Ռուսերենի խորացված ուսուցումը տնտեսական առումով անհեռանկարային է

15.09.2017 | 16:46 | Արտաքին քաղաքականություն

Հայաստանում ռուսաց լեզվի դասաժամերն ավելացնելու նախաձեռնությունը չի կարող հիմնավորվել տնտեսական գրավիչ հեռանկարներով: Այս մասին են վկայում Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալները, ըստ որոնց ՀՀ առևտրային գործըներների առաջին տասնյակում միայն երեք երկիր կա, որտեղ գործածական է ռուսերենը: Ընդ որում, այդ երկրներից մեկի դեպքում պատկերը արագընթաց փոխվում է:

Եվ այսպես, համաձայն ԱՎԾ տվյալների՝ Հայաստանի ամենամեծ առևտրային գործընկերների տասնյակն ունի հետևյալ տեսքը՝

Ռուսաստան – 35,8%

Չինաստան – 19,1%

Թուրքիա – 12,2%

Իտալիա – 7%

Կանադա – 6%

Ուկրաինա – 5,8%

Իրան – 5,1%

Բրազիլիա – 4%

Ճապոնիա – 3,8%

Ֆրանսիա – 3.4%

Նշված երկրներում ռուսերենը կիրառելի է միայն Ռուսաստանում, Ուկրաինայում և Վրաստանում: Ընդ որում, Վրաստանի վարած կրթական քաղաքականության արդյունքում երիտասարդությունն ավելի ու ավելի շատ տիրապետում է անգլերենի և արդեն ոչ շատ տարիներ անց Վրաստանի հետ գործնական հարաբերություններ հնարավորություն կլինի վարել առավելապես անգլերենով:

Ուկրաինայում, թեև բնակչության զգալի հատվածի համար ռուսերենը հանդիսանում է մայրենի լեզու, այնուամենայնիվ, պետական քաղաքականության համաձայն խորացվում է անգլերենի ուսուցումը:

Հայաստանի խոշորագույն առևտրային գործընկեր մյուս երկրներում ռուսերենը չունի որևէ էական տարածում, իսկ գործնական շփումներն իրականացվում են կամ ազգային լեզուներով՝ պարսկերեն, գերմաներեն, չինարեն, թուրքերեն, իտալերեն, կամ անգլերենով:

Հարկ է նշել նաև, որ ըստ ԱՎԾ նույն տվյալների՝ մյուս այն երկրների հետ, որտեղ ռուսերենը այս կամ այն կերպ լայնորեն կիրառելի է, Հայաստանը գրեթե առևտրային կապեր չունի:

Այսպես, ԵԱՏՄ անդամ Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, ԱՊՀ անդամ Թուրքմենստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի հետ Հայաստանը առևտրային հարաբերություններ գրեթե չունի:

Ինչ վերաբերում է ընդհանրապես աշխարհում տարածված լեզուներին, ապա ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ «Իրազեկ քաղաքացիների միավորման» այս հոդվածում:  Ըստ այդմ, ռուսերենը անգամ չի մտնում աշխարհում ամենատարածված լեզուների հնգյակի մեջ:

Աշխարհում ռուսերենի այս կամ այն կերպ տիրապետում է մոտ 260 միլիոն մարդ: Այնինչ, անգլերենի տիրապետողների թիվը մոտ մեկ միլիարդ է: Անգամ իսպաներենի տիրապետողների թիվը երկու անգամ ավել է ռուսերեն իմացողներից:

Տնտեսական տեսանկյունից ռուսերենի իմացությունը կնպաստի դեպի Ռուսաստան արտագնա աշխատանքի գնացողների քանակի ավելացմանը: Սակայն, դա հանգեցնում է դեմոգրաֆիական խնդիրներին: Ավելին, դա կխորացնի աշխատանքային միգրացիայի ռուսական ուղղության մոնոպոլիզացիան:

Այնինչ, օգտակար կլիներ, եթե Ռուսաստանի փոխարեն աշխատանքային միգրանտների մի մասը գնար եվրոպական երկրներ: Այդ երկրներում հայաստանցիները կաշխատեին ավելի լավ պայմաններում, և այդ կերպ կնվազեր Հայաստանի տնտեսության կախվածությունը Ռուսաստանում տնտեսական ցնցումներից:


Վահե Ղուկասյան,
«Իրազեկ քաղաքացիների միավորում»


Կարդացեք նաև