Ի պատասխան դեսպանների, տնօրենների և ԻՔՄ-ի մասին հրապարակման

02.06.2017 | 17:36 | Հայտարարություններ

Այսօր «Ժողովուրդ» օրաթերթը հանդես է եկել մի հրապարակմամբ, որում ասվում է, որ «ԱԺ ընտրություններում ՀՀԿ օգտին ձայներ հավաքագրելու սկանդալը շատ թանկ է նստել դպրոցների և մանկապարտեզների տնօրենների վրա: Ճիշտ է՝ հայաստանյան իրավապահ համակարգն աչք փակեց այդ աղմուկի վրա, և ՀՀԿ օգտին իրենց պաշտո­նեական դիրքն օգտագործած տնօրեններն անպատիժ մնացին, սակայն «Ժողովուրդ»-ի աղբյուրների պնդմամբ՝ նրանք խնդիր են ունենալու օտարերկրյա պետությունների հետ, եթե որոշեն դիմել համապատասխան դեսպանատներ՝ արտերկիր մեկնելու համար: «Ժողովուրդ» օրաթերթին լուրեր հասան, որ ՀՀում օտարերկրյա մի քանի պետությունների դեսպանատներ այդ սկանդալը բացահայտած «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կից խնդրել են իրենց տրամադրել դպրոցի և մանկապարտեզների տնօրենների անունների ամբողջական ցանկը: Կազմակերպությունն էլ, բնականաբար, տրամադրել է հետաքրքրող տեղեկությունը: Թե ինչո՞ւ են դեսպանատներն ուզել այս տնօրենների անունները, դժվար չէ ենթադրել, նրանց անունը կհայտնվի սև ցուցակում, և այդ երկրները կարգելեն ընտրակեղծարարների մուտքն իրենց երկիր՝ մերժելով վիզայի տրամադրումը»:

Որոշ լրատվամիջոցներ, անգամ մեկնաբանելով այս նյութը, հայտնել են, որ «ՀՀԿ-ի համար աշխատած տնօրեններին չի տրամադրվի ելքի վիզա»:

Այս կապակցությամբ «Իրազեկ քաղաքացիների միավորումը» հարկ է համարում հայտնել, որ՝

  1. SUT.am կայքում հայտնի հրապարակման մեջ նշված 84 դպրոցների և 30 մանկապարտեզների տնօրենների ամբողջ ցուցակը հրապարակային է, այն հասանելի է նշված կայքում (https://sut.am/archives/803):
  2. ՀԿ-ի և դրա ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի դեմ դատական հայցեր ներկայացրած 30 տնօրենների անուններն ու ազգանունները հրապարակված են ՀՀ դատական դեպարտամենտի datalex.am կայքում: Այդ հղումը փաստացի ևս հասանելի է բոլոր ցանկացողների համար:
  3. «Իրազեկ քաղաքացիների միավորումը» որևէ կապ չունի քաղաքացիներին մուտքի և ելքի վիզաների տրամադրման հետ: Մուտքի վիզաները տրամադրում են դիվանագիտական ներկայացուցչությունները, ելքի վիզները՝ ՀՀ ԿԱ Ոստիկանությունը: Դիվանագիտական ներկայացուցչությունները գործում են իրենց երկրների ու միությունների օրենսդրությամբ, ՀՀ ոստիկանությունը՝ Հայաստանի օրենսդրությամբ:

 «Իրազեկ քաղաքացիների միավորում»


Կարդացեք նաև