Հակիրճ հայ-իրանական հարաբերությունների մասին

07.08.2017 | 18:34 | Արտաքին քաղաքականություն

Օգոստոսի 6-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Իրան կատարած պաշտոնական այցի շրջանակներում հանդիպել էր Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) նախագահ Հասան Ռոհանիի հետ: Այդ կապակցությամբ հանրությանն ենք ներկայացնում հակիրճ տեղեկություններ հայ-իրանական հարաբերությունների մասին:

Սա անցած 12 ամիսների ընթացքում երկու երկրների նախագահների արդեն երկրորդ հանդիպումն է: Ընդհանրապես, 1992թ. Հայաստանի և Իրանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո երկկողմանի դիվանագիտական խորհրդակցությունները բոլոր մակարդակներով, այդ թվում նախագահական, կանոնավոր բնույթ են կրել: Այսպես, օրինակ, 2016թ. դեկտեմբերին Ռոհանին պաշտոնական այց էր կատարել Երևան: ԻԻՀ նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը երեք անգամ պաշտոնական այցով գտնվել է Հայստանում (երկու անգամ 2007թ. և մեկ անգամ 2011թ.): Իր հերթին Սերժ Սարգսյանը նախկինում պաշտոնական այցերով գտնվել է Իրանում 2009 և 2011 թթ.՝ Մահմուդ Ահմադինեժադի ղեկավարության օրոք և 2013թ․ օգոստոսին՝ Ռոհանիի 1-ին երդմնակալությանը:

Ընդհանուր առմամբ, Հայաստան-Իրան հարաբերությունները բազմաշերտ են, կայուն և դրական: Երկու երկրների հարաբերությունները ունեն երկու կարևոր ուղղություն՝ առևտուր և էներգետիկայի ոլորտ:

Տնտեսական

Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառության հաշվեկշռում Իրանը հիմնականում առաջին տասնյակում է: ԽՍՀՄ փլուզմանը հաջորդած առաջին տարիներին Իրանը մշտապես առաջին հնգյակում էր: Այդուհանդերձ, 2016 թվականին Իրանի հետ առևտրի ծավալը նվազել է շուրջ 15 տոկոսով։ Եթե 2015-ին Հայաստանի Իրանի հետ առևտրի ծավալները կազմել էին 280 մլն դոլար, ապա 2016-ին այն կազմեց 239 միլիոն:

Հայաստան-Իրան համագործակցության կարևոր տարրերից մեկը դա ԻԻՀ-ՀՀ գազամուղն է, որը գործում է 2007թ.-ից: Այս գազատարի կարևորությունը ՀՀ էներգետիկ անվտանգության համար անգնահատելի է, սակայն դեռևս 2005թ. ռուսական կողմը բազմիցս միջամտում էր դրա նախագծման գործընթացին՝ սահմանափակելով Իրան-Հայաստան գազամուղի տրամաչափը (հետևապես, նաև թողունակությունը), իսկ 2006 թվականին նախքան գազամուղի գործարկումը դրա մի մասը վաճառվեց «Գազպրոմին»: Գրեթե տաս տարի անց՝ 2015 թվականին ՀՀ կառավարությունը որոշում կայացրեց ՌԴ-ին վաճառել գազամուղի մնացած հատվածը՝ Մեղրիից Քաջարան ընկած 40կմ-ը: Վերջին երկու տարիներին կողմերը քննարկում են Իրանից Հայաստան ներմուծվող գազի ծավալի աճը, սակայն, ըստ ամենայնի, դրան դեմ է գազամուղի սեփականատերը՝ «Գազպրոմը» (քանի որ այդ դեպքում «Գազպրոմը» Հայաստանին ավելի քիչ գազ կվաճառի):

2016 հունիսի 5-ին Իրանում երկու երկրների արտգործնախարարների կողմից ստորագրվել է վիզային ռեժիմի ազատականացման մասին հուշագիրը, որը 2016թ. օգոստոսին մտավ ուժի մեջ:

Հայաստանի նախաձեռնությամբ Եվրասիական տնտեսական միությունը Իրանի հետ ներկայումս վարում է բանակցություններ ԵԱՏՄ-ԻԻՀ ազատ առևտրի գոտու ստեղծման վերաբերյալ: Օգոստոսի 5-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ (ՀՀ նախկին վարչապետ) Տիգրան Սարգսյանը Թեհրանում հանդիպել է Իրանի առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրին: Այս հանդիպման ընթացքում Տիգրան Սարգսյանը հույս է հայտնել, որ ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ տնտեսական գոտու ստեղծման մասին համաձայնագիրը մոտ ժամանակներս կստորագրվի:

Քաղաքական

Թեև Իրանի բնակչության 90-ից ավել տոկոսը շիա մահմեդական են, այդուհանդերձ դա բացասաբար չի անդրադառնում հայ-իրանական հարաբերությունների վրա: Իրանում հայկական կես միլիոնանոց համայնքը խնդիրների առջև չի կանգնում դավանանքի պատճառով: Հայերի և Իրանի (կամ, ավելի ճիշտ՝ Պարսկաստանի) վերջին կոնֆլիկտը ավարտվել է 1828 թվականի Թուրքմենչայի պայամանգրով, ըստ որի Արևելյան (ներկայիս) Հայաստանը անցել է Ռուսական կայսրությանը: Դրանից հետո և առ այսօր Իրանը Հայաստանի միակ հարևանն է, որի հետ կոնֆլիկտներ կամ տարածքային գրեթե 200 տարի չեն եղել:

Ղարաբաղյան հակամարտության հարցում Իրանը ունի հստակ դիրքորոշում՝ համարելով խաղաղ կարգավորումը միակ հնարավոր ուղին: 2016թ. դեկտեմբերին Հայաստան կատարած այցի ընթացքում ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին ևս մեկ անգամ շեշտել էր, որ Ղարաբաղյան խնդիրը չունի ռազմական լուծում: Սերժ Սարգսյանի վերջին այցի շրջանակներում ևս Ռոհանին ընդգծել է, որ ԼՂ հակամարտության լուծումը կարող է լինել բացառապես քաղաքական ճանապարհով և իր երկրի համար կարևոր է տարածաշրջանի խաղաղությունն ու կայունությունը: Իրանը փաստացի Ղարաբաղին սահմանակից միակ երկիրն է, որը կոնֆլիկտի կողմ չէ: 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ արձակված հրետանային արկեր ընկել էին Իրանում:

Այդուհանդերձ, պետք է նկատել, որ վատ չեն նաև Իրան-Ադրբեջան հարաբերությունները: Դրա օրինակ է այն, որ քանի դեռ Հայաստանի իշխանությունները փորձում էին կյանքի կոչել Իրան-Հայաստան երկաթգիծը (որով Իրանը կկապվեր Սև ծովին), Թեհրանը նախապատվությունը տվեց Իրան-Ադրբեջան երկաթգծին, որը շուտով արդեն կհանձնվի շահագործման:

«Իրազեկ քաղաքացիների միավորում»


Կարդացեք նաև