդպես, ՀՀԿ-ն, որը ստացել է ընտրողների շուրջ 49 տոկոս քվեն, այն տեղամասերում, որտեղ արձանագրվել է օգնությամբ քվեարկած ընտրողների մեծ թիվ, նրանցում ՀՀԿ-ն ստացել է ավելի մեծ տոկոս, քան հանրաետական միջին տոկոսը։

Օրինակ, այն տեղամասերում, ուր օգնությամբ քվեարկած ընտրողների թիվը կազմել է քվեարկությանը մասնակցած ընտրողների ավելի քան 5 տոկոսը, ՀՀԿ-ն ստացել է միջինից մոտ 5 տոկոսով ավել քվե (54.4 տոկոս)։ Այն տեղամասերում, ուր օգնությամբ քվեարկողների թիվը կազմել է քվեարկությանը մասնակցած ընտրողների թվից 10 տոկոսից ավելին,  ՀՀԿ-ն ստացել է 61,3 տոկոս քվե: Եվ այն տեղամասերում, ուր օգնությամբ քվերակած ընտրողների թիվը կազմել է քվեարկությանը մասնակցած ընտրողների թվի  20 տոկոսից ավելին, ՀՀԿ-ն ստացել է 66,2 տոկոս:

Օգնությամբ քվեարկած ընտրողների թվի և ՀՀԿ-ի ստացած ձայների միջև աճի կապն ըստ տեղամասերի ներկայացված է տեսապատկերում։

Հարկ ենք համարում նաև արձանագրել, որ խորհրդարան անցած մյուս երեք կուսակցությունների և դաշինքների՝ «Ծառուկյան» դաշինքի, «Ելք» դաշինքի և Հայ Յեղափոխական Դաշնակցության, ստացած ձայների և տեղամասերում օգնությամբ քվեարկած ընտրողների թվի միջև այդպիսի օրինաչափություն չի նկատվում։ Ընդհակառակը, օգնությամբ քվեարկած ընտրողների թվի աճին զուգահեռ նրանց ստացած կշիռը նվազում է:

Վերոնշյալը բացատրվում է նրանով, որ 2017 թվականի ապրիլի 2-ի ՀՀ Ազգային ժողովի ընտրություններում տասնյակ հազարավոր քաղաքացիների քվեարկությունը վերահսկվել է «օգնողի» ինստիտուտի կիրառման միջոցով ի օգուտ Հայաստանի Հանրապետական կուսակցության:

Սրանով ևս մեկ անգամ հիմնավորվում է ընտրությունների վերաբերյալ նախկինում արված մեր գնահատականը, ըստ որի՝ դրանք եղել են ոչ ազատ:

«Անկախ Դիտորդ» հասարակական նախաձեռնություն, ի դեմս՝
Հելսինկյան
քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի
Իրազեկ
քաղաքացիների միավորման

Похожие записи: