200 միլիոն դոլարի պայմանգրով զենքերի մատակարարման ժամանակացույցը

19.09.2017 | 19:21 | Ռազմական համագործակցություն

Ինչպես հայտնի է, 2015 թվականի հունիսի 26-ին Երևանում ստորագրվեց «ՀՀ կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» հայ-ռուսական համաձայնագիրը, որով Հայաստանը պետք է Ռուսաստանից 200 միլիոն ԱՄՆ դոլարի զենք ու ռազմական նշանակության գույք գներ՝ դրա դիմաց վճարելով 10 տարվա ընթացքում:

Հայաստանին «ապառիկով» զենքի վաճառքի համաձայնագիրն ուժի մեջ մտավ միայն 2016 թվականի փետրվարին: Դրա սահմաններում գնված զենքը պետք է մատակարարվեր 2016 և 2017 թվականների ընթացքում:

Ու թեև, ինչպես նախկինում հայտնել էինք, նշված պայմանագրով մատակարարվելիք զինատեսակների մեծ մասը բավականին հին էր (80-ականների, 70-ականների և անգամ՝ 60-ականների տեխնոլոգիաներ), սակայն դրանով նախատեսված էր նաև համեմատաբար ժամանակակից (10-ից 20 տարվա) որոշ զինատեսակների մատակարարումը: Օրինակ, ТОС-1А «Солнцепек» ծանր հրանետները և «Смерч» համազարկային կրակի համակարգեը:

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» պարբերաբար ՀՀ ֆինանսների նախարարությունից հարցումներով ստանում է նշված համաձայնագրի սահմաններում Հայաստանի ունեցած վարկային պարտավորությունների չափը: Այդ չափը հավասար է Հայաստանին մատակարարված կամ արտադրական որոշակի ցիկլ անցած զենքերի ընդհանուր արժեքին:

Այսպիսով, ի պատասխան մեր հարցմանը պարզվեց, որ 2017 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ հայկական կողմի այդ պայմանագրով վարկային պարտավորությունների չափը կազմում է 40,7 միլիոն ԱՄՆ դոլար: Այլ կերպ ասած, պայմանագիրը ստորագրելուց ավելի քան երկու տարի անց հայկական կողմը ստացել է 200 միլիոն դոլարից ընդամենը ոչ ավել, քան 40,7 միլիոնի զենք ու ռազմական նշանակության այլ ապրանք (ընդհանուր ծավալի ոչ ավել, քան 20 տոկոսը):

Ինչպես երևում է գծապատկերից, 40 միլիոնի զենքի մեծ մասը (մոտ 30 միլիոն) մատակարարվել կամ արտադրվել է 2016-ի դեկտեմբերին: Մնացած 10 միլիոն դոլարի զենքը՝ մի քանի միլիոն դոլարանոց չափաբաժիններով մատակարարվել է այս տարվա հունվարին, մարտին, ապրիլին և հուլիսին:

Հայաստանին զենքի մատակարարման այս աստիճան դանդաղությունը անհասկանալի է, եթե հաշվի առնենք, թե Ռուսաստանն ինչպիսի արագությամբ է զենքերը մատակարարում Ադրբեջանին, Իրաքին, Սիրիային և ռազմական կոնֆլիկտներ ունեցող այլ երկրներին: Համենայնդեպս, համաձայն պայմանագրի՝ զենքի մնացած մասը (մոտ 160 միլիոն դոլարի) մատակարարելու համար մնացել է ընդամենը մի քանի ամիս (մինչ 2017թ. Դեկտեմբերի 31-ը):

Հ.Գ. նշենք, «Իսկանդեր» տակտիկական հրթիռները Ռուսաստանից ձեռք են բերվել այս պայմանագրից դուրս: Դրանց մասին ավելի մանրամասն կարող եք կարդալ այստեղ:

«Իրազեկ քաղաքացիների միավորում»


Կարդացեք նաև