Հ1-ը ԵԱՏՄ-ի բացահայտ համակրանք է քարոզում (զեկույց)

18.09.2017 | 15:12 | Եվրասիական միություն, Եվրասիական միություն

Սեպտեմբերի 8-ին ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության նիստի ընթացքում ընդունվել էր օրենսդրական նախաձեռնության կարգով «Հայաստանի Հանրապետության մասով Եվրասիական տնտեսական միության պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ» Աժ հայտարարության նախագիծ ներկայացնելու որոշումը։

Որոշման ընդունման պահից մինչև սեպտեմբերի 18-ը ՀՀ մամուլի մշտադիտարկումը ցույց է տալիս, որ օնլայն լրատվամիջոցներում ԵԱՏՄ-ից դուրս գալու նախագիծը բազմակողմանիորեն քննարկվում է և դարձել է ներքաղաքական կյանքի առաջնային հարցերից մեկը։ Այդուհանդերձ, «Իրազեկ քաղաքացիների միավորման» իրականացրած մեդիա մոնիտորինգի արդյունքները ցույց են տալիս, որ Հանրային հեռուստաընկերության լրատվական հաղորդման՝ «Օրակարգի», թողարկումների ընթացքում խնդիրը պատշաճ կերպով չի լուսաբանվել, իսկ չափավոր լուսաբանվել է բացառապես միակողմանի։

Դիտարկումներ

Սեպտեմբերի 8-ին, 10-ին, 12-ին, 13-ին և 17-ին Հանրային հեռուստաընկերության հիմնական լրատվական՝ «Օրակարգ» հաղորդման շրջանակներում ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին «Ելքի» նախագծի վերաբերյալ եղել են ուղղակի կամ անուղղակի անդրադարձեր: Բոլոր անդրադարձերը եղել են միակողմանի և ներկայացվել են նյութեր, ելույթներ ու ռեպորտաժներ, որոնք ընդգծում են նախաձեռնության հիմնազրկությունը: Որևէ հաղորդման մեջ չի ներկայացվել հակառակ տեսակետ կամ փաստարկ:

Սեպտեմբերի 8-ին և 11-ին ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու նախագծի դեմ հրապարակումները եղել են տողատակի տեքստի միջոցով:

Մանրամասն դիտարկումները և փաստերի հղումները կգտնեք մեր զեկույցում՝ այստեղ:

Եզրահանգումներ

Հ1-ի «Օրակարգի» եթերում խնդրո առարկա հարցի հետ կապված չկա բալանսավորված ու բազմակողմանի լուսաբանում։ Չի տրվում ԵԱՏՄ-ից դուրս գալու նախագծի դրդապատճառների կամ նախագծին կողմ որևէ փաստարկ: «Օրակարգի» եթերում գերիշխում է իշխող կուսակցության և այն քաղաքական ուժերի տեսակետների լուսաբանումը, որոնք համարում են, որ չկա այլընտրանք ԵԱՏՄ-ին։

Մշտադիտարկումից կարելի է փաստել, որ Հանրային հեռուստաընկերության եթերում բացահայտ համակրանք է տրվում ԵԱՏՄ-ին՝ բացառելով ցանկացած այլընտրանք:

 «Իրազեկ քաղաքացիների միավորում»
18.09.2017թ. Երևան


Կարդացեք նաև