«Անկախ դիտորդ»: ՀՀ Ազգային ժողովի ընտրություններ 2017թ. ապրիլի 2: Վերջնական զեկույց

19.07.2017 | 17:45 | Ընտրություններ

2017 թ. հունիսի 13-ին Երևանում տեղի ունեցած շնորհանդեսով «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը ներկայացրեց 2017 թ. ապրիլի 2-ի ՀՀ ԱԺ ընտրությունների դիտարկման արդյունքում պատրաստված զեկույցի աշխատանքային տարբերակը, որի ժամանակ հնչած կարծիքների և առաջարկությունների հիման վրա զեկույցը վերանայվել է:

Զեկույցն ամփոփում է «Անկախ դիտորդ» դաշինքի երկարաժամկետ և կարճաժամկետ դիտարկումների արդյունքները: Զեկույցում ներկայացված ընտրական խախտումների առնչությամբ իրականացված իրավական գործողությունների վերաբերյալ պատրաստվել է առանձին տեղեկանք, որի ամփոփումը ներկայացվում է սույն զեկույցում:

Զեկույցն ամբողջությամբ՝ ԱՅՍՏԵՂ

«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը 2017թ. ապրիլի 2-ի ՀՀ Ազգային ժողովի ընտրությունները գնահատում է ամբողջությամբ ոչ ազատ և ուղեկցված ՀՀ քաղաքացիների քաղաքական և քաղաքացիական իրավունքների կոպիտ ոտնահարմամբ և արձանագրում է, որ.

1. Նախընտրական քարոզչության ընթացքում արձանագրված խախտումները (վարչական ռեսուրսների զանգվածային և կազմակերպված չարաշահում, առաջադրված կուսակցությունների և դաշինքների մրցակցային անհավասար պայմաններ) և դրանց կանխման, վերացման ուղղությամբ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, Ոստիկանության, այլ իրավապահ մարմինների ոչ պատշաճ արձագանքի և անգործության արդյունքում ձևավորված անպատժելիության մթնոլորտը իր ազդեցությունն է ունեցել նաև քվեարկության վրա:

2. Տարածքային թեկնածուների միջոցով իշխող կուսակցության համար ցանկալի արդյունքների ապահովումն իրականացվեց ընտրակաշառքների և այլ ապօրինի միջոցներով, որոնք որևէ կերպ չեն կանխվել և պատշաճ չեն քննվել իրավասու մարմինների կողմից:

 

3. ՀՀ Ազգային ժողովի քվեարկությունն ընթացել է զանգվածային և կազմակերպված բնույթի բազմաթիվ խախտումներով և քվեարկողների նկատմամբ զանգվածային վերահսկողության պայմաններում:


Կարդացեք նաև