«Տեղեկատվության ազատության մասին» նոր օրենքի մշակումը հարուցել է քաղհասարակության ներկայացուցիչների մտահոգությունը

27.09.2017 | 11:02 | Մամուլը մեր մասին

Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները հուսով են, որ հեղինակները կհրաժարվեն «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի մտահոգիչ փոփոխություններից:

Հասարակական կազմակերությունների տրամադրության տակ հայտնված օրենքի նախագծի տարբերակներից մեկի համաձայն, պետական ու տեղեկան ինքնակառավարման մարմինների ու պաշտոնյաների մասին տեղեկատվության տրամադրումը կարող է մերժվել, եթե «ակնհայտորեն չի պարունակում հանրային հետաքրքրություն»։ Նաև՝ «եթե պահանջվող տեղեկության ծավալը շատ մեծ է, և դրա տրամադրումն կհանգեցնի տեղեկություն տնօրինողի ռեսուրսների կամ ժամանակի անհամաչափ կամ անհիմն վատնման»:

«Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը զարմացած է՝ արդյո՞ք պետական մարմնի գործառույթն է որոշել, թե որ տեղեկությունն է հանրային հետաքրքրություն ներկայացնում, որը՝ ոչ․ – «Եթե մենք հարցնենք ինչ-որ տեղեկություններ, որոնք կարող են ցավալի լինել իշխանությունների համար, ապա իշխանությունները կարող են ասել, որ գիտեք, մենք կարծում ենք, որ սա հանրային հետաքրքրություն ներկայացնող հարց չէ: Դե գնա ու ապացուցի, որ դա հանրային հետաքրքրություն ներկայացնում է․․․ ո՞նց պետք է ապացուցես: Էդ վեճը ո՞նց պետք ա լինի, ես չեմ պատկերացնում: Մի մեշոկ փող ծախսենք, սոցհարցում պատվիրենք, որ սոցհարցումը մի քանի ամիս հետո ասի, որ հանրության էսքան տոկոսը հետաքրքրված ա»:

Իոաննիսյանը ևս մեկ մտահոգիչ կետ է առանձնացնում․ հարցմանը կարող են չպատասխանել 50-ից քիչ աշխատակից ունեցող հիմնարկները: Նա կարծում է, որ եթե առաջարկվող փոփոխությունները կյանքի կոչվեն, կսահմանափակվեն հետաքննություն անելու հնարավորությունները․ – «Գրադարաններ, դպրոցներ, մանկապարտեզներ, մեծ մասը ունեն 50-ից քիչ աշխատող: Հիմա ինձ հետաքրքրում ա՝ էս կոնկրետ դպրոցը ինչքան գումար ա ծախսել էսինչ բանի վրա: Էդ գումարները մեր վճարած հարկերից ա գնում, պետական բյուջեից ա գնում»:

«Տեղեկատվության ազատության մասին» օրենքը գործում է արդեն 14 տարի։ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ղեկավար Աշոտ Մելիքյանը նոր մշակումները, գործող օրենքի հետ համեմատած, հետընթաց է համարում։ Նոր օրենքի կարիք չի տեսնում: Նրա կարծիքով, տեխնոլոգիական զարգացումներով պայմանավորված, կարելի էր ընդամենը որոշ փոփոխություններ անել։

Հասարակական կազմակերպությունները, Մելիքյանի խոսքով, բոլոր օրինական քայլերով հակազդելու են նախագծի ընդունմանը․ – «Պետական չինովնիկը փաստորեն ինքնուրույն, սուբյեկտիվորեն պետք է որոշի՝ դա հանրային նշանակություն ունի՞, թե՞ չէ: Մինչդեռ օրենքի մեխը կայանում է նրանում, որ դրանով օգտվում է յուրաքանչյուր ոք, յուրաքանչյուր քաղաքացի կարող է պետական մարմիններին տեղեկություն հայցի, ընդ որում՝ ոչ միայն հանրային նշանակության, այլև իր անձի վերաբերյալ: Մենք մնում ենք այն կարծիքին, որ իշխանությունները նախաձեռնել են այս «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը երևի թե այլ՝ քաղաքական նպատակների համար»:

Քաղհասարակության ներկայացուցիչների խոսքով, անցած շաբաթավերջին քննարկել են «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի նախագիծը: Քննարկմանը մասնակցել է նաև Արդարադատության նախարարության ներկայացուցիչը, որը, Իրազեկ քաղաքացիների միավորման ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի խոսքով, հավաստիացրել է, որ նոր օրենքը մշակել է իրենց նախարարությունը:

Արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանն «Ազատության» եթերում այսօր հայտարարեց,թե օրենքի սևագիր տարբերակն է քննարկվել, ինչը Քրմոյանի կարծիքով, անթույլատրելի էր․ – «Այն դրույթները, որոնք որ վիճարկվում են, Արդարադատության նախարարությունը պաշտոնապես որևէ քննարկման չի ներկայացրել: Եթե մենք նպատակահարմար գտնենք նմանատիպ կարգավորումներ սահմանել, մենք հստակ կներկայացնենք մեր գործընկերներին, այդ ժամանակ կպատասխանենք քննադատությանը»:

Քրմոյանը պնդում է, որ տեղեկատվություն չտրամադրելու խնդիր իրենք չեն դրել․ – «Տեղեկատվության ազատության իրավունքը ամրագրված է Սահմանադրությունով: Օրենքով հնարավոր չէ սահմանափակել այդ իրավունքը: Եվ այն սահմանափակումները, որոնք տեսականորեն կարող են օրենքով կիրառվել, կարող են կիրառվել միայն սահմանադրական նորմերի շրջանակում: Սա հստակ է: Այսինքն, հիմնական խաղի կանոնները սահմանվել են Սահմանադրությամբ, և քննադատողները պետք է առնվազն դիտարկեն, թե արդյոք իրավական առումով հնարավոր է շչջանցել Սահմանադրությունը»:

Արդարադատության փոխնախարարի խոսքով՝ «Տեղեկատվության ազատության մասին» նոր օրենքի նախագծի պաշտոնական տարբերակը կներկայացնի մինչև տարեվերջ: Խոստացավ, որ կկազմակերվեն նաև հանրային լսումներ:

«Ազատություն»


Կարդացեք նաև