Ռուսաստանի Դաշնությունը խախտում է ԵԱՏՄ պայմանագիրը․ «Ազատություն»

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» պնդում է, թե «իր տարածքում սահմանափակելով ծառայություններ մատուցելու հայաստանցիների իրավունքը՝ Ռուսաստանի Դաշնությունը խախտում է ԵԱՏՄ պայմանագիրը»։

Ռուսաստանյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հունիսի 1-ից ռուսաստանյան ընկերություններին օրենքով արգելվել է աշխատանքի ընդունել ռուսաստանյան վարորդական իրավունքներ չունեցողներին:

Արգելքը, սակայն, չի վերաբերում այն երկրների քաղաքացիներին, որտեղ ռուսերենը պաշտոնական լեզու է։ Սահմանափակումներից ազատված երկրներում՝ Ղրղըզստանում և Բելառուսում, ռուսերեն լեզուն ունի պաշտոնական կարգավիճակ:

Ռուսաստանի Ճանապարհային ոստիկանության ղեկավարն ՏԱՍՍ-ի հետ զրույցում, օրինակ, քննադատել էր օտարերկրացի վարորդների պատրաստվածության մակարդակը՝ հայտարարելով, թե «նրանց միայն 10-ը տոկոսն է առաջին փորձից հաջող հանձնում վարորդական իրավունք ստանալու քննությունը»:

«Իրազեկ քաղաքացիների միավորման» ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի խոսքով, Ռուսաստանը սահմանափակումներ է մտցնում՝ շրջանցելով ԵԱՏՄ պայմանագիրը․ – «Տնտեսական ցանկացած միություն՝ այդ թվում նաև Եվրասիականը, ենթադրում է աշխատուժի ազատ տեղաշարժ: Այսինքն ես կարող եմ գնալ և Ղրղըզստանում կամ Ռուսաստանում հանգիստ աշխատել առանց աշխատանքի թույլտվության, առանց որևիցե խոչընդոտի, ինչպես որ դա կանեմ այն երկրում, որի քաղաքացին եմ: Դա ամրագրված է պայմանագրի 28-րդ հոդվածով: Դա նաև ենթադրվում է, ըստ էության, պայմանագրի կոնկրետ տրանսպորտային կարգավորումների հետ կապված 86-րդ հոդվածում: Այսինքն՝ պայմանագրում այդ ամեն ինչը գրված է: Ընդ որում, պայմանագիրը ունի ցանկացած երկրի օրենսդրության նկատմամբ ավելի բարձր իրավաբանական ուժ»:

Կատարված փոփոխությունների արդյունքում, ըստ հրապարակումների, Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնած հայաստացի շատ վարորդներ կորցրել են աշխատանքը, մի մասը հենց այդ պատճառով ստիպված են եղել վերադառնալ հայրենիք:

Հարցը մի քանի օր առաջ փորձեց բարձրացնել Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը Ռուսաստանի Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի հետ հանդիպման ընթացքում: Ռուսաստանում հայաստանյան վարորդական վկայականները ճանաչելու համար Վոլոդինը Հայաստանի իշխանություններին առաջարկեց ռուսերենին տալ պաշտոնական կարգավիճակ։

Ռուսաստանցի բարձրաստիճան պաշտոնյայի այդ հայտարարությունը մեծ վրդովմունք առաջացրեց Հայաստանում: Ի պատասխան, ըստ լրատվամիջոցների հաղորդումների, ԱԺ պատվիրակության կազմում Ռուսաստան մեկնած արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն ասել է, թե «ռուսաց լեզվի սահմանադրական կարգավիճակի հարցը Հայաստանի օրակարգում չկա և չի նախատեսվում»։

Դանիել Իոաննիսյանը կարծում է, որ վարորդական վկայականի հարցն ընդամենը պատրվակ էր Հայաստանի նկատմամբ ճնշումներ գործադելու համար․ – «Այն, որ Հայաստանում մարդիկ հիմնականում խոսում են հայերեն, իսկ Հայաստանում մարդկանց 98 տոկոսի հիմնական լեզուն հայերենն է, խնդրահարույց է այստեղ կրեմլյան կամ ռուսական պրոպագանդային գործունեության համար: Իրենք տեսնում են խնդիր Հայաստանին վերահսկելու առումով: Որովհետև սա անկախ ինստիտուտ է, որն իրենցից ամբողջությամբ անկախ է և որը, այնուամենայնիվ, ինքնության հիմքում է նստած: Եվ դրա համար իրենք փորձում են այդ ինքնության հիմքը ինչ-որ տեղ քանդել, վնասել, որպեսզի ռուսական գերիշխանությունը այստեղ տարածվի»:

Իոաննիսյանը Եվրամիության օրինակն է բերում՝ միայն լեհերեն գրված վարորդական վկայականը, նրա խոսքով, լեհաստանցի վարորդին չի խանգարում տեղաշարժվել ու աշխատել Եվրամիության տարածքում․ – «Ռուսաց լեզուն, եթե մենք նայենք աշխարհում տարածվածությամբ, ինքը զիջում է ոչ միայն անգլերենին, չինարենին, իսպաներենին, այլ անգամ պորտուգալերենին է զիջում, կամ իտալերենին: Այսինքն, ինքը աշխարհի թոփ լեզուների մեջ չի: Եվ երկրորդը, պետք է հաշվի առնել, որ ռուսաց լեզուն նաև պարտադիր չի Եվրասիական միության սահմաններում»:

Ռուսաստանյան «Կոմերսանտ»-ի փոխանցմամբ, ԵԱՏՄ-ն Ռուսաստանին առաջարկել է փոփոխություններ կատարել գործող օրենքում՝ մասնավորապես բացառել արգելքի կիրառումը միության անդամ բոլոր երկրների քաղաքացիների համար:

Առնչվող