Քրեական հեղինակությունը դիմել է «Ռոսկոմնադզոռին»՝ ընդդեմ «Իրազեկ քաղաքացիների միավորման»

01.09.2017 | 16:34 | Հայտարարություններ

Այսօր, սեպտեմբերի 1-ին «Իրազեկ քաղաքացիների միավորումը» նամակ է ստացել Ռուսաստանի Դաշնության Կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների և զանգվածային կոմունիկացիաների վերահսկման դաշնային ծառայությունից («Роскомнадзор»):

Նամակով ՌԴ պետական մարմինը պահանջում է «Իրազեկ քաղաքացիների միավորման» ArmRus.info լրատվական կայքից հեռացնել Հայաստանի ներդրողների ակումբի անդամ Ռուբեն Թաթուլյանի (քրեական աշխարհում հայտնի «Ռոբսոն» մականվամբ)՝ Չեխիայում ձերբակալության մասին նյութը (http://armrus.info/archives/29039): «Ռոսկոմնադզոռը» սխալներով լի անգլերեն լեզվով ձևակերպված նամակում պահանջ-խնդրանքը հիմնավորում է Ռուսաստանի Դաշնության «Անձնական տվյալների մասին» օրենքի դրույթներով:

Այդ կապակցությամբ, հարկ ենք համարում մատնանշել այն հանգամանքը, որ ArmRus.info-ն գործել է Հայաստանի Հանրապետության օրենսդրության ու միջազգային նորմերի պահպանմամբ և չի խախտել Ռուբեն Թաթուլյանի անձնական կյանքի գաղտնիության իրավունքը: Կայքի գործունեությունը օրինական է՝ համաձայն «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օերնքի 8-րդ և «Զանգվածային Լրատվության մասին» Հայաստանի Հանարպետության օերնքի 7-րդ հոդվածների:

Սակայն, առավել մտահոգիչ է, որ Հայաստանի Հանրապետության դիվանագիտական անձնագիր ունեցող անձը, ով նաև վարչապետ Կարեն Կարապետյանի հիմնադրած «ներդրողների ակումբի» անդամ է, դիմում է օտարերկրյա պետական մարմնի՝ Հայաստանում ԶԼՄ-ի վրա ճնշում գործադրելու նպատակով:

Այնինչ, Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարությունում գործում է Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը, որի որոշումները պարտադիր են նաև «Իրազեկ քաղաքացիների միավորման» համար: Արդ, Ռուբեն Թաթուլյանի անձնական տվյալների գաղտնիության իրավունքը իրապես խախտված լինելու դեպքում, այն կարող էր վերականգնվել նշված գործակալության միջոցով:

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» չի կատարելու «Ռոսկոմնադզորի»՝ Ռուսաստանի օրենսդրության վրա հիմնվող պահանջը, քանի որ գործել է Հայաստանի օրենսդրության սահմաններում, իսկ Ռուսաստանի օրենսդրությունը Հայաստանի տարածքում չի գործում:

Ավելին, մեր թիմում գործող ArmRus․info և SUT.am կայքերը այժմ առավել հետաքրքրությամբ են ուսումնասիրելու այն, թե ինչպե՞ս է քրեական աշխարհի ներկայացուցիչը ստացել ՀՀ դիվանագիտական անձնագիր և հայտնվել վարչապետի «ներդրողների ակումբում»:

 «Իրազեկ քաղաքացիների միավորում»


Կարդացեք նաև