Կոռուպցիայի կանխարգելման հարցերով մարմինը ձևական բնույթ է կրելու. Armtimes

12.06.2017 | 16:10 | Մամուլը մեր մասին

Այս շաբաթ Հայաստանի խորհրդարանը միաձայն ընդունեց կառավարության նախաձեռնած «Կոռուպցիայի կանխարգելման եւ կոռուպցիայի կանխարգելման հարցերով մարմնի մասին» օրենքի նախագիծը, որը, սակայն, շատերի կարծիքով չի կարողանալու ծառայել բուն նպատակին։

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի կարծիքով, թեեւ ապօրինի հարստացման քրեականացումը լավ բան է, սակայն հայաստանյան օրենքը ձեւական բնույթ է կրում։

«Սա նշանակում է, որ եթե ինչ որ մի չինովնիկ, դատավոր կամ պատգամավոր հարստանում է, ավելի արագ, քան դա կարող էր լինել իր աշխատավարձով, ապա դրա համար նա կանգնում է դատարանի առջեւ ու կարիք չկա ապացուցելու, որ կաշառք է վերցրել, ատկատ է վերցրել կամ փող է գողացել։ Սակայն, այս մեխանիզմը պետք է լինի արդյունավետ գործող, պաշտոնյաները կարող են կեղտոտ փողերով գույք գնել, բայց չգրանցել իրենց անունով ու դրանով հարցը կփակվի։ Սա լուրջ չէ»,-ասում է Իոաննիսյանը։

Փորձագետը նշում է, որ օրինակ Ուկրաինայում այս խնդրին եւս լուծում են տվել ու հայտարարագրում են նաեւ փաստացի օգտագործվող գույքը։

«Եթե այս մեքենան մեկ ուրիշի անունով է գրանցված, սակայն ես օգտագործում եմ, ուրեմն պետք է հայտարարագրեմ, եթե տեսնեն, որ ես սկսում եմ իմ հայտարագրերով ավելի արագ հարստանալ, ապա ինձ դատում են։ Մինչդեռ, մեր օրենքը նման բան չի ենթադրում։ Մեր օրենքը թույլ է տալիս, որ մարդ տանի իր զոքանչի անունով գրանցի իր գույքը։ Իհարկե, հնարավոր էր մեզ մոտ էլ նման կետեր ներառել, սակայն իշխանությունները չեն ուզում։ Սա ձեւական բան է, չեմ կարծում, թե արդյունավետ մեխանիզմ է»,-ասում է Իոաննիսյանը՝ հավելելով, որ բարձր ատյանների դատավորներ, չինովնիկներ, պատգամավորներ հաստատ այս օրենքի արդյունքով ապօրինի հարստացման համար չեն դատվելու։

Ինչ վերաբերում է ՀՅԴ-ական պատգամավորի հայտնի ելույթին, որում նա վստահություն հայտնեց, թե սա գործ տալու ինստիտուտ է, Իոաննիսյանի կարծիքով, եթե մարդն ահազանգում է հանցագործության մասին, պետության ունեցվածքի թալանի, կամ հանրության շահերին հակառակ գործելու մասին, սա գործ տվող չի, հանրության համար օգտակար գործ կատարող մարդ է։

«Ի վերջո, ո՞վ է մեր երկրում ավելի հարգված, կրիմինա՞լը, թե իրավապահ համակարգը։ Եթե կրիմինալի մասին իրավապահ համակարգին հայտնելը բացասական երեւույթ է, դե եկեք իրավապահ համակարգը ցրենք, առհասարակ, պետությունը վերացնենք ու ապրենք կրիմինալ բարքերով»։


Կարդացեք նաև