Տարածված սխալ կա, թե մենք պետք է գրավեինք եվրասիական 170 միլիոնանոց շուկան․ Թերթ․am

14.09.2017 | 15:44 | Մամուլը մեր մասին

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանն այսօր մամուլին հայտնել էր, որ պետք չէ Հայաստանի հաջողությունները կամ անհաջողությունները փնտրել ԵԱՏՄ-ում, քանի որ այնտեղ Հայաստանն ունեցել է ո՛չ հետընթաց, ո՛չ առաջընթաց:

Սա, առաջին հերթին, կարող է երևալ Ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված մի քանի տվյալների համադրումից: Թվերն ընտրված են այն սկզբունքով, թե ինչ է արտադրել ու արտահանել Հայաստանը մինչ 2015-ին ԵԱՏՄ-ին անդամակցելը, ասենք՝ 2010, 2011, 2012, 2013, 2014 թթ. և ինչ՝ անդամակցությունից հետո՝ 2015, 2016 և 2017թթ.:

Եթե պարզվում է, որ այս թվային տվյալներում էական փոփոխություններ չկան, ապա ըստ տրամաբանության՝ Հայաստանը, այո, ոչինչ չի շահում, ոչինչ չի կորցնում: Սակայն, այս իմաստով առավել կարևոր են արտահանման ցուցանիշները, հատկապես ԵԱՏՄ երկրներ:

Եվ այսպես` ընդհանուր արտահանում ԵՏՄ մտնելուց առաջ և հետո (դոլարային արտահայտությամբ).

2007թ. – $1 152 300

2008թ. – $1 057 161

2009թ. – $710 157

2010թ. – $1 041 056

2011թ. – $1 334 339

2012թ. – $1 380 199

2013թ. – $1 478 747

2014թ. – $1 547 287

2015թ. – $1 485 332

Այսինքն՝ ամենաբարձր արտահանման ցուցանիշը գրանցվել է «մինչԵԱՏՄյան հեռավոր» 2007-ին, 2009-ին կտրուկ անկում է գրանցվել, 2011-ից կամաց-կամաց աճ է արձանագրվել և 2014-ին, երբ դարձյալ ԵՏՄ անդամ չէինք, հասել է առավելագույն ցուցանիշին, 2015-ին՝ մեր անդամակցության տարում, մոտ է եղել 2007 թվականի բարձր ցուցանիշին:

Ինչ վերաբերում է 2016-2017թթ. ցուցանիշներին, դրանք ԱՎԾ տարեգրքերում դեռևս ներկայացված չեն:

Ընդհանուր պատկերը ստացվում է, որ ինչպես արտահանել ենք, այնպես էլ շարունակում ենք արտահանել, և այս պարագայում շատ տրամաբանական հարց է առաջանում՝ ուրեմն ի՞նչ իմաստ ուներ ԵԱՏՄ մտնելը: Բայց այս տեսանկյունից հարցը դիտարկելու պարագայում կա մեդալի հակառակը երեսը: Այն է՝ ի՞նչ իմաստ ունի դուրս գալ այդ կառույցից: Մանավանդ, որ ինչպես բազմաթիվ քաղաքական վերլուծաբաններ ու տնտեսագետներ պնդում են՝ ԵԱՏՄ-ն ոչ թե տնտեսական հարթակ է, այլ քաղաքական միավոր, որին միանալու որոշումը կայացվել է բացառապես քաղաքական որոշման արդյունքում:
Tert.am-ն այս հարցն ուղղեց տնտեսագետ Անդրանիկ Մանուկյանին, որը նշեց, որ անկախ նրանից՝ գնայինք ԵԱՏՄ, թե ԵՄ, մեր տնտեսությունն այս իմաստով չէր փոխվի: Այսինքն՝ Հայաստանն ինչ արտադրական կարողություններ ունի, այդքան ունի՝ դրանք մաքսային ռեժիմի փոփոխություններից չեն փոխվում:

Սակայն տնտեսագետը կարծում է, որ թեպետ ԵԱՏՄ-ն Հայաստանի տնտեսության վրա ուղղակի ազդեցություն չի ունեցել, բայց խնդիրն այն է, որ մենք դրանով կորցրել ենք այլ հնարավորություններ։

«ԵԱՏՄ-ից օգուտներն ու վնասները հաշվարկելու հարցը չի կարելի դիտարկել առանձին՝ ոչ կոմպլեքս և անտեսել հարցի քաղաքական-տնտեսական բաղադրիչը: Մենք վնաս ունեցել ենք Եվրամիության հետ՝ չստորագրելով Ասոցացման համաձայնագիրը ԵԱՏՄ մտնելու պատճառով: Ու սա ոչ միայն քաղաքական բաղադրիչն է, եթե սա հանենք էլ, մենք չպետք է մոռանանք ԽՀԱԱԳ-ի մասին, քանի որ եթե մենք նայում ենք 2017-ի 1 կիսամյակի տվյալները՝ Եվրամիության հետ առևտրի մասնաբաժինը մեզ մոտ շարունակաբար աճում է: Այսինքն՝ մեր արտահանման 30 տոկոսը գնում է ԵՄ, 22.1 տոկոսն ուղղվում է ԵԱՏՄ երկրներ: Հիմա, այլ հավասար պայմաններում, եթե կորցնում ենք Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագիրը, այսինքն՝ ազատ առևտրի գոտի չունենք, մեր՝ դեպի Եվրոպա արտահանողները տուժում են: Սա արդեն իսկ վնաս է: Այսինքն՝ չի կարելի ասել, որ կորուստ չենք ունեցել»:

Մյուս կողմից, եթե հղում է կատարվում ԵՄ արտահանողների վնասներին, ապա նրանց կազմն այնքան էլ շատ չէ, եթե հաշվի առնենք, որ ԵՄ երկրներ հիմնականում արտահանվում է մոլիբդեն, պղինձ, ոչ լայն ապրանքանի՝ գյուղմթերքից մինչև պահածո, հյութ և կոնյակ:

«Այս համատեքստում, եթե նայում ենք, իմ համար ելակետը հետևյալն է՝ թեև ԵՄ մեր արտադրանքի մեծ մասը հանքահումքային արտադրանքն է, մենք ԵԱՏՄ-ում ենք, թե ԵՄ-ում, դրանից ոչինչ չի փոխվում: Այսինքն՝ եթե մենք ԵՄ-ում լինեինք էլ, մենք այդ նույն ապրանքներն էինք արտահանելու: Եվ մեր համար ասոցացման դեպքում արտոնյալ պայմաններ էին ստեղծվելու, նաև այս համաձայնագիրը կնքելուն հետևելու էին բազմաթիվ ռեֆորմներ՝ ֆինանսական աջակցություններ և այլն: Եվ առաջին հերթին դրանք պետք է ուղղված լինեին ձեռնարկատերերին, որպեսզի նրանք այս ստանդարտներին աստիճանաբար մոտենային: Ինչպես դա տեղի է ունենում Վրաստանում»,-ասաց նա։

Տնտեսագետը հավելեց նաև, որ տարածված սխալ կա, թե մենք պետք է գրավեինք եվրասիական 170 միլիոնանոց շուկան:

Ըստ նրա՝ մենք ունեցել ենք Ռուսաստանի հետ ազատ առևտրի գոտի, և մաքսային սակագների ու առևտրային ռեժիմների փոփոխության առումով ԵԱՏՄ-ին անդամակցությունը մեզ ոչ մի բան չի տվել:

Ի դեպ, «Հայկական ժամանակի» տնտեսական մեկնաբանն այսօր «ԵԱՏՄ-ն գրավում է Հայաստանը» հոդվածում անդրադառնալով ԵԱՏՄ երկրներից ՀՀ և ՀՀ-ից ԵԱՏՄ արտահանման ծավալներին՝ արձանագրել էր, որ իրականում ոչ թե Հայաստանն է գրավել 170 միլիոնանոց եվրասիական շուկան, այլ այդ շուկան գրավել է 3 միլիոնանոց Հայաստանը:

Անդրանիկ Մանուկյանը նշեց, որ սրա պատճառն այն է, որ ԱՄՆ-ից, Կանադայից, Եվրոպայից տարբեր ապրանքների ներմուծման պարագայում ԵԱՏՄ սահմանած բարձր մաքսատուրքերը մեզ, ներմուծման առումով, ըստ էության, այլընտրանք չեն տալիս. եվրասիական ապրանքները արհեստականորեն դուրս են մղել այլ աշխարհագրությամբ ապրանքներին:

«Ներմուծման էական՝ տարվա ընթացքում 25.8 տոկոսով ավելացման բաժինն էլ ընկնում է ԵԱՏՄ անդամ երկրներին: Հիմա սա որքանո՞վ է լավ, թե վատ, գալիս է նրանից, թե ինֆո մակարդակում մեզ համար լավ կլիներ ներմուծել, օրինակ, եվրոպակա՞ն, թե, ռուսական ապրանքներ»,-ասաց տնտեսագետը:

Նա նաև հավելեց, որ չմոռանանք, որ մինչ այս մեր սպառողներն ունեին ազատ կողմնորոշվելու իրավունք: «Հիմա ոչ»,-ամփոփեց տնտեսագետը:


Կարդացեք նաև