Շվեյցարիան դարձել է արտահանման գծով Հայաստանի 2-րդ խոշորագույն գործընկեր երկիրը. տնտեսագետ

28.07.2017 | 11:07 | Մամուլը մեր մասին

2017թ. առաջին հինգ ամիսների ընթացքում Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է մոտ 23 տոկոսով: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց տնտեսագետ Անդրանիկ Մանուկյանը՝ մեջբերելով ԱՎԾ-ի տվյալները:

Տնտեսագետն ասաց, որ նույն տվյալների համաձայն՝ 2017թ. հունվար-մայիս ամիսների ընթացքում շուրջ 20.9 տոկոսով աճել է նաև Հայաստանից արտահանումը:

Տնտեսագետի ուսումնասիրությամբ՝ Եվրոպական միությունը շարունակում է լինել Հայաստանի խոշորագույն առևտրային գործընկերը, չնայած Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ է:

«2017թ. առաջին հինգ ամիսների ընթացքում դեպի Եվրամիության անդամ պետություններ ուղղվել է Հայաստանի ընդհանուր արտահանման շուրջ 30 տոկոսը, մինչդեռ ԵԱՏՄ անդամ երկրների մասնաբաժինը ընդհանուր արտահանման մեջ կազմել է միայն 22.2 տոկոսը: Ընդ որում, նախորդ տարվա համեմատ դեպի ԵՄ արտահանման տեսակարար կշիռը ավելացել է, իսկ դեպի ԵԱՏՄ՝ նվազել»,- ասաց Մանուկյանը:

Ըստ նրա՝ դեպի եվրոպական երկրներ Հայաստանից արտահանումը կարելի է բնութագրել որպես թռիչքային:

«2017թ.-ի հունվար-մայիս ամիսներին ՀՀ արտահանումը դեպի Ֆինլանդիա ավելացել է 75.2 անգամ, դեպի Դանիա՝ 33.8 անգամ, դեպի Շվեդիա՝ 8.6 անգամ, Միացյալ Թագավորություն՝ 5.4 անգամ, Նիդերլանդներ՝ 2.1 անգամ: Շվեյցարիան դարձել է արտահանման գծով Հայաստանի երկրորդ խոշորագույն գործընկեր երկիրը»,- մանրամասնեց նա:

Հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված արտահանման ծավալների մեծացումը, Անդրանիկ Մանուկյանը պատասխանեց, որ, ըստ էության, արտահանումը պայմանավորող հիմնական գործոնները՝ լոգիստիկա, տեխնիկական կանոնակարգեր, առևտրային ռեժիմ և այլն, մնացել են ստատիկ վիճակում:

Դիտարկմանը, թե կարծիքներ կային, որ ԵՄ շուկան հայկական արտադրությամբ հետաքրքրված չէ, իսկ ԵԱՏՄ շուկան՝ հետաքրքրված է, Անդրանիկ Մանուկյանն այսպես արձագանքեց. «Դա մշտապես ԵԱՏՄ ջատագովների կողմից ներկայացվող դրույթներից մեկն էր: 2015թ.-ից ի վեր ԵԱՏՄ շրջանակներում աստիճանաբար վերացվում են ոչ սակագնային բարիերները, կատարվում է տեխնիկական կանոնակարգերի միասնականացում և այլն: Եվ չնայած դրան՝ ՀՀ արտահանումը դեպի ԵՄ երկրներ ավելի արագ է աճում, և այժմ արտահանման 30 տոկոսը ուղղվում է դեպի ԵՄ անդամ երկրներ»:


Կարդացեք նաև