Ի պատասխան ֆինանսների նախարարի. ԵԱՏՄ-ին չինտեգրվելու հետևանքները

27.06.2017 | 10:28 | Տնտեսություն և Էներգետիկա, Եվրասիական միություն, Եվրասիական միություն

Երեկ Հայաստանի ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, խոսելով ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության հետևանքների մասին, նշել է, որ վերլուծությունների համաձայն այդ կառույց մուտք գործելով լրացուցիչ տնտեսական էֆեկտը եղել է 2,2 տոկոս, որից 1,4 տոկոսային կետը եկել է գազի սակագնից:

Ու թեպետ այս հայտարարությունը հստակ հակասում է 2016 թվականի հոկտեմբերին վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարությանը, երբ նա ասել էր, որ հնարավոր չէ ասել, թե ի՞նչ կլիներ, եթե մենք ԵԱՏՄ-ի անդամ չլինեինք, քանի որ «այդ անալիտիկան չկա»: Բայց այժմ փորձենք հիշել այն «անալիտիկան», որը կա, ինչպես նաև քննարկել պարոն Արամյանի պնդումը կապված գազի գնի հետ:

Այլընտրանքը

Հայաստանը 2010 թվականից բանակցություններ էր վարում Եվրոպական միության հետ Ասոցացման և խորը համապարփակ առևտրի համաձայնագրի ստորագրման շուրջ: 2013 թվականի հուլիսին բանակցությունները ավարտվեցին, իսկ սեպտեմբերի 3-ին այն տապալվեց, քանի որ Սերժ Սարգսյանը հայտարարեց ԵԱՏՄ-ի ինտեգրացիայի ճանապարհը բռնելու մասին: Այսինքն, եթե ԵԱՏՄ-ի ինտեգրացիայի ճանապարհը չբռնեինք, ապա կստորագրեինք ԵՄ-ի հետ ասոցացման պայամանգիրը, որով նախատեսվում էր Հայաստանի ու ԵՄ-ի միջև բոլոր տեսակի ապրանքների ու ծառայությունների մաքսատուրքերի փոխադարձ զրոյացում և ընթացակարգերի պարզեցում։

Այդ պայմանագրի ստորագրման արդյունքները հաշվարկված էին աշխարհահռչակ Ecorys կազմակերպության կողմից: Ըստ դրա՝ ԵՄ ասոցացման արդյունքում մի քանի տարի հետո Հայաստանի ՀՆԱ-ն կունենար լրացուցիչ 2,3 տոկոսանոց աճ, իսկ պետական բյուջեի եկամուտները կավելանային լրացուցիչ 146 միլիոն դոլարով, 15 տոկոսով ավելանալու էին նաև Հայաստանից արտահանման ծավալները, լինելու էր սպառողական ապրանքների գնաճի 1,2 տոկոսանոց կոմպենսացիա, աշխատավարձերի 2,7 տոկոսանոց լրացուցիչ բարձրացում, աշխատաշուկայում բարձր որակավորմամբ աշխատատեղերի քանակի լրացուցիչ 7 տոկոսանոց աճ և այլն:

Սա այս թեմայի շուրջ միակ միջազգային բարձրորակ հեազոտությունն է, որն ըստ էության նկարագրում է այն, թե ինչից Հայաստանը զրկվեց՝ անդամակցելով ԵԱՏՄ-ին:

Գազը

Նախարարը, ինչպես նշվեց, պնդել է, որ վերլուծությունների համաձայն 1,4 տոկոս «լրացուցիչ տնտեսական էֆեկտ» է եղել գազի սակագնից, քանի որ ԵԱՏՄ-ի շնորհիվ չի գործել Ռուսաստանից դեպի Հայաստան գազի արտահանման 30 տոկոսանոց մաքսատուրքը:

Այսպիսով, 2013 թվականի դեկտեմբերին Հայաստան մատակարարվող ռուսական գազի սակագինը 190 դոլար էր (1000 խմ-ի դիմաց): Եվրոպական երկրներին այն ժամանակ «Գազպրոմը» գազ էր մատակարարում մոտ 390 դոլարով: Վերջին 3,5 տարիներին Հայաստանին մատակարարվող ռուսական գազի գինը նվազեց և հասավ 150 դոլարի, այնինչ Եվրոպա նույն ռուսական գազը այժմ հասնում է մոտ 175 դոլարով է:

Այլ կերպ ասած, 2013 թվականից հետո Հայաստանին մատակարարվող ռուսական գազը էժանացավ 21 տոկոսով, իսկ եվրոպական երկրներին մատակարարվողը՝ 56 տոկոսով: Այլ կերպ ասած, թեև Հայաստանը մտավ ԵԱՏՄ, իսկ եվրոպական երկրները՝ ոչ, սակայն այնտեղ մատակարարվող «Գազպրոմի» գազը 2,5 անգամ ավելի արագ անկում ապրեց, քան Հայաստանում:

Ընդ որում, դա տեղի ունեցավ այն պայմաններում, որ եվրոպական շատ երկրներում Ռուսաստանը չունի գազի մատակարարման մրցակիցներ, իսկ Հայաստանը ունի գազ արտահանող այլ հարևաններ (օրինակ՝ Իրանը): Եվ ողջամիտ տրամաբանությամբ Իրանը պետք է մրցեր Ռուսաստանի հետ՝ Հայաստանին առավել շահավետ պայմաններով գազ առաջարկելով, որի արդյունքում այստեղ գազի գինը ավելի արագ անկում կապրեր, քան Եվրոպայում:

Սակայն, Հայաստանի իշխանությունների կողմից «Գազպրոմին» տրված մենաշնորհի արդյունքում Հայաստանում գազի գինը 2,5 անգամ ավելի քիչ է նվազում, քան ամբողջ Եվրոպայում, քանի որ վերջինս ունի ճկուն հակամենաշնորհային քաղաքականություն:

Հետևապես, ԵԱՏՄ-ի սահմաններում գազի արտոնյալ գնի մասին խոսակցությունները, մեղմ ասած, տեղին չեն: Ավելի տեղին կլինի խոսել այն մասին, թե ինչու՞ «Գազպրոմը» կարողացավ Հայաստանում այնպիսի մենաշնորհ ստանալ, որ մենք կորցնենք գազի մրցակցային դաշտը, գազի գինը դառնա քաղաքական հանգամանքներից կախված և ոչ շահավետ:

Դանիել Իոաննիսյան,
«Իրազեկ քաղաքացիների միավորում»


Կարդացեք նաև