Օտար լեզվի իմացության կապը Հայաստանի տնտեսության ու անկախության հետ

Տարիների ընթացքում ռուսաստանյան պաշտոնյաները Հայաստանին կոչ էին անում պաշտոնական կարգավիճակ տալ ռուսաց լեզվին: Վերջինը Ռուսաստանի Դաշնության պետական դումմայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինն էր, ով բացահայտ կերպով հայտարարեց, որ հայաստանցի վարորդները Ռուսաստանում խնդիրներ կունենան այնքան ժամանակ, քանի դեռ ռուսերենը Հայաստանում չունի կարգավիճակ:

Իսկ ահա բոլորովին վերջերս Հայաստանի կառավարությունը մշակել է դպրոցներում ռուսաց լեզվի դասընթացները խորացնելու հայեցակարգ: Փորձենք հասկանալ, թե որքանո՞վ է դա հիմնավոր և ու՞մ է շահավետ:

Իրավիճակը

Աշխարհում ամենատարածված լեզուն անգլերենն է: Դրան հաջորդում են չինարենը, ապա իսպաներենը և արաբերենը: Ռուսերենը ցուցակում 7-րդն է: Ավելին, նշենք, որ համաշխարհային տնտեսության 30 տոկոսը անգլերեն իմացող բնակչությունն է ապահովում, իսկ ռուսալեզու բնակչությունը ապահովում է մոտ 10 անգամ ավելի քիչ ՀՆԱ: Համացանցում կայքերի 51,3 տոկոսը անգլերեն է, 6,7 տոկոսը՝ ռուսերեն:

Հայաստանի բնակչության ընդամենը չնչին տոկոսի մայրենի լեզուն է ռուսերենը, ինչի արդյունքում ռուսերենին կարգավիճակ տալու հիմքերը բացակայում են: Անգամ եզդիերենը մայրենի լեզու համարողների թիվը 3 անգամ ավել է, քան ռուսերենինը: Արդ, եթե Հայաստանում պետք է լինի երկրորդ պետական լեզու, ապա ավելի շուտ դա կլինի եզդիերենը և ոչ ռուսերենը:

Արդյունքում, Հայասատանը Եվրասիական տնտեսական միության միակ երկիրն է, որտեղ ռուսերենը չունի պետական որևէ կարգավիճակ: Հայաստանյան դպրոցներում ռուսերենը ավելի խորացված է ուսումնասիրվում, քան անգլերենը: Արդյունքում հայաստանցիների 94 տոկոսը տիրապետում է տարրական ռուսերենի և ընդամենը 40 տոկոսը՝ տարրական անգլերենի:

Հայաստանի դպրոցներում ռուսաց լեզվի դասընթացները խորացնելու հայեցակարգը, բնականաբար, էլ ավելի կխորացնի ռուսերենի՝ որպես երկրորդ լեզվի իմացության մակարդակը:

Ձեռնտու չի Հայաստանին

Գաղտնիք չէ, որ բնակչության կողմից այս կամ այն լեզվի իմացությունը որոշիչ դեր է խաղում տնտեսության և աշխատաշուկայի զարգացման ուղղության հարցում: Դա առավել շոշափելի է աշխատանքային միգրացիայի հարցում, երբ մարդիկ արտագնա աշխատանքների են մեկնում այն երկրներ, որտեղ կարող են աշխատել իրենց իմացած լեզուներով:

Ինչը շատ ցայտուն երևում է Հայաստանի պարագայում (և օրինակով): Հայաստանցիները առավելապես արտագնա աշխատանքի են գնում Ռուսատան և Ուկրաինա, բայց շատ քիչ է աշխատանքային միգրացիան դեպի Լեհաստան, որտեղ անհամեմատ ավելի լավ պայմաններ են աշխատանքի համար (բարձր աշխատավարձ, աշխատանքային իրավունքներ և այլն), այնինչ Լեհաստանը բավականին միջոցներ է ձեռք առնում Հայաստանից աշխատողներ հրավիրելու համար (պետական քաղաքականության մակարդակով): Եվ այս երևույթի պատճառը բացառապես այն է, որ Լեհաստանում գրեթե  չեն տիրապետում ռուսերենին, իսկ Հայաստանի աշխատանքային միգրանտները գրեթե չեն տիրապետում անգլերենին: Նույն պնդումը կիրառելի է նաև դեպի Պարսից ծոցի երկրներ Հայաստանից աշխատանքային միգրանտների սակավության մասով:

Այլ կերպ ասած, Հայաստանից աշխատանքային միգրանտները ստիպված գնում են Ռուսաստան, ուր գերակշռապես աշխատում են առանց իրավունքների և ոչ բարձր աշխատավարձերով, քանի որ ավելի լավ աշխատաշուկաների լեզուներին չեն տիրապետում:

Անգլերենի, արաբերենի և մի շարք այլ լեզուներին տիրապետելու դեպքում հայաստանցի աշխատանքային միգրանտները կկարողանային զգալիորեն ավելի լավ արտագնա աշխատանք գտնել, ունենալ պաշտպանված աշխատանքային իրավունքներ և ավելի լավ աշխատավարձ: Սակայն հայաստանցիների ընդամենը 16 տոկոսն է անգլերեն խոսում գոնե միջին մակարդակի: Այդ 16 տոկոսը գերակշռապես Հայաստանում էլ է ապահովված լավ աշխատանքով:

Ավելին, հարկ է նկատել, որ Հայաստանում անգլերենի իմացության զարգացումը կհեշտացնի անգլերենի տարածմամբ երկրների հետ տնտեսական կապերի զարգացումը: Իսկ դրանք տասնյակ ավելի մեծ շուկաներ են, քան ռուսախոսներինը:  Եվ անգամ այս պայմաններում Հայաստանից արտահանման ընդամնեը 30 տոկոսն է գնում դեպի այնպիսի երկրներ, ուր ռուսերենը գերակշռում է անգլերենին:

Ձեռնտու է Ռուսաստանին

Այս իրավիճակը ձեռնտու է Ռուսաստանին միանգամից երկու պատճառով: Նախ, քանի դեռ Հայաստանի բնակչության հիմնական մասը բացի ռուսերենից այլ օտար լեզվի չի տիրապետում, Ռուսաստանը լինելու է մեր հիմնական աշխատանքային միգրացիայի ուղղությունը: Եվ ինչպես ցանկացած այլ մեծ տնտեսություն, Ռուսաստանը ևս ունի աշխատանքային միգրանտներ ընդունելու կարիք: Իսկ հայաստանցի աշխատանքային միգրանտները ունեն բազմաթիվ առավելություններ այլ երկրներից ժամանածների համեմատ (կրթվածություն, ահաբեկչական վտանգի բացակայություն և այլն):

Սակայն, Ռուսաստանը ոչ միայն տնտեսական շահով է առաջնորդվում: Քանի դեռ Ռուսաստանում աշխատում են հարյուր-հազարավոր Հայաստանի քաղաքացիներ, որոնք պարբերաբար գումար են ուղարկում հայրենիք, պաշտոնական Երևանը չի կարող վարել Մոսկվայից ամբողջությամբ անկախ քաղաքականություն:  Հայաստանում միշտ կվախենանք, որ Կրեմլի համար անցանկալի քայլերի դեպքում Ռուսաստանում հայաստանցի աշխատանքային միգրանտների համար կարող են լրացուցիչ խնդիրներ ստեղծվել (ինչը նաև կհարվածի Հայաստանի տնտեսությանը): Աշխատանքային միգրացիայի ռուսաստանյան ուղղության մոնոպոլիան ապահովում է Ռուսաստանից Հայաստանի կախվածության որոշակի աստիճան:

Այլ կերպ ասած, եթե Հայաստանի բնակչությունը սկսի ռուսերենի չափ տիրապետել անգլերենի կամ թեկուզ արաբերենի, ապա մեր աշխատանքային միգրանտները կգնան դեպի այլ աշխատաշուկաներ, ինչը որոշակի վնաս կհասցնի Ռուսաստանի տնտեսությանը և էապես կնվազեցնի Ռուսաստանից Հայաստանի կախվածության աստիճանը:

Ավելին, եթե Հայաստանում նվազի ռուսերենի իմացությունը, ապա այստեղ կնվազի նաև ռուսական քարոզչության ազդեցությունը, ինչը հասկանալի պատճառներով ևս ձեռնտու չէ Կրեմլին:

Դանիել Իոաննիսյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Առնչվող